Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայի հետին խելքը

Հունիս 08,2002 00:00

Հայի հետին խելքը Այսօր Ալբերտ Բազեյանը պաշտպանում է այն նախաձեռնությունը, որը նաեւ իր ջանքերով տապալվեց 1998-1999-ին։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Հայաստանի Սահմանադրական դատարան դիմելու որոշման նախագծում կան հիմնավորումներ, որոնք ապացուցում են, թե ներկա նախագահն իր պաշտոնավարման ընթացքում իր գործողություններով պարբերաբար է խախտել Սահմանադրության պահանջները։ Այդ հիմնավորումները նշվել էին նաեւ նախորդ Ազգային ժողովում Դավիթ Շահնազարյանի համանման նախաձեռնության մեջ, որի կողմնակիցները դարձան 37 պատգամավորներ։ Այն է՝ «Ռոբերտ Քոչարյանը 1998 թ. արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ խախտել է ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, համաձայն որի Հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ վերջին 10 տարում հանրապետությունում մշտապես բնակվող անձը։ Մինչդեռ Ռ. Քոչարյանն արտահերթ ընտրություններին նախորդող 10 տարիների ընթացքում չի հանդիսացել ՀՀ քաղաքացի եւ չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում»։ Այս հիմնավորմամբ պաշտոնանկման գործընթացն 1999-ին ձախողվեց եւ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի «շնորհիվ», որն օրենքը խախտելով՝ այդ հարցը չդրեց քվեարկության (պատմությունը կրկնվելու հատկություն ունի), բայց տապալման մեջ իր մեծ դերակատարությունն ունեցավ նաեւ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, որն այժմ՝ արդեն որպես «Հանրապետություն» կուսակցության նախագահ, պաշտպանում է այս հիմքով եւս Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությունը։ Թեեւ (առավել եւս Արցախի համար կռված երկրապահի պարագայում) անհասկանալի է, որ մեկ անձի պատճառով կարելի է համաձայնել, թե Արցախը Հայաստան չէ՝ որքան էլ այս առումով այժմ տիրում է ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական խառնաշփոթ։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս է Ալբերտ Բազեյանը պատճառաբանում իր նախկին եւ ներկա դիրքորոշումների տարբերությունը. չի՞ ափսոսում 1998-ի նախաձեռնության հանդեպ իր գործելակերպի համար. «Սրանք քաղաքական գործընթացներ են, որոնք, կարծում եմ, անձնավորելը նպատակահարմար չէ։ Դա քաղաքական դիրքորոշում էր։ Եվ Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական խախտումները դեռեւս այդքան ակնհայտ չէին։ Ընդամենը նրա Հայաստանի քաղաքացի լինել-չլինելու հարցն էր քննարկվում, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանը տվյալ ժամանակահատվածում արդեն տվել էր եզրակացություն, եւ Քոչարյանն առաջադրվեց այդ հիմքի վրա»։ Ակնհայտորեն պրն Բազեյանն ինչ-որ բան շփոթում է. ՍԴ-ի նման եզրակացություն չի եղել։ Եղել է միայն ինչ-որ անստորագիր տեղեկանք՝ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման սահմանադրականության վերաբերյալ, որն իբր կազմել էին իրավաբաններ։ Իսկ ՍԴ-ն նույնիսկ քննության չի առել նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի դիմումը՝ Քոչարյանի առաջադրման հակասահմանադրականության վերաբերյալ։ Ալբերտ Բազեյանը մատնանշեց նախագահի պաշտոնանկման անհրաժեշտության մի քանի այլ հին հիմնավորումներ եւս, որոնք, ի դեպ, նույնությամբ տեղ են գտել նաեւ որոշման նոր նախագծում. «Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը երկու օրինախախտում էր արել, այսինքն՝ չէր հրավիրել արտահերթ նստաշրջան պատգամավորների 1/3-ի նախաձեռնության առկայության պայմաններում եւ հետաձգել էր որոշ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Բայց կար նաեւ քաղաքական հիմնավոր պատճառ։ Եթե մի քանի ամիս առաջ պաշտպանել էինք տվյալ նախագահի թեկնածությունը, ապա մի քանի ամիս հետո նրա դեմ դուրս գալն ու պաշտոնանկության գործընթաց սկսելը որեւէ տրամաբանության մեջ չէր տեղավորվում։ Մենք քննարկեցինք խնդիրը 1998-ի աշնանը։ Ընդ որում, այդ քննարկումներին ակտիվորեն մասնակցեց նաեւ Վազգեն Սարգսյանը։ Արդեն դժգոհություններ ունեինք Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությունից։ Եվ մոտեցումը մեկն էր. հարկավոր է փորձել ԱԺ ընտրություններում ձեւավորել մեծամասնություն եւ ստանձնել պատասխանատվություն երկրի ճակատագրի համար։ Ինչը եւ արեցինք՝ ՀԺԿ-ի հետ միասին։ Իսկ մեր այսօրվա դիրքորոշումները՝ նախագահ Քոչարյանի գործելակերպի եւ քաղաքականության վերաբերյալ, մեծապես պայմանավորված են նաեւ 1999 թ. «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությամբ»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել