Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԵՍՊԱՆԸ ՆԱԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ՞ ՉԷ

Հունիս 07,2002 00:00

ԴԵՍՊԱՆԸ ՆԱԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ՞ ՉԷ «Դիվանագիտական ծառայության մասին» օրինագծից առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում անհետացել է այն դրույթը, ըստ որի մեր երկիրը ներկայացնող դեսպանների համար պարտադիր է ՀՀ քաղաքացի լինելը։ Այս իրողությունը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Ռուստամյանին. «Մեր սկզբնական մոտեցումն այս էր՝ դեսպանը մասնագիտական պաշտոն է։ Համարում էինք, որ դեսպանը պիտի դիվանագիտական լուրջ աստիճան ունենա, անցնի որոշակի փուլերով եւ այլն։ Բայց այնուհետեւ պարզ դարձավ, որ գործող Սահմանադրությունը դա թույլ չի տալիս՝ դեսպանների նշանակման իմպերատիվ իրավունքը նախագահինն է։ Այսինքն, եթե որոշեինք, թե ինչ չափանիշներով կամ ձեւով պիտի նշանակվի դեսպանը՝ սա կենթադրեր նախագահի առկա լիազորությունների որոշակի սահմանափակում։ Դրա համար էլ դեսպանների վերաբերյալ մեր սահմանած սահմանափակումները հանեցինք։ Թողեցինք միայն այն, որ դեսպանի պաշտոնը պիտի դիտվի իբրեւ քաղաքական։ Նաեւ ժամկետներ ենք նշել, թե որքան ժամանակ կարող է դեսպան լինել»։ Մեր տեղեկություններով, սակայն, քաղաքացիության պայմանը հանվել է ոչ միայն այն պատճառով, որ ՀՀ նախագահի սահմանադրական լիազորությունն է իր երկրի ներկայացուցիչ նշանակել նաեւ արտասահմանի քաղաքացիների։ Խնդիրն այն է, որ այս դրույթի դեմ լոբբինգ են արել ՌԴ քաղաքացի, Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ քաղաքացի, Հայաստանի դեսպան Ջիվան Թաբիբյանը եւ ոչ հեռու անցյալում ԱՄՆ քաղաքացի՝ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Այս լուրերի հավաստիությունը ճշտելու մեր փորձերին ի պատասխան, պրն Ռուստամյանն ասաց. «Միակ պատճառը եղել է Սահմանադրությանը համապատասխանեցնելը։ Իսկապես՝ նախագահի իրավունքն է՝ ում դեսպան նշանակել կամ ազատել։ Բայց մենք այդ օրենքում նաեւ մի ընդհանուր դրույթ ունենք, որ դիվանագիտական ծառայության մեջ կարող են լինել այն անձինք, ովքեր ՀՀ քաղաքացի են»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել