Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետն արդարանում է

Հունիս 07,2002 00:00

Գյուղապետն արդարանում է Դատելով ՀՀ մարզերի տարբեր գյուղերի բնակիչների՝ «Առավոտին» հղած դիմում-բողոքներից, գյուղացին մեծ դժվարությամբ է հող մշակում, ջրում, հարկերն ու վարձերը վճարում։ Որոշ գյուղերում էլ արդար ձեւով չեն գանձվում վարձավճարները, տեղի ղեկավարության կողմից հողհատկացումներն ընթանում են օրինախախտումներով եւ այլն։ Գրեթե նման հիմնախնդիրներով լի մի դիմում էր օրերս Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մի խումբ բնակիչների ստորագրությամբ մեզ հասցեագրվածը։ Որտեղ գյուղապետի գործունեությունից բողոքելուց բացի, առաջ են քաշում նաեւ կոնկրետ խնդիր՝ կապված հողհատկացման հետ։ Ըստ դիմումի, կառավարության որոշման համաձայն, Ներքին Գետաշեն գյուղի պետական պահուստային ֆոնդի վարելահողերից 47 հա պետք է բաժանվեր երիտասարդ ընտանիքներին՝ որպես անհատույց տնամերձ, իսկ 62 հեկտարը՝ աճուրդով։ Գյուղապետ Գ. Գրիգորյանը, բնակիչների հավաստմամբ, հողհատկացումներն իրականացրել էր օրինախախտումներով։ Օրենքով սահմանված 47 հա տարածքը, որը նորմայով պետք է հատկացվեր 320 ընտանիքի, գյուղապետն իր կազմած ցուցակով նախատեսել էր 434 ընտանիքի համար։ Այսինքն, որի համար կպահանջվեր եւս 13 հա։ Այլ կերպ ասած, այս 320 ընտանիքը նախատեսվածից քիչ հող է ստացել։ Ներքինգետաշենցիների խոսքերով. «Մարտին Կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցները այցելեցին եւ ստուգեցին գյուղապետարանի աշխատանքը, որի արդյունքում արձանագրվեցին օրինախախտումներ։ Գյուղապետն արդարացավ, թե իբր շատ մարդիկ հրաժարվել են հատկացված տնամերձ հողամասերից։ Բայց իրականում այդ հողակտորները մնացել են հրաժարվողների տնօրինության տակ»։ Գյուղացիների հավաստմամբ, գյուղում երրորդ դպրոցը կառուցելու համար նախատեսված 2 հեկտարը, առանց կառավարության թույլտվության, նույնպես բաժանվել է որպես տնամերձ հողամաս։ Խնդրի առնչությամբ, «Առավոտից» բացի, մարզի բնակիչներն իրենց դիմումը հասցեագրել էին նաեւ ՀՀ վարչապետին, տարածքային կառավարման նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին։ Խնդիրը լուսաբանելու համար «Առավոտը» դիմեց Կադաստրի պետական կոմիտեի հողաշինարարության վարչության հողային պետական տեսչության պետ Ֆելիքս Եգորյանին։ Նա եւս հավաստեց, որ կոմիտեի աշխատակիցները մարտին եղել են Ներքին Գետաշենում եւ արձանագրված օրինախախտումները օրենսդրությամբ վերացնելու համար պաշտոնապես դիմել են Գեղարքունիքի մարզպետին։ Պրն Եգորյանի խոսքերով, օրերս հարցի վերաբերյալ իրենք ստացել են Գեղարքունիքի մարզպետի պատասխանը, որտեղ ասվում էր, որ «քսաներեք ընտանիքներին անօրինական հատկացված հողատարածքները հետ է վերցվել, աճուրդով օտարվել եւ 13 միավոր 1,02 հա ընդհանուր մակերեսով պետական բյուջե է մուտքագրվել 270,8 հազար դրամ։ Այսօրվա դրությամբ անհատույց սեփականության իրավունքով տնամերձ հողամաս է հատկացվել 356 ընտանիքի՝ 47,5 հա ընդհանուր մակերեսով։ Աճուրդով օտարվել է 62,3 հա՝ 499 քաղաքացիների եւ պետբյուջե է մուտքագրվել 23,8 մլն դրամ»։ Օրինախախտումների թվում կոմիտեի աշխատակիցների կողմից հայտնաբերված է եղել նաեւ 5,7 հա առանց պայմանագրերի օգտագործվող վարելահող, որի համար էլ պատասխանել են, թե պայմանագրերը կնքվել են ըստ մարզպետի պատասխանի։ Գյուղի բնակիչներին նաեւ խիստ մտահոգում էր, որ կապալով բաժանված հողերի համար հավաքված գումարները դրամարկղ չեն մուտքագրվել, իրենց՝ գյուղացիների հետ պայմանագրեր չեն կնքվել։ Այնինչ, հողը բաժանված է եւ մշակված։ Փաստորեն ստացվում է, որ առանց այդ էլ հոգսաշատ գյուղացին բան ու գործը թողած՝ կառավարության դռներն է ընկած։ Եվ այս ամենը՝ տեղական իշխանությունների մեղքով։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ զանգահարեց Ներքին Գետաշենի գյուղապետն ու ասաց, որ գյուղում սկսվել է քարոզարշավ եւ իրեն հեղինակազրկելու համար են գյուղացիները բողոքներ հղում։ Չբացառելով գյուղապետի նշած հանգամանքը, այնուամենայնիվ հիշեցնենք, որ մարզպետն իր պատասխանով հաստատել է գյուղացիների բողոքի իսկությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել