Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՏՐՈՍՈՎՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ

Հունիս 07,2002 00:00

ՄԱՏՐՈՍՈՎՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ «Ես չգիտեմ, թե ով է Ալեքսանդր Մատրոսովի դերը կատարելու այս անգամ»,- ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը երեկ՝ պաշտոնանկության նախաձեռնության շուրջ 13 կուսակցությունների ասուլիսում։ Թեեւ նա վստահ էր, որ անպայման փորձելու են փակել հրակնատը։ Ինչո՞վ, օրինակ, Մատրոսով չեն ԱԺ նախագահն ու նրա տեղակալները, որոնք պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանի պաշտոնապես ներկայացված նախագիծը մինչեւ այժմ ուղղակի չեն դրել պաշտոնական շրջանառության մեջ։ Երեկ ասուլիսում ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկման հարցի մասին եզրակացություն ստանալու համար ՍԴ դիմելու որոշման նախագծի իրավական հիմքերը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը նշեց. «ԱԺ նախագահը կանոնակարգի 52-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով պարտավոր է «իրեն պաշտոնապես ներկայացված ԱԺ որոշման նախագիծը» երկօրյա ժամկետում (այս դեպքում՝ ոչ ուշ, քան մինչեւ 2002 թ. մայիսի 31-ը) դնել շրջանառության մեջ՝ այն ուղարկելով ԱԺ աշխատակազմ եւ մշտական հանձնաժողովներ՝ դրանց կազմից նշանակելով գլխադասայինին, որը չի կատարվել եւ արդեն իսկ հանդիսանում է ԱԺ նախագահի կամ իրեն փոխարինող տեղակալի կողմից կատարված օրենքի պահանջների խախտում»։ Հիշեցնենք, որ Ղուկաս Ուլիխանյանը որոշման նախագիծը հանձնեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին։ Վերջինս իր հարցազրույցներում նշում է, թե որոշման նախագիծը կապ չունի «27»-ի հանձնաժողովի եզրակացության հետ, որում «ակնարկ անգամ» չկա նախագահին պաշտոնանկելու հիմքերի մասին։ «Հիմնվելով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության ամբողջ տեքստի կամ դրա որեւէ մասի վրա՝ պատգամավորն իրավունք ունի ներկայացնել ԱԺ ցանկացած որոշման նախագիծ,- ասված է նախաձեռնության իրավական հիմքերի վերաբերյալ տեղեկանքում, որտեղ օրենքներին համապատասխան հղումներով ապացուցված է, որ Ղուկաս Ուլիխանյանը պահպանել է Սահմանադրության եւ կանոնակարգի բոլոր պահանջները, եւ նշված.- Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն իրավասու է տալ միայն մեկ պետական մարմին՝ ՀՀ Սահմանադրական դատարանը»։ Սակայն ինչ նշանակություն ունի օրենսդրությունը, երբ խորհրդարանական փաստացի մեծամասնությունն իրոք պատրաստվում է «կրծքով փակել հրակնատը» եւ նախագահ Քոչարյանին փրկել իր համար անցանկալի քննարկման «հրաձգությունից»։ Ընդսմին, մեծամասնությունն առանձնապես տեղյակ էլ չէ ԱԺ կանոնակարգից՝ սրա ապացույցը թեկուզ այն է, թե ինչպես էր խորհրդարանական վերջին ճեպազրույցներում «Միասնության» ղեկավար Գալուստ Սահակյանը փորձում համոզել լրագրողներին, թե պաշտոնանկության համար ՍԴ դիմելու հարցի քվեարկությունը գաղտնի չի լինելու, երբ կանոնակարգի 95-րդ հոդվածում ամրագրված է ճիշտ հակառակը։ «Կարող են խաչ քաշել ե՛ւ օրենքի, ե՛ւ կանոնակարգի, ե՛ւ Սահմանադրության վրա, բացահայտ գնալ օրինազանցության եւ ասել, որ հարցի արտահերթ քննարկում պետք չի, եւ այն չի մտնելու եռօրյա նիստերի օրակարգ,- ըստ ամենայնի, կիրականանա ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի այս կանխատեսումը։- Եթե լինեն նման բաներ, դրա ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է հանրապետության նախագահի վրա։ Բնական է՝ ո՛չ Արմեն Խաչատրյանը, ո՛չ Տիգրան Թորոսյանը, ո՛չ Գալուստ Սահակյանը կամ մյուսները ինքնուրույն որեւէ քայլ չեն անելու այս հարցում եւ այս նախաձեռնության ճակատագիրը որոշվելու է նախագահի նստավայրում»։ ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը տեղում չհամաձայնեց պրն Սադոյանի հետ, թե միայն Ռոբերտ Քոչարյանն է պատասխանատու. «Պատասխանատու են այն բոլոր մարդիկ, ովքեր օրենքը խախտելու են»։ Իսկ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ «թիվ 1 պատասխանատու» հռչակեց ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին։ Ալբերտ Բազեյանի որակմամբ, այն պատգամավորներին, որոնք դեմ կլինեն կամ կփորձեն խոչընդոտել այս հարցի քննարկմանը՝ «կգնահատենք որպես հանցագործության պարտակողներ, «27»-ի ոճրագործության մեղսակիցներ»։ Անկախ պատասխանատուներից՝ ակնհայտ է, թե ինչպես է իրեն պահելու մեծամասնությունը։ Այլ հարց է, թե ինչ քայլեր կձեռնարկի ընդդիմությունը, երբ հունիսի 10-ին պաշտոնանկության խնդիրը չի լինի օրակարգում։ «Քաղաքացիներին եւ ընդդիմադիր կուսակցություններին ոչինչ չի մնա, քան դիմել համաժողովրդական անհնազանդության կամ ապստամբության»,- խոստացավ Բազեյանը՝ այդ ապստամբության դրսեւորման ընտրությունը թողնելով ժողովրդին։ Անկեղծ ասած, անհնազանդության «համաժողովրդական» մասնիկի առումով ընդդիմությունը ոչ շատ վաղուց խնդիրներ ունեցավ։ Ուստի առավել իրական են թվում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի առաջարկած քայլերը. «Եթե ԱԺ-ում չի լինելու այդպիսի քննարկում եւ օրենքը շրջանցվելու է՝ միեւնույն է, կայանալու են այդպիսի քննարկումներ։ Այն ամենն, ինչ պետք է ասենք ԱԺ-ում՝ ասվելու է նաեւ ԱԺ-ի պատերից դուրս։ Այնպես որ, փակելն ու կոծկելը, նորից տեղեկատվական շրջափակում ստեղծելն այս հարցի վերաբերյալ (որը կա այսօր)՝ կարծում եմ, հնարավոր չի լինի։ Սա՝ ի գիտություն այն Մատրոսովների, որոնք պատրաստվում են զոհել իրենց»։ «Առավոտի» հարցին, թե ընդդիմությունն ինչ քայլեր կձեռնարկի ԱԺ պատերի ներսում, մանավանդ որ, Գալուստ Սահակյանն արդեն իսկ կանխատեսել էր, թե նրանք «մի փոքր կխանգարեն ԱԺ աշխատանքները, կաղմկեն, կփորձեն ցեխ շպրտել եւ այս անգամ հակադարձը կստանան նաեւ մեծամասնության կողմից»։ Ալբերտ Բազեյանի կանխատեսումը հետեւյալն էր, որ եթե ԱԺ նախագահը խախտի օրենսդրությունը, եւ պաշտոնանկման հարցը չքննարկվի՝ «ապա քայլերից մեկը կարող է լինել այդ ԱԺ նախագահի պաշտոնանկության հարցը… Իսկ դուք գիտեք, որ Արմեն Խաչատրյանն այնքան էլ հեշտ չի ցանկանա իջնել այնտեղից։ Հաջորդ քայլը՝ պատգամավորն իրավունք ունի զբաղեցնել ամբիոնը եւ խանգարել ԱԺ նիստը, եթե սահմանված հարցը չի դրվում քննարկման, կոպիտ ոտնահարվում է օրենքը»։ Այստեղ բոլորը նայեցին Արշակ Սադոյանին, քանի որ պարզ էր, թե ով կարող է գրավել ԱԺ ամբիոնը։ Սակայն Ալբերտ Բազեյանն ասաց, թե բացի Սադոյանից այլ պատգամավորներ էլ են նման պատրաստակամություն հայտնել։ Այստեղ արդեն հիշեցինք, թե ժամանակին Հրանտ Խաչատրյանն ինչպես էր ՀՀՇ համագումարի ամբիոնը օկուպացրել ու գոռում. «Ինձ այստեղից միայն միլիցիայով կարող եք հեռացնել»։ Գուցե հիշի՞ հին օրերը։ ԱԺ մեծամասնության ղեկավարն ընդդիմությանը նաեւ հորդորել էր հույս չունենալ, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկման գործընթացը դուրս կգա վերահսկողությունից «եւ իշխանամետ պատգամավորները կանցնեն իրենց կողմը»։ Հետաքրքրվեցինք, թե, այնուամենայնիվ, ունե՞ն հույսեր, որ աջակիցներ կունենան նաեւ իշխանամետների ճամբարից։ Այս հարցին ի պատասխան՝ Ստեփան Զաքարյանը նկատեց. «Պատահական չէ, որ այս մարդիկ գնում են օրենքի կոպիտ խախտման, որովհետեւ եթե նրանք վստահ լինեին, թե այդ փակ, գաղտնի քվեարկությամբ կպահպանեն իրենց «դեմքը»՝ հաստատ կքննարկեին այդ հարցը։ Բայց ամբողջ հարցը հենց դա է՝ ինչո՞ւ են վախենում քննարկումից. քանի որ դրան հետեւելու է գաղտնի քվեարկությունը թերթիկներով»։ Պատգամավորների կամքն ազատ արտահայտելու հնարավորությունն ապահովելու ձեւն, ըստ Ալբերտ Բազեյանի, այս է՝ «Հասարակական մեծ ճնշումն իշխանությունների վրա, որպեսզի դիմակայենք օրենքները ոտնահարող իշխանության քայլերին»։ Սակայն նաեւ խորհուրդ տվեց, որ լրագրողներն ավելի շատ ուշադրություն դարձնեն խնդրի իրավական կողմին, քան պայքարի ձեւերին. «Սա ցլամարտ չէ՝ մենք գնում ենք իրավական ճանապարհով, եւ մեր բոլոր քայլերը բխում են ՀՀ օրենքներից եւ Սահմանադրությունից»։ Այդ պարագայում պիտի ասվեր, որ եթե նախաձեռնությունը չքննարկվի՝ իրենք 44 ստորագրություն կհավաքեն եւ կդիմեն ՍԴ։ Ինչը, հասկանալի պատճառներով, դժվար թե հաջողվի։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930