Լրահոս
Օրվա լրահոսը

Թռիչքների անվտանգությունը՝ պետական խնդիր

Հունիս 08,2002 00:00

Թռիչքների անվտանգությունը՝ պետական խնդիր Ավիացիայի բնագավառի մասին խոսելով հաճախ՝ մոռանում ենք աերոնավիգացիայի մասին։ Ավիաընկերությունների կողմից իրականացվող օդային փոխադրումները, օդանավակայանային գործունեությունը եւ օդային երթեւեկության կազմակերպման գործունեությունը այն երեք հիմնարար ուղղություններն են, որոնք կազմում են քաղաքացիական ավիացիայի բնագավառը։ Թռիչքների անվտանգությունն ու էֆեկտիվությունը ապահովելու նպատակով եւ միջազգային փորձից ելնելով, 1997թ. վերջին Հայաստանում հիմնվեց «Հայաերոնավիգացիա» ընկերությունը։ Ընկերության հիմնումից հետո այն ապահովվեց ժամանակակից տեխնիկական բազայով՝ երթեւեկության կառավարման նոր կենտրոնի, երկու անկախ ռադիոլոկացիոն կայանների համատեղ շահագործման ու հարեւան երկրների համապատասխան կենտրոնների հետ արբանյակային կապի համակարգի տեղադրման շնորհիվ։ Այսօր ընկերությունը փորձում է սկսել գործունեության բարդ փուլ, որի նպատակը բնագավառում քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) ստանդարտների ներդրումն է, օդային երթեւեկության կազմակերպման միասնական եվրոպական համակարգի մեջ ընդգրկվելը։ Դրան է նպատակաուղղված նաեւ Աերոնավիգացիայի Եվրոպական կազմակերպությանը Հայաստանի նախատեսվող անդամակցությունը։ Վերջերս «Զվարթնոց» օդանավակայանի շուրջ ստեղծված աղմուկի մեջ հարց բարձրացվեց աերոդրոմի մասին։ «Զվարթնոց» աերոդրոմի ICAO-ի երկրորդ կարգախմբով աշխատելու հավաստագրի 4 ամսով կասեցումը պայմանավորված էր ստուգաչափման ավելի խիստ պահանջների կիրառմամբ։ Արդիական սարքավորումներով հագեցված օդանավ-լաբորատորիայի թռափորձարկումները ցույց տվեցին, որ գործող վայրիջման համակարգի աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ միջոցառումներ։ Այդ միջոցառումներն են՝ տարածքի հարթեցում, հատուկ ռադիոանդրադարձիչների տեղադրում, տարածքին հարող շինությունների թույլատրելի բարձրությունների վերագնահատում եւ այլն։ Այս միջոցառումների համար պահանջվեց մոտ 4 ամիս։ Այս մասին մեզ տեղեկացրեց «Հայաերոնավիգացիայի» տնօրեն Է. Մուսոյանը։ Այդ ընթացքում, պարզվում է, պահուստային օդանավակայաններից օգտվել է տասնմեկ ինքնաթիռ, սակայն դրանցից միայն Սամարա-Երեւան չվերթի ինքնաթիռն է, որ ICAO-ի 2-րդ կարգախմբի բացակայության պատճառով վայրէջք է կատարել Մինվոդիի պահուստային օդանավակայանում։ Մնացած դեպքերում «Զվարթնոց» օդանավակայանում եղանակի վատ տեսանելիությունն է պատճառ հանդիսացել։ «Հայաերոնավիգացիա» ընկերության գործունեության տնտեսական էֆեկտիվությունը էապես կախված է Հայաստանի օդային տարածքով իրականացվող տարանցիկ չվերթերի քանակից՝ Եվրոպայից Ասիա եւ Մերձավոր Արեւելքից դեպի ԱՊՀ ու Եվրոպա ուղղություններով։ Ունենալով աշխարհագրորեն շահավետ դիրք, Հայաստանը հնարավորություն ունի դառնալու այդ չվերթերի իրականացման առանցքային երկրներից մեկը։ Միաժամանակ, ֆիզիկական փոքր չափերի պատճառով հնարավորություն կա այդ թռիչքներն իրականացնելիս շրջանցել Հայաստանը։ Նոր ֆինանսական հասույթների ու տարածաշրջանային մրցունակության ապահովման համար էական նշանակություն ունի, թե որքանով կհաջողվի փոխհամաձայնեցված գործողություններ իրականացնել անմիջական հարեւան երկրների հետ՝ նոր միջազգային օդային մայրուղիների ներդրման հարցում։ Այս խնդրի իրականացման գործում երբեմն լուրջ խոչընդոտներ են առաջանում հատկապես Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում։ Իսկ այս խոչընդոտները հնարավոր կլինի միայն լուծել պետության ու քաղաքացիական ավիացիայի բնագավառի պատասխանատուների աջակցության դեպքում։ Ըստ պրն Մուսոյանի, Հայաստանի օդային տարածքի ամենաերկար մայրուղին 300 կմ է (20 րոպե թռիչք), իսկ, օրինակ, Ադրբեջանինը երեք անգամ ավելի մեծ է։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930