Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ՝ ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀ

Հունիս 07,2002 00:00

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ՝ ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀ Երեկ Կամերային երաժշտության տանը կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 6-րդ արտահերթ համաժողովը։ Բացելով այն՝ ՀՖՖ նախագահ Սուրեն Աբրահամյանը պատվիրակներին մեկ անգամ եւս ծանոթացրեց օրակարգին, նշեց համաժողովի աշխատանքի կարգը։ Այնուհետեւ՝ որպես ֆեդերացիայի անցած տարիների արած գործունեության հաշվետվություն, ցուցադրվեց մոտ 12 րոպեանոց փաստագրական մի ֆիլմ։ Դրանից հետո ՀՖՖ գործադիր տնօրեն Արման Հովհաննիսյանը ներկայացրեց ֆեդերացիայի վերջին երկու տարվա ֆինանսական գործունեությունը։ Հաջորդ հարցը ֆեդերացիայի կանոնադրությունում լրացումներ ու փոփոխություններ կատարելուն էր նվիրված։ Նախագահի երկու թեկնածուներին ձայն տալուց առաջ Սուրեն Աբրահամյանը հակիրճ խոսեց Հայաստանի ֆուտբոլային աշխարհում տիրող ներկայիս վիճակի մասին՝ նշելով, որ դա իր տեսակետն է։ Մասնավորապես նա դժգոհեց պետությունից, որ թիվ մեկ մարզաձեւից ասես երես է թեքել։ Եվ փոխանակ մտածի օգնելու, աջակցելու մասին, որոշ դեպքերում խոչընդոտում է դրա զարգացմանը։ Սուրեն Աբրահամյանի ելույթի ենթատեքստում, հավանաբար, այն միտքն էր, որ դա ուղղված է իր անձի դեմ։ Ավարտելով իր ասելիքը, նախագահը ձայն տվեց թեկնածուներին։ Մինչ այդ դահլիճում ելույթ ունենալու ցանկություն ունեցողներ եղան։ Սակայն նախագահողը մեկնաբանեց, որ այդպիսի բան սահմանված չէ։ Թեկնածուներից առաջինը ելույթ ունեցավ «Արարատ» ՖԱ նախագահ եւ գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը։ Նրա խոսքը գլխավորապես ուղղված էր Ս. Աբրահամյանի դեմ։ Ելույթ ունեցողը ներկայացրեց իր պատկերացմամբ… հայկական ֆուտբոլում տիրող խիստ անմխիթար վիճակը, որն արդյունք է ֆեդերացիայի եւ նրա ղեկավարության վարած սխալ ու անհեռանկար քաղաքականության։ Նա կարճ պատմեց նաեւ ֆուտբոլի վերաբերյալ ընդհանրապես իր պատկերացումների մասին։ Բայց ահա որպես նախագահի թեկնածու՝ իր ծրագրերի մասին գրեթե ոչինչ չասաց։ Նրան տրվեցին մի քանի հարցեր, որոնց նա պատասխանեց։ Նախագահի մյուս թեկնածուն՝ գործարար Ռուբեն Հայրապետյանը նախօրոք իր ծրագիրը տպագրած ներկայացրել էր պատվիրակներին։ Նա իր կարճ ելույթում մասնավորապես ասաց, որ ինքը չի պատրաստվում արվածի կամ չարվածի համար մեղավորներ որոնել, այլ նպատակ ունի իր բոլոր հնարավորություններով նպաստել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը, միջազգային ասպարեզներում հայկական ֆուտբոլի հեղինակության բարձրացմանը։ Քվեարկությանը մասնակցեց 57 պատվիրակ։ Ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ. Ռուբեն Հայրապետյան՝ 52 ձայն, Արկադի Անդրեասյան՝ 4, մեկ քվեաթերթիկ համարվել էր անվավեր։ Այսպիսով, չորս տարի ժամկետով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսուհետ կգլխավորի Ռուբեն Հայրապետյանը։ Ստանձնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, նա ներկայացրեց տասնհինգ հոգուց բաղկացած գործկոմի նոր կազմի իր տարբերակը, որը կազմելիս խորհրդակցել է մասնագետների հետ, անձերին ընտրելիս առաջնորդվել է նրանց մասնագիտական կարողություններով, հաշվի է առել թե՛ ակումբների, թե՛ մարզերի շահերը։ Քվեարկությամբ հաստատվեց նաեւ գործկոմի նոր կազմը։ Վերջում Ռուբեն Հայրապետյանը եւ Սուրեն Աբրահամյանը համատեղ մամուլի ասուլիս անցկացրին։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել