Լրահոս
Օրվա լրահոսը

«Վայելեք ճակատամարտը»

Հունիս 07,2002 00:00

«Վայելեք ճակատամարտը» Այս կոչով դիմեց լրագրողներին Սթիվ Քըրքչյանը («Բոստոն Գլոբ» թերթի լրագրող-խմբագիր, ամերիկյան ամենահայտնի պուլիցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր)՝ երեկ ԵՊՀ-ում անցկացվող սեմինարին, որ նվիրված էր լրագրության հետաքննական ժանրին։ Կոչն ուղղված էր անկախ մամուլին, որի գոյությունն այսօր Հայաստանում վտանգված է՝ իհարկե «Ա1+»-ի օրինակով։ Վերջինիս մրցույթի մասին, ի դեպ, մեր արտասահմանյան հյուրերն էին անգամ քմծիծաղով խոսում։ Հասարակությունը ազնիվ եւ լիարժեք տեղեկատվության կարիք ունի, եւ իր՝ կենդանի մնալու միակ ուղին լրագրողին արձագանքելն է։ Հետեւաբար, պրն Քըրքչյանի կարծիքով նախեւառաջ պետք է ապահովել հասարակության եւ թերթի կապը։ Ի՞նչը կարող է հետաքրքիր լինել ընթերցողին։ Պրն Քըրքչյանի համար հասարակության կերպարն ամփոփված է իր մորաքրոջ մեջ, եւ նրա միջոցով է հեղինակը որոշում՝ որ խնդիրը կհետաքրքրի կամ կհուզի հանրությանը։ Իսկ ինչպես է ընտրվում թեման հայաստանյան մամուլում։ Այստեղ ԶԼՄ-ին հետաքրքրում են առավելապես ներիշխանական ինտրիգները։ Հայաստանի «Հետաքննող լրագրողների ընկերակցությունն» այսօր չի կարողանում իր «Հետք» էլեկտրոնային թերթում հրապարակվող նյութերով հասարակական հնչեղություն ապահովել, քանի որ դեռեւս լայն տարածում չունի էլեկտրոնային մամուլը, իսկ տպագիր մյուս լրատվամիջոցները կարիք չունեն երկարաշունչ հետաքննությունների եւ ունեն այլ խնդիրներ, քան հասարակությանը ծառայելը։ Ի դեպ, «Առավոտը» այն եզակի օրաթերթերից է, որ իր էջերը տրամադրում է ընկերակցությանը՝ հետաքննական նյութերը հրապարակելու համար։ Ընկերակցության ֆիլմերը «Ա1+»-ի փակումից հետո այսօր ցուցադրվում են միայն շրջաններում։ Իսկ Հանրային հեռուստաընկերությունը մի քանի անգամ մերժել է ընկերակցության ֆիլմերը ցուցադրել՝ բանավոր «հետաքրքիր չեն» պատճառաբանությամբ։ Դժվարանում ենք ասել, թե հարկատուների հաշվին գործող Հանրային հեռուստաընկերության ղեկավարներն ինչի հիման վրա են եզրակացրել, որ այդ ֆիլմերը, որոնք հիմնականում իշխանությունների քիմքին ոչ հարմար բովանդակություն ունեն, հարկատուներիս համար անհետաքրքիր են։ Ի դեպ, այդ ֆիլմերը մերժել են ցուցադրել նաեւ մյուս հեռուստաընկերությունները։ Թեպետ հետաքննությունը պրոֆեսիոնալ լրագրության բարձրակետն է, բայց նրա նկատմամբ հետաքրքրությունը նվազագույնն է։ Ի վերջո, հետաքննությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմն անհամատեղելի են, սակայն սա քիչ է հուզում մեր ԶԼՄ-ներին, եւ դրանից էլ պրոֆեսիոնալ լրագրողների արտահոսքը չի դադարում։ Պետք է արձանագրել, որ մեր խմբագրություններում շքեղություն կհամարվի մի լրագրողին 1-2 շաբաթ ժամանակ տրամադրել մի նյութի համար, հետն էլ՝ վարձատրել, եւ դա այն դեպքում, երբ մեր լրագրողի համար տեղեկատվություն ստանալը մեծ դժվարությունների հետ է կապված։ Իսկ դրա պատճառը նախ համատարած վախի մթնոլորտն է, որ ենթադրում է մերժողական-խուսափոխական պատասխան, ինչպես նաեւ՝ հայաստանյան գերատեսչությունների ոչ թափանցիկ գործունեությունը։ Ի դեպ, ըստ ընկերակցության ներկայացուցիչ Սառա Պետրոսյանի, վերջերս նկատվում է մամուլի ասուլիսների թվի սահմանափակում պաշտոնյաների կողմից, եւ լրագրողի թղթապանակը հարուստ է մերժված կամ ոչինչ չասող նյութերով։ Այստեղ պետք է համեմատություն անել ամերիկյան լրագրողների եւ բարձրագույն գերատեսչությունների միջեւ առկա կապի հետ։ Վերջիններս բացի արխիվային նյութերի տրամադրումից, հարկ եղած դեպքում լրագրողին խնդրում են՝ եթե հնարավոր է հետաձգել նյութի հրապարակումը, մինչեւ անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը։ Սա, իհարկե, մեծ շքեղություն կլիներ մեր գավառական քաղաքակրթության համար, դրան մենք կհասնենք դեռ ոչ մոտ ապագայում, բայց, այնուամենայնիվ, մեր ամերիկյան պրոֆեսիոնալները հույս ունեն 50 տարի անց Հայաստանում, ի թիվս քաղաքական կամ մշակութային հայտնի դեմքերի արձանների, տեսնել նաեւ լրագրողներինը։ ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել