Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեփոխման» հերթական խարդավանքը

Հունիս 07,2002 00:00

«Բարեփոխման» հերթական խարդավանքը Ոստիկանության բարեփոխումը ոչ միայն նեղ մասնագիտական, այլեւ հասարակական խնդիր է, քանի որ մեզանից յուրաքանչյուրը հաճախակի բախվում է այդ գերատեսչության տարբեր ստորաբաժանումների հետ: Մյուս կողմից՝ այդ բարեփոխման մեխանիզմներով պետք է զբաղվեն մասնագետները, եւ ընդհանուր կարգի քաղաքական դատողությունները ի վիճակի չեն բացահայտել հարցի յուրահատկությունը: Տեսությունից եւ քաղաքակիրթ երկրների փորձից հայտնի է, որ իշխանության օղակների ապակենտրոնացումն ընդհանուր առմամբ դրական գործընթաց է, եւ ի վերջո Հայաստանն էլ պետք է գնա այդ ուղղությամբ: Մասնավորապես, մերի նման երկրում «ՆԳՆ» կոչվող խորհրդային մոնստրի ապամոնտաժումը կարող է հանգեցնել ա/ համակարգում կոռուպցիայի նվազեցմանը, բ/ ընտրություններում իշխանության «վարչական ռեսուրսի» թուլացմանը: Թե ինչպես պետք է իրականացվի այդ բարեփոխումը եւ այսօրվա պետական համակարգը պատրաստ է դրան՝ վիճելի հարցեր են: Բայց ամբողջ ցավն այն է, որ մեր պետական այրերը (պատգամավորները՝ այդ թվում) ամենաքիչը մտահոգված են կառուցվածքային բարեփոխումների պետական նպատակահարմարությամբ: Գերատեսչությունների բոլոր տեսակի «տարրալուծումների» եւ «միաձուլումների» պատճառները զուտ «քաղաքական են», եթե կարելի է «քաղաքականություն» կոչել իշխանության օղակներում անդրգորգային պայքարն ու պալատական ինտրիգները: ՆԳՆ-ն բարեփոխելու նախաձեռնությամբ կառավարությունը հանդես է եկել դեռեւս 1996 թվականին, եւ դա այն ժամանակվա կառավարության (իշխող կուսակցության) եւ այն ժամանակվա ներքին գործերի նախարարի հակասությունների հերթական արտահայտությունն էր: Ինչպես հիշում եք, 96172ին Վանո Սիրադեղյանը բավականաչափ քաղաքական ազդեցություն ուներ, որպեսզի կարողանար հակազդել իրենից իրավասություններ խլելու կառավարության մտադրությանը: Այնուհետեւ ուժային համակարգում արվեցին քայլեր, որոնք հաստատ չէին բխում պետության շահերից: Դրանցից կարելի է առանձնացնել ընդամենը երկուսը. ՆԳ եւ ԱԱ միացումը, որը հակասում էր ապակենտրոնացման առաջադեմ սկզբունքներին, եւ ԱԱ-ում տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի (4-րդ) վարչության ստեղծումը՝ ոչ անհայտ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ՝ «կագեբեական բըխըէսէս»-ը եւս մի քայլ էր տնտեսական լծակների ստվերային վերաբաժանման: Չմանրամասնենք, թե ինչ «քաղաքական» (այսինքն՝ խարդավանքային) պատճառներով էին պայմանավորված նման վերաձեւումները: ՆԳՆ-ի սպասվելիք բարեփոխումների պատճառները նույն բնույթի են: Ռոբերտ Քոչարյանի համար դրանք ունեն իրենց թե՛ դրական եւ թե՛ բացասական դրսեւորումները: «Պլյուսներն են». ա/ համակարգը կորցնում է իր գրավչությունը եւ այլեւս կռվախնձոր չի լինում դաշնակցականների ու երկրապահների համար՝ երկու կողմն էլ հավասարապես բավարարված չէ, ինչով պահպանվում է նրանց միջեւ, թեեւ փխրուն, բայց հավասարակշռությունը, բ/ ուժեղ նախարարությունը (եւ, հետեւաբար, նախարարը) կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել նախագահի համար՝ Քոչարյանի աչքի առաջ է ՆԳ եւ ԱԱ նախկին նախարար Սերժ Սարգսյանի փորձը, երբ վերջինս 1998-ի սկզբին «իրավիճակի փոփոխության» հետեւանքով մասնակցեց Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ դավադրությանը: «Մինուսներն» են. ա/ կարող են կրճատվել ընտրությունները կեղծելու վարչական ռեսուրսները, բ/ փող աշխատելու որոշ հնարավորություններ կորցրած ոստիկանության վերնախավը կարող է «չարանալ» քաղաքական իշխանության դեմ: Հաշվարկելով այդ «պլյուսներն» ու «մինուսները»՝ նախագահը, կարծես թե, հակված է գնալ ՆԳՆ մասնատման: …Իսկ ընդհանրապես մենք գործ ունենք այսօրվա իրավիճակի համար խիստ բնորոշ երեւույթի հետ. երբ չկա իրական քաղաքական պայքար, չկա լուրջ ընդդիմություն, երբ հասարակությունն անտարբեր է ամեն ինչի նկատմամբ, առաջին պլան է մղվում հետեւյալ հարցը՝ տա՞լ Վահան Հովհաննիսյանին պաշտոն, թե՞ չտալ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930