Լրահոս
Օրվա լրահոսը

Կապրե՞նք մինչեւ երկուշաբթի

Հունիս 07,2002 00:00

Կապրե՞նք մինչեւ երկուշաբթի Խորհրդարանը եկող շաբաթ կսկսի կամ չի սկսի նախագահի պաշտոնանկության առաջարկը քննարկելու օրակարգային հարցից։ Եթե իրոք խախտվի ՀՀ օրենք-կանոնակարգը, ապա հերթական եւ ավելորդ անգամ ակնհայտ կդառնա, որ խորհրդարանն անվերապահորեն ծառայում է նախագահ Քոչարյանին։ Շավարշ Քոչարյանի բնորոշմամբ՝ ընդդիմադիրները շատ են ուշացել, միաժամանակ չի կարելի պնդել, թե բոլոր հնարավորությունները սպառված են. «չնայած գտնում եմ, որ ընդդիմադիր դաշտը պետք է մեկ տարի առաջ սկսեր տարբեր հարցերի, հարցադրումների շուրջ զրույցները»։ Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ՝ եկող երկուշաբթի կողմերը կփորձեն իրար ապացուցել, որ ըստ կանոնակարգի՝ «27»-ի հանձնաժողովի եզրակացությունից չի բխում պաշտոնանկության գործընթացի սկիզբը։ Ոմանք վստահ են, որ որեւէ նախագահի, առավել եւս՝ Ռոբերտ Քոչարյանին, հաճելի չի լինի խորհրդարանի դահլիճում, «հարգելի ռադիոլսողներին» ի լուր՝ «փիս-փիս» խոսքեր լսել սեփական հասցեին։ Ուրիշները, որոնք, ի դեպ, փոքրամասնություն են կազմում, գտնում են, որ սա շատ լավ առիթ է նույն Քոչարյանի համար՝ ընտրություններից առաջ սեփական անվան վրայից մաքրել կասկածի խարանը։ Համարձակություն կունենա՞ Ռոբերտ Քոչարյանը գնալ այս, մեղմ ասած, անհաճո քայլին։ Եթե՝ այո, ուրեմն ինքը հաղթած է։ Պատգամավոր Վարդան Մկրտչյանին խնդրեցինք կանխատեսել՝ նախագահի պաշտոնանկության հարցը մտնելո՞ւ է հերթական եռօրյայի օրակարգ, թե՞ ոչ. «Ձեր հարցադրումը մի քիչ անհասկանալի է, քանի որ կանխատեսման խնդիր չկա, հարցն արդեն օրակարգում է»։ Իսկ եթե Արմեն Խաչատրյանը հարցը օրակարգ չմտցնի՞, ի՞նչ է անելու ընդդիմությունը. «Դրա համար ինքը ժամանակ ուներ եւ կարող էր կանոնակարգի ընդունման ժամանակ իր կարծիքը հայտնել։ Եթե կողմ է եղել կանոնակարգին, իսկ այժմ փորձի խախտել օրենքները, ինչպես եղել է ուրիշ դեպքերում, բնական է, որ մենք ընդվզելու ենք եւ թույլ չենք տա այդ բանը տեղի ունենա։ Կա օրենք, մենք այդ օրենքները լիարժեք նայել ենք եւ օրենքին որեւէ հակասություն չկա»։ Արդյոք հարցի քննարկումը չի՞ լինի Քոչարյանի օգտին։ Այսինքն՝ ՍԴ-ն կմերժի դիմումը եւ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ կարող է ասել՝ էլ ի՞նչ եք ուզում՝ ՍԴ-ն բավարար հիմքեր չի տեսել, եւ ինքը «27»-ի հետ կապ չունի։ Վարդան Մկրտչյանն այս կարծիքին չէ, քանի որ ո՛չ հանձնաժողովի եզրակացության, ո՛չ էլ ընդդիմության առաջարկի մեջ որեւէ կասկած չկա Քոչարյանի հասցեին, պարզապես ընդդիմությունն ուզում է, որ այդ հարցը քննարկվի, եւ եթե դա ձեռնտու է ե՛ւ Քոչարյանին, ե՛ւ ընդդիմությանը, ի՞նչ անենք. «դա ձեռնտու է մեր պետականությանը, մեր հասարակությանը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել