Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիս 07,2002 00:00

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ «Տարվա ինտելեկտ» հանրապետական մրցույթ-փառատոն։ Փառատոնի կազմակերպիչն էր «Հայբուսակ» ինստիտուտի ուսանողական պառլամենտը (նախագահ՝ Վահե Էնֆիաջյան)։ Ի դեպ, «Հայհեղինակ» հասարակական կազմակերպությունը հեղինակային միակ իրավունքը տվել է Վահե Էնֆիաջյանին։ Մրցույթի անցկացման գաղափարը դեռ անցյալ տարվանից էր, ինչի արդյունքում 2001թ. տեղի ունեցավ «Տարվա ինտելեկտ» ուսանողական մրցույթ-փառատոն։ Այս տարի փառատոնն անցկացվեց դպրոցական շրջանակներում։ Մրցույթին 74 ուսումնական հաստատություններից արձագանքել էր 415 աշակերտ, որոնցից 1-ին փուլ անցավ 117 մասնակից։ Իսկ արդեն եզրափակիչ փուլում, որը տեղի ունեցավ Երիտասարդական պալատի համերգային մեծ դահլիճում, իրենց ինտելեկտն էին չափում 19 ուսումնական հաստատություններից 21 մասնակից։ Բավականին բարդ հարցաշարը բուռն քննարկումների, մտորելու տեղիք էր տալիս թե՛ մասնակիցներին, թե՛ հանդիսատեսին։ Հարցերն ընդգրկում էին տարբեր ոլորտներ՝ պատմություն, աշխարհագրություն, քիմիա, տրամաբանություն, այն ամենը, ինչով չափվում է ինտելեկտը։ Եվ ակնհայտ բացարձակ հաղթանակով 1-ին մրցանակ ստացավ՝ ոսկե մեդալ եւ «Տարվա ինտելեկտ» պատվավոր տիտղոսի արժանացավ Խ. Աբովյանի անվան N2 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Դավիթ Սարգսյանը։ 2-րդ մրցանակակիրն էր 153 ավագ-վարժարանի 9-րդ դասարանի աշակերտուհի Անի Մկրտչյանը։ Իսկ 3-րդ մրցանակին արժանացավ Եղվարդի N3 միջն. դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Էդգար Միանսարյանը։ Կրթության եւ գիտության նախարարության կողմից սահմանված «Հրաշամանուկ» տիտղոսին արժանացան «Քվանտ» վարժարանի 7-րդ դասարանի աշակերտ Կարեն Զաքարյանը, 134 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Բեկնազարյանը եւ Գրիգորյան Վարդանը՝ թիվ 123 դպրոցի 8-րդ դասարան։ Իսկ պետհամալսարանի կողմից սահմանված «Ճկուն միտք» տիտղոսին արժանացավ 2-րդ մրցանակակիր Անի Մկրտչյանը։ ԱՆԱՀԻՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել