Լրահոս
Օրվա լրահոսը

Չերաշխավորված ու ոտնահարված իրավունքներ

Հունիս 07,2002 00:00

Չերաշխավորված ու ոտնահարված իրավունքներ Մեր Սահմանադրությամբ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի իրավունք է վերապահվում՝ առանց աշխատանքով ապահովելու երաշխավորության։ Անցած 10 տարիներին հազարավոր մարդիկ, նման իրավունքով հանդերձ, գործազուրկ դարձան։ Հանրապետության նախագահը, որ Սահմանադրության գլխավոր երաշխավորն է, վերջապես անցյալ տարի առաջին անգամ 40 հազար աշխատատեղեր ապահովել խոստացավ եւ արդեն նոյեմբերին հաղորդեց, թե այդքան եւ նույնիսկ ավելի մարդ աշխատանք է ստացել։ Եթե դա իրական էլ է, այդքանով գործազուրկների թիվը չպակասեց, քանի որ նույն ժամանակահատվածում տարբեր բնագավառների սեփականաշնորհումների, լուծարումների կամ օպտիմալացման հետեւանքով ավելի շատ մարդ է ազատվել ու կրճատվել, անժամկետ ու անվճար արձակուրդի ուղարկվել կամ էլ ցածր վարձատրությամբ աշխատանքի տեղափոխվել։ Գործազուրկների շարքերը տարեցտարի լրացնում են նաեւ ուսումնական հաստատությունների մեծաքանակ շրջանավարտները, քանի որ աշխատանքային ուղեգրեր ու նշանակումներ ըստ մասնագիտությունների նրանք չեն ստանում։ Աշխատանքի տեղավորվելու հույսեր չունեն նաեւ զինծառայությունն ավարտած երիտասարդները։ Իսկ նրանք, ովքեր հիմնական կամ ժամանակավոր աշխատանք ունեն, այնքան ցածր են վարձատրվում, որ հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Առանձնապես ոտնահարված են թոշակառուների իրավունքները։ Նրանք հիմնականում ստանում են 4-5 հազար դրամ, որով հնարավոր է գոյատեւել ընդամենը մի քանի օր։ Պետությունը ոչ միայն չի ապահովում ու երաշխավորում քաղաքացիների արժանապատիվ ապրելու իրավունքը, այլեւ զրկել է նրանց սեփական միջոցներից օգտվելու հնարավորությունից։ Այսինքն, մարդիկ չեն կարողանում հետ ստանալ դրամարկղերում նախկինում ներդրած ավանդները։ Հասկանալի է, որ դժվար է հիմա ամբողջ գումարները խորհրդային ռուբլու գնողունակությամբ միանգամից վերադարձնել բոլորին։ Սակայն դա կարելի է անել աստիճանաբար եւ անհամեմատ փոքր չափերով, ասենք՝ առաջին հերթին ավանդները վերադարձնել 80-ն անց մարդկանց, մի քանի տարի հետո 75, ապա 70 տարին լրացածներին։ Նման կարգով ժողովրդի գումարները վերադարձնելով, պետական բյուջեի վրա ծանր չի անդրադառնա, իսկ ավանդատուների սոցիալական վիճակը գոնե թեթեւակի կբարելավվի։ Ավանդների վերադարձնելը ոչ միայն մարդասիրական ակտ է կամ մարդու ոտնահարված իրավունքների վերականգնում, այլ, առաջին հերթին՝ ժողովրդական պատգամավորների, կառավարության անդամների եւ հանրապետության նախագահի՝ ժողովրդի հանդեպ ունեցած պարտքի կատարում։ Իսկ պարտքը, ինչպես ասում են, տալով է գեղեցիկ։ ԴԵՐԵՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել