Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԿԱՆԵՐԻ «ԱՊԱՍՏԱՐԱՆԸ»՝ ԱՄԵՐԻԿԱ

Հունիս 07,2002 00:00

ՎԿԱՆԵՐԻ «ԱՊԱՍՏԱՐԱՆԸ»՝ ԱՄԵՐԻԿԱ Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանը իր նոր շենքն ունեցավ։ Եվ սպասվում էր, որ Արթուր Պարսամյանի սպանության առթիվ հարուցված քրգործը կշարունակվի նոր դատարանի նոր դահլիճում։ Սակայն նախագահող դատավոր Իսկուհի Վարդանյանի բախտն ակնհայտորեն չի բերել. ճաղավանդակ նոր դատարանում չկա եւ ամբաստանյալներ Կարեն Զաքարյանի, Մանվել Ասատրյանի, Արմեն Բեջանյանի, Արամ Աղաբաբյանի եւ Արթուր Յազչյանի անվտանգությունն այդ առումով դեռ խոցելի է… Հին շենքի դատական նիստերի դահլիճի աթոռներն էլ տարվել են նոր շենք եւ, հետեւաբար, դռնբաց նիստի մասնակիցները դատաքննությանը հետեւում էին կանգնած։ Ամբաստանյալ Մանվել Ասատրյանին հարցեր էր տալիս նրա պաշտպան Սամվել Միրզոյանը, որից հետո մեղադրողը միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները։ Ի դեպ, այն բավարարվեց, քանի որ դատավարության կողմերից եւ ոչ ոք չառարկեց։ Պաշտպան Ս. Միրզոյանին հետաքրքրում էր, թե արդյոք իր պաշտպանյալը ցանկացե՞լ է հաշվեհարդար տեսնել սպանվածի կամ նրա ընկերներից որեւէ մեկի հետ։ Մ. Ասատրյանը հայտարարեց, որ «ոչ ցանկացել է կռվել որեւէ մեկի հետ, ոչ էլ ինչ-որ մեկի հետ հաշվեհարդար տեսնել»։ Նա հայտնեց դատարանին, որ որեւէ մեկի հետ որեւէ բան չի պայմանավորվել եւ ոչ էլ նման խոսակցություն է ունեցել։ Նա նաեւ ասաց, որ տաքսի ավտոմեքենայից իջնելով Տիչինայի փողոցում («Թթաստան») տեսել է Արմեն Պարսամյանին (Արթուրի եղբորը), որն ասել է՝ իջեք. «Արթուրը մեքենայի դուռը քաշում էր, իսկ վարորդն էլ իջնելով ասում էր. մեքենայիս դուռը մի ջարդեք»։ Նա իր պաշտպանի «Դուք անձամբ կամ որեւէ մեկի միջոցով Արմեն Բեջանյանին կանչե՞լ եք իրենց տնից, որ ձեզ հետ հանդիպի» հարցին պատասխանեց, թե ոչ ինքն է կանչել եւ ոչ էլ ուրիշը։ Իսկ դեպքի հաջորդ օրն էլ իմացել է «դատախազի տղայի մահվան մասին»։ Այսինքն, ոչ սպանության, որը տեղի է ունեցել 2001թ. մայիսի 19-ին։ Ի դեպ, նախաքննության ժամանակ ամբաստանյալ Մ. Ասատրյանը այնպիսի ցուցմունք էր տվել, որն էապես տարբերվեց դատարանում տված ցուցմունքից։ Մասնավորապես, նա հայտնել էր, որ Տիչինայի փողոց գնալուց առաջ (ուր տեղի է ունեցել սպանությունը) իրենց 3 հատ դանակ է տրվել՝ Արմեն Բեջանյանի կողմից («Չալո» մականունով)… Ապա տեղի է ունեցել վեճը, ուր 20-ից ավելի մարդ է ականատես եղել եւ սակայն չեն միջամտել… Հետաքրքիր է, որ նախաքննական մարմնին ամբաստանյալ Մ. Ասատրյանը պատմել էր, թե ինչպես եւ ով է խփել Արթուր Պարսամյանին։ Ըստ այդ պատմածի, Արթուրին խփել էր (դանակով) Արմեն Բեջանյանը («Չալոյի դանակն ու շեղբն ամբողջովին արյունոտված էին», նկարագրել էր նա…)։ Դատարանը հակասությունների կապակցությամբ փորձեց հարցեր տալ ամբաստանյալ Մ. Ասատրյանին։ Վերջինս գերադասեց չպատասխանել հարցերին։ Ի դեպ, ամբաստանյալներից դատաքննական ցուցմունք տալուց հրաժարվել է Արամ Աղաբաբյանը։ Տուժող Կարեն Բադոյանը (մեր տեղեկություններով) այլեւս հանրապետությունում չէ, գտնվում է Ամերիկայում, իր իսկ օրինական ներկայացուցիչ հայրը, չնայած մասնակցում է դատաքննությանը, սակայն միջնորդությունների ժամանակ կարծես պասիվ է… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել