Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՆԱԽԱԳԱՀՆ Է

Հունիս 08,2002 00:00

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՆԱԽԱԳԱՀՆ Է Եթե ԱԺ նախագահը՝ խախտելով ՀՀ կանոնակարգ-օրենքը երկուշաբթի որպես օրակարգ մտած հարց չհայտարարի նաեւ Ղուկաս Ուլիխանյանի ներկայացրած նախագիծը, ապա պատգամավորներն իրավունք կունենան ստորագրություններով դիմել ՀՀ Գլխավոր դատախազություն, Արմեն Խաչատրյանին Քրօրենսգրքի 182 հոդվածով («Պաշտոնական դիրքի չարաշահում») դատապարտելու համար։ Հիշեցնենք Արմեն Խաչատրյանին, որ այս հոդվածը նախատեսում է մինչեւ երեք տարի ազատազրկում եւ աշխատավարձի 40-60-պատիկի պահում։ Երեկ եռօրյայից առաջ տեղի ունեցող օրակարգային խորհրդակցության ժամանակ Արմեն Խաչատրյանի վիճակը համաչափ ծանր է եղել։ Փոխխոսնակներից Տիգրան Թորոսյանը խիստ «խելոք» է վարվել՝ ճիշտ խորհրդակցության ժամին ընդունելով չինական պատվիրակությանը, իսկ Գագիկ Ասլանյանը նախագահամետների թեւից եղել է հենց այն Մատրոսովը, որը չի էլ թաքցրել, որ խանգարելու է հարցի քննարկումը։ Թեպետ պրն Ասլանյանը որեւէ լուրջ ապացույց չկարողացավ ներկայացնել, թե հատկապես ո՞ր օրենքի ո՞ր կետի համաձայն է խանգարելու։ Ըստ Գագիկ Ասլանյանի՝ խախտվում է տրամաբանությունը։ Մեր կարծիքով, պետք չէ տրամաբանություն փնտրել այնտեղ, որտեղ պարզապես պետք է կիրառել օրենքը։ Պրն Ասլանյանն ընդամենը կարողացավ ասել. «Ես գտնում եմ, որ այդ նախագծում որեւէ հիմք չկա, այսինքն, ես գտնում եմ, որ չի կարելի որեւէ եզրակացության հիման վրա այլ եզրակացությամբ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ 22 հոդվածի 4-րդ կետի ամբողջ տրամաբանությունը դա է, որ ժամանակավոր հանձնաժողովը եթե որեւէ եզրակացություն է անում, այդ եզրակացության հիման վրա եթե օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է գալիս որեւէ պատգամավոր, այն առանց քննարկման մտնում է օրակարգ։ Այսինքն՝ հստակ պիտի լինի եզրակացությունը, թե չէ ցանկացած նախաձեռնությամբ կարող է հանդես գալ որեւէ պատգամավոր՝ հղում կատարելով ժամանակավոր հանձնաժողովին»։ Մեզ այլ բան չի մնում, քան հաստատել Գագիկ Ասլանյանի ասածը՝ այո, այդպես է, ցանկացած պատգամավոր կարող է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, եւ խորհրդարանը պետք է այն քննարկելուց հետո մերժի կամ հաստատի։ Ինչը եւ արեցին Ղուկաս Ուլիխանյանը եւ մյուսները, եւ ինչի օրինական շարունակությունը պարտավոր է կատարել ԱԺ նախագահը եւ խորհրդարանը։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունից Ալեքսան Կարապետյանը օրակարգային խորհրդակցության ժամանակ կրկին ընթերցել է նաեւ իր ստորագրած նախագիծը, ԱԺ կանոնակարգ-օրենքը եւ բացատրել է իր գործընկերներին, որ հարցը քննարկման առիթ չի կարող դառնալ, այլ՝ ԱԺ նախագահը հարցը պետք է ավտոմատ մտցնի օրակարգ. «Նաեւ կոչ արեցի, որ եթե ինչ-որ կասկած կա ՀՀ նախագահի վերաբերյալ, դրա քննարկումն արգելելը կարող է ավելի լուրջ հետեւանքների հանգեցնել, ավելի լուրջ կասկածների առիթ կարող է դառնալ։ Ավելի ճիշտ կլինի քննարկել հարցը. կողմերն իրենց ասելիքն ասեն»։ Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը չի զլացել կրկնել, որ ինքը կտրականապես դեմ է հարցի քննարկմանը։ Ի պատիվ Արմեն Խաչատրյանի՝ պետք է նշենք, որ նա առայժմ ձեռնպահ է մնացել միանշանակ «ոչ» ասելուց եւ հայտարարել, թե հարցը ԱԺ նախագահի իրավասության շրջանակում է եւ ինքը որոշում կկայացնի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե Արմեն Խաչատրյանի վրա սնդիկի սյունը որ կողմից կճնշի։ Թեպետ Արմեն Խաչատրյանին ճանաչողները պնդում են, որ նա խիստ անկանխատեսելի է, եւ որոշակի պահերի նույնիսկ սեփական կինը չի իմանում, թե ինչ է անելու։ Ընդունենք՝ Արմեն Խաչատրյանը կանխատեսելի է եւ հարցը չի մտցնում օրակարգ։ Ի՞նչ է ստանում փոխարենը՝ ոչինչ ավելին, քան ունի՝ ավտոմեքենան, աթոռը եւ ուրիշ ոչինչ։ Որեւէ լծակ ԱԺ խոսնակը չունի, եւ խիստ կասկածում ենք, թե նա նույնիսկ իր մոտիկ ազգականին կարող է գործի նշանակել։ Իսկ եթե անկանխատեսելի է ու հարցը մտցնում է օրակարգ, նրան կծափահարի խորհրդարանի ընդդիմադիր մասը, խորհրդարանի մոտ հավաքված բազմությունը, բոլոր նրանք, ովքեր կողմ են նախագահի անվան հետ կապված կասկածների փարատմանը կամ հաստատմանը։ Հնարավոր է, պրն խոսնակը կկորցնի ավտոմեքենան եւ աթոռը, բաներ, որ միեւնույն է, մեկ տարի անց հաստատ կորցնելու է, բայց փոխարենը որոշ շանս է ունենում խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Թողնենք Արմեն Խաչատրյանին հանգիստ, մանավանդ, չի բացառվում նաեւ, որ վերջինս կարող է երկուշաբթի ինչ-որ անսպասելի թռիչք ունենալ։ Եթե այդպես լինի՝ խոսնակի պարտականությունները պետք է կատարի փոխխոսնակներից մեկը։ Ալեքսան Կարապետյանն այդ մասին երեկ ասաց. «ԱԺ-ի նախագահի տեղակալ Ասլանյան Գագիկն անպայման հարցը չի դնի օրակարգ, ես դրանում համոզվեցի։ Նա կատեգորիկ չի դնի։ Թորոսյան Տիգրանի վրա կասկածում եմ, բայց Գագիկ Ասլանյանը հաստատ չի դնի։ Նա այսօր ապացուցեց այդ»։ Կարապետյանը գտնում է, որ եթե ոմանք սիրում եւ հարգում են ՀՀ նախագահին, թող զինվեն ապացույցներով եւ, դրանք ներկայացնելով, թույլ չտան վարկաբեկել նախագահին. «Բայց չի կարելի արջի ծառայություն անել, կամ ջայլամի նման գլուխը կոխել ավազի մեջ՝ իբր ոչինչ չի կատարվում։ Եթե պաշտպանում եք, իրոք թիկունքով պաշտպանեք, ոչ թե ձեւի համար»։ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Թադեւոսյանը հաստատեց, որ հարցը միանշանակ բխում է կանոնակարգի 22 հոդվածի 4-րդ կետից եւ նաեւ «27»-ի հանձնաժողովի եզրակացությունից եւ միանշանակ՝ արտահերթ եւ առանց քննարկման պիտի մտնի եռօրյայի օրակարգ։ ՀԿԿ խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը առաջարկել է հարցը քննել, այն համարելով բոլոր քաղաքական գործիչների բարոյական պարտքը։ Իսկ ի՞նչ է կատարվել, ինչո՞ւ է այս ամբողջ իրարանցումը։ Լոկ այն պատճառով, որ «27»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ նշված է. «Հոկտեմբերի 27-ը վտանգեց ՀՀ անվտանգությունը, եւ հանձնաժողովն արձանագրում է, որ օրենսդիր մարմնի շենքում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող էր կանխվել, եթե իրենց պարտականությունները լիարժեք եւ հստակ կատարեին պետության անվտանգությունն ապահովող մարմինները»։ Իսկ ով է այդ մարմինը, եթե ոչ՝ ՀՀ նախագահը։ Ալեքսան Կարապետյանը գտնում է, որ եթե իրենք սխալ են, նախագահական կողմը կարող է օգտվել առիթից. «Օգտվեք առիթից, դրեք՝ մեզ ջարդեք»։ Իսկ ըստ իս՝ այդ «ջարդելու» լավագույն ձեւն այն կլինի, որ հանրապետության նախագահը եթե իրեն իրոք անմեղ է կարծում, գա ԱԺ եւ ելույթ ունենա երկրի օրենսդիր մարմնի առաջ։ Ասելիքն ասի եւ թույլ տա, որ քննարկումներն ընթանան։ Սա թերեւս կլինի երկրի թիվ մեկ դեմքի, իր ասելով՝ թիվ մեկ տղամարդու, պահվածք։ Երկրի անվտանգության երաշխավորը բոլորիս անվտանգության երաշխավորն է, նաեւ, ասենք, Արշակ Սադոյանի եւ Թռչունիչի, եւ իրավունք չունի մտածել՝ սրանք ո՞վ են, որ իրենց ասածն անցնի։ Սպասենք մինչեւ երկուշաբթի. «ճպՎ փպՐՑ վպ ՔցՑՌՑ!»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930