Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԵՎ ՃՈՐՏԱՏԵՐ ԵՆ

Հունիս 08,2002 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԵՎ ՃՈՐՏԱՏԵՐ ԵՆ Իսկ ճորտերն այսօր ՀՀ քաղաքացիներ են ՀՀ կառավարության 2002-ի մայիսի 15-ի որոշումից՝ «Երեւանի «Զվարթնոց» օդակայանի վերակառուցման ու ընդարձակման ծրագրի իրականացման միջոցառումների մասին», պարզ է դառնում, որ ՀՀ իշխանությունները արգենտինահայ Է.Էրնեկյանի կառավարմանն են հանձնել ոչ միայն Երեւանի «Զվարթնոց» օդակայանը, այլեւ դրան հարող անշարժ գույքը՝ հողամասերով, շենքերով, շինություններով հանդերձ: Մնում է, որ Հայաստանում սեփականաշնորհվեն կամ այլոց կառավարմանը հանձնվեն նաեւ ՀՀ քաղաքացիները՝ իրենց անշարժ գույքով հանդերձ: Թեեւ դատելով կառավարության հիշյալ որոշման բովանդակությունից եւ դրա արդյունքում այսօր արդեն տեղի ունեցող զարգացումներից, կարելի է պնդել, որ հենց նման մի գործընթաց արդեն սկսված է: Իշխանությունները մի շատ անհեթեթ գործընթացի նախադեպ են ստեղծում, որն անթույլատրելի է: Բայց ամեն ինչ հերթով: «Զվարթնոց» օդակայանի կառավարու մը անորոշ ժամանակով «Կորպորասիոն Ամերիկա»-ին հանձնելու մասին ՀՀ կառավարության եւ Է.Էրնեկյանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, որն, ի դեպ, վավերացվեց մեր օրենսդիր մարմնում, մի դրույթ կա, որով ՀՀ կառավարությունը պարտավորվում է ըստ ամենայնի աջակցել Էրնեկյանին եւ եթե «գործը» պահանջում է՝ օդակայանին հարող տարածքներն ու անշարժ գույքը եւս հանձնել նրա տնօրինությանը: Այսօր պայմանագրի այդ դրույթն արդեն կյանքի է կոչվում ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ եւ վարչապետ Ա.Մարգարյանի պատասխանատվությամբ: Իսկ որոշման մեջ մասնավորապես ասված է. «1. Սահմանել Երեւանի «Զվարթնոց» օդակայանի տարածքին հարող՝ պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտին Արմավիրի մարզի Մուսալեռի, Արեւաշատի, Փարաքարի եւ Արարատի մարզի Արբաթի, Գեղանիստի, Արգավանդի գյուղական համայնքների վարչական սահմաններում՝ համաձայն հատակագծի»: Որոշման երկրորդ կետով Արմավիրի եւ Արարատի մարզպետներին հանձնարարվել է օտարման գոտում՝ հիշատակված գյուղերում, գտնվող անշարժ գույքի բոլոր սեփականատերերին եւ օգտագործողներին սահմանված կարգով հայտարարել պետության կարիքների համար օտարման գոտու եւ նրանց գույքը վերցնելու մասին, եւ ապահովել օտարման գոտու սահմանափակումների պետական գրանցումը եւ այլն: Նույն որոշման մեկ այլ կետով անշարժ գույքի գնահատման աշխատանքները կազմակերպելու եւ իրականացնելու են լիցենզավորված կազմակերպությունները: Հիմա փորձենք սույն «հրաշքը», որ իշխանությունները թյուրիմացաբար որակում են «պետության կարիքների համար անհրաժեշտ» գործընթաց, ինչը կոնկրետ դեպքում շատ հարաբերական է, թարգմանել ավելի «պոպուլյար» լեզվով՝ ընդամենն արձանագրելով, որ իշխող ռեժիմը թքած ունի ՀՀ Սահմանադրության առանձին դրույթների վրա՝ մասնավորապես եւ երկրի հիմնական օրենքի վրա՝ ընդհանրապես: Իսկ ՀՀ Սահմանադրության հոդված 28-ը հստակ է արձանագրում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի «ունի սեփականության եւ ժառանգման իրավունք», որ մարդուն իր «սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը՝ օրենքով նախատեսված դեպքերում»: Ավելին՝ «Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ»: Պարզվում է՝ Էրնեկյանին ՀՀ քաղաքացիների սեփական անշարժ գույքի հանձնումը հենց այդ բացառիկ դեպքն է, իսկ կառավարության որոշմամբ օտարման գոտում գտնվող վերոհիշյալ 5 գյուղերի բնակիչներն էլ կամ՝ ՀՀ քաղաքացիներ չեն՝ լուսնից են իջել, կամ էլ՝ նրանց իրավունքների վրա կառավարությունը պարզապես թքած ունի: Իսկ վերջիններս, կառավարության հիշյալ որոշման նախագիծը մեզ ներկայացնելով պնդեցին, թե պետությունն իրենց պարզապես ձեռ է առնում, իսկ իրենք գյուղացի մարդ են՝ չգիտեն ինչպես պաշտպանեն իրենց սեփականությունն ու իրավունքները: Նրանք մտադիր էին դիմել ընդդիմությանն ու փաստաբանների, բայց չգիտեին որտեղի՞ց սկսել: Նրանցից մեկը, որ Փարաքար գյուղից էր, ասաց, թե ինքը ոչ մի գնով էլ չի վաճառի իր սեփականությունը հանդիսացող հողամասը, քանի որ տարիներ շարունակ քրտինքով մշակել է, լավ, թե վատ, բայց բերք է ստանում իր ու ընտանիքի կարիքները հոգում: «Չեն ասում, որ տամ իրենց՝ ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, մեծ մարդ եմ՝ զրոյից սկսե՞մ: Է, մեզ էլ թող հետը ծախեն՝ պրծնենք»,- բողոքում էր կառավարության որոշման «զոհերից» մեկը, որի հետ, ի դեպ, համաձայն են նաեւ նրա ճակատագրին մյուս արժանացածները, ովքեր պնդում էին, թե պետությունն իրենց տեղահան է անում: Նրանց ասելով, իրենք տեղեկություններ ունեն նաեւ, թե կառավարությունը օտարվելիք հողամասի 1քմ-ն գնահատել է 29 դոլար, մինչդեռ մարզային իշխանություններն այլ գումար են առաջարկում. 1 քմ-ի համար՝ 6-9 դոլար: Որ մեր իշխանությունները արդեն վաճառած ունեն մեր քաղաքացիներին՝ պարզ էր վաղուց: Բայց տվյալ դեպքում, հարկ ենք համարում շեշտել, որ կառավարության որոշումը՝ մարդկանց սեփականությունն օտարելու համար դեռեւս վճռորոշ չէ: Սեփականատերերը, եթե չեն ուզում առաջարկվող պայմաններով վաճառել իրենց սեփականությունը, կարող են օրենքով սահմանված կարգով դիմել դատարան, իսկ այդպիսի զանգվածային ակցիա կազմակերպելու դեպքում պետք է հուսալ, որ ՀՀ քաղաքացիները գործը շահելու որոշակի շանսեր, այնուամենայնիվ, ունեն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել