Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՒՐԸ՝ ՃԻՇՏ ՀԱՐԳԱՆՔԻ ՉԱՓՈՎ

Հունիս 07,2002 00:00

ՋՈՒՐԸ՝ ՃԻՇՏ ՀԱՐԳԱՆՔԻ ՉԱՓՈՎ Գյուղնախարարությունը պատվիրում է, բնապահպանությանը՝ թույլ տալիս, Ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղափոխում է, գյուղնախարարությունը երեւի ասում՝ շնորհակալություն։ Մոտավորապես այս մեխանիզմով է ոռոգման նպատակով ջուր բաց թողնվում Սեւանա լճից։ 2002-ին Արարատյան դաշտի մի շարք գյուղատնտեսական նշանակության հողերի ջրի պահանջի պակասը լրացնելու համար երեկ կառավարությունը թույլ տվեց Սեւանից բաց թողնել 150 մլն խմ ջուր։ Անցյալ տարվա դեկտեմբերին ընդունված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրության եւ օգտագործման համալիր միջոցառումների մասին» օրենքը թույլ է տալիս բաց թողնել տարեկան ամենաշատը 170 մլն խմ ջուր։ Անցյալ տարի այդքան էլ թույլ է տրվել, սակայն ծախսվել է 158,5 մլն խմ, ինչպես հավաստիացնում են բնապահպանության նախարարությունում եւ երեկ էլ՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը։ Վերջինս ենթադրություն հայտնեց, որ կփորձեն տեղավորվել այդ 150-ի մեջ, հաշվի առնելով Ապարանի եւ Ազատի ջրամբարներում բավարար չափով կուտակված ջուրը։ Սակայն «հնարավոր է, բնությունն իր ուղղումները պարտադրի՝ շոգ պայմաններ» եւ անցյալ տարվա 158,5 մլնը այդպես էլ մնա ռեկորդային ամենաքիչը՝ վերջին 80 տարվա մեջ։ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, չնայած իր բացակայությանը, այդ թիվը «համերաշխ է ընդունել» (նախօրոք իր համաձայնությունը գրավոր թողնելով)։ Գյուղատնտեսության նախարարն էլ այս թվից «չտխրեց», հայտնեց Գագիկ Մարտիրոսյանը։ Պրն Մարտիրոսյանը վստահեցնում է, որ վճռական խնդիրն այս հարցում թույլ տրվածից մի բան պակաս ծախսելն է, «ինչը արել ենք անցյալ տարի, կանենք այս տարի, եկող էլ»։ Անցյալ տարվա բացթողնված 158,5 մլն-ի դիմաց վճարվել է մեկ երրորդի չափով։ Այս ֆոնին կոմիտեի նախագահի վստահությունը իրենց պարտքերն աստիճանաբար ստանալու հարցում՝ անհասկանալի է։ Նա իրատեսական է համարում շուրջօրյա ջրամատակարարում ստացած անձին վճարել պարտադրելը. «Չենք հանդուրժելու»։ «Այսինքն, ջուրը կտրելո՞ւ եք» մեր հարցին պրն Մարտիրոսյանը պատասխանեց. «Չէ, չի կտրվելու։ Ինքը վճարելու է»։ Վճարել ստիպելու մեխանիզմների մասին էլ պրն Մարտիրոսյանի պատկերացումները առնվազն տարօրինակ են. «Ինքը (գյուղացին)- Ա. Գ.) հարգելու է։ Ինքը հարգելու է իրեն, հետո՝ մեզ, հետո՝ ընդհանուրիս»։ Թե ինչից է պրն Մարտիրոսյանը եզրակացրել, որ գյուղացին ինքն իրեն չի հարգում՝ էլի մութ է։ Եթե գյուղացին ինչ-որ մեկին էլ չի հարգում, ապա առնվազն՝ պաշտոնյաներին եւ ոչ թե պետությանը։ Եվ իրեն մատուցված ծառայությունների դիմաց էլ չի վճարում բացառապես այդ անելու անկարողությունից։ Մանավանդ ջրի դիմաց վճարում է հնարավորության դեպքում՝ ոչ վերջինը։ Պարզապես անգամ այդ դեպքում չի հանդիպում դիմացինի հարգանքին։ «Համընդհանուր» հարգանքի այս լավատեսական ֆոնին հստակ ուրվագծվում է Սեւանա լճի ջրի մակարդակի 15-16 սանտիմետրով աճը։ Կամ այս տարեվերջի տեղափոխման եւ բացթողնման դրական տարբերությունը կկազմի 190 մլն խմ, հավաստիացնում է Գ. Մարտիրոսյանը։ Այս թվերը հպարտությամբ նշելով հանդերձ, Ջրտնտպետկոմի նախագահը այնուամենայնիվ ասաց, որ իրենք (կոմիտեն- Ա. Գ.) Սեւանից ջրի բացթողնման հարցերով զբաղվում են ոռոգման նպատակով ջրի օգտագործման սեզոնին, մյուս ամիսներին չեն առնչվում։ Սեւանա լճի պահպանության պարտականությունը դրված է բնապահպանության նախարարության վրա։ Սա՝ ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե առանց ՋՏՊԿ-ի հնարավո՞ր է Սեւանից ջուր բաց թողնել։ Իսկ եթե հենց ա՞յդ սեզոնին է «ձախ» ջուր բաց թողնվում։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել