Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ «ԿԱԽՎԵԼ» ԷՐ

Հունիս 07,2002 00:00

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ «ԿԱԽՎԵԼ» ԷՐ Երեւի չէր դիմացել հակաօրինական դատավճիռներ տպելու տեմպին Հետեւելով վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, ընթացող քրեական կամ քաղաքացիական գործերով դատավարություններին՝ տպավորություն է ստեղծվում, թե իշխանություններն ամեն ջանք գործադրում են միջազգային բացառապես բոլոր կազմակերպություններում՝ նույնիսկ Եվրոպական դատարանում, Հայաստանի ներկայությունն ապահովելու համար: Ու եթե վարչախումբը շարունակի այսպես տքնաջան աշխատել այդ ուղղությամբ, Եվրոպական դատարանում կհայտնվեն հայաստանյան դատարաններում կայացված ոչ միայն քրեական, այլեւ քաղաքացիական գործերով վճիռներն ու որոշումները: Ճիշտ այդպիսի նախաձեռնություն են պատրաստում քաղաքական ուժերի, ավելի ճշգրիտ, ընդդիմության ներկայացուցիչները: Բայց այդ գործընթացը նրանք մի քիչ հեռվից են սկսում: Ինչպես մեզ տեղեկացրեց «Հանրապետություն» կուսակցության Արաբկիրի տարածքային կազմակերպության նախագահ, մասնագիտությամբ իրավաբան Արմեն Մկրտչյանը, կուսակցությունը մտադիր է հանրահավաքներին եւ երթերին մասնակցած ու ապա վարչական կալանքի կամ տուգանքի ենթարկված շուրջ 30 քաղաքացու նկատմամբ կայացրած դատական որոշումները վիճարկել Եվրոպական դատարանում: Նա շեշտեց, որ դա կարող է լինել վատթարագույն դեպքում՝ եթե Հայաստանում սպառվեն դատարանների միջոցով արդարադատություն եւ օրինականություն հաստատելու նրանց ջանքերը: Կուսակցության քաղխորհրդի անդամը տեղեկացրեց, որ դեռ մայիսի 14-ին Ազատության հրապարակից կազմակերպված երթից հետո, երբ կալանավորել էին իր գլխավորած տարածքային կազմակերպության անդամներին, ինքը գնացել էր Արաբկիրի ՆԳ բաժին ու «խոստովանել», որ կազմակերպիչն ինքն է, ու առաջարկել էր մյուսներին ազատ արձակել: Արդյունքում՝ «Ինձ էլ տարան Կենտրոն եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարան եւ գիշերը ժամը 3-ին դատավոր Հ.Հովհաննիսյանը որոշում կայացրեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 181/1 հոդվածով զանցառու ճանաչել եւ վարչական տուգանքի ենթարկել 500 դրամի չափով: Մեր անդամներից մեկին էլ՝ Էդուարդ Սիմոնյանին, ենթարկեցին 5 օրվա վարչական կալանքի: Բայց ամենակարեւորն այն էր, որ որոշման մեջ նշված էր, որ այն վերջնական է եւ գանգատարկման ենթակա չէ: Կարող է բողոքարկվել դատախազի կողմից: Հենց միայն այդ վերջին երկու նախադասությունները ՀՀ Սահմանադրության կոպիտ ոտնահարում էին: Նախ, մեր օրենսդրությամբ դատախազը վերաքննիչ դատարան բողոքարկելու լիազորություն չունի եւ, բացի այդ, եռաստիճան դատական համակարգի գոյության դեպքում չի կարելի մարդուն զրկել իր նկատմամբ կայացված վճիռը գանգատարկելու իրավունքից»: Անդրադառնալով «Վարչական իրավախախտումների մասին» չարաբաստիկ օրենքին, Ա.Մկրտչյանը մեջբերեց ՀՀ Հիմնական օրենքի՝ Սահմանադրության հոդված 116-ի 2-րդ մասը, որով սահմանված է, որ բոլոր օրենքները ՀՀ-ում գործում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը: Նա տեղեկացրեց, որ ինքը, նաեւ կալանքից ազատված Էդ.Սիմոնյանը, մայիսի 24-ին դիմել էին վերաքննիչ՝ Քաղաքացիական գործերով դատարան: Բողոքն ընդունվել էր եւ մայիսի 3-ին ստացվել էր պատասխանը՝ Էդ.Սիմոնյանի հայցն ընդունվել է վարույթ եւ դատը նշանակվել մայիսի 17-ին: Իսկ ահա Ա.Մկրտչյանի դիմումի պատասխանը չէր տրվել անհեթեթ պատճառաբանությամբ. ասել էին, թե համակարգիչը «կախվել» է: «Այսօր մեր դատական ամբողջ համակարգն է «կախվել» ու կախվել է Ռ.Քոչարյանից»,- նկատել էր Ա.Մկրտչյանը: Վերջինս պարզաբանեց, թե, ըստ էության, տպագրելու ոչինչ էլ այդտեղ չկար, քանի որ որոշումը տրվում է ձեւաթղթի վրա՝ ձեռագրով լրացված: Նա միայն երկու օր առաջ, իրոք, ձեւաթղթի վրա՝ ձեռագրով լրացված պատասխան էր ստացել, որ իր դիմումն էլ է ընդունվել վարույթ եւ դատը նշանակվել է մայիսի 11-ին: «Մենք շատ վճռական ենք տրամադրված եւ մինչեւ վերջ պաշտպանելու ենք մեր շահերը»,- հատուկ շեշտեց կուսակցության ներկայացուցիչը՝ առանձնակի պատրանքներ չունենալով, թե վերաքննիչում ինչ-որ բան կփոխվի: «Բայց սա ինքնին արդեն նախադեպ է»,- իրեն հույս տալով ասաց նա եւ ավելացրեց, թե իրենք պատասխանող կողմ են ճանաչել ՆԳՆ-ին, որի կազմած նյութերի ու նրանց դիմումի հիման վրա է գործը դատարան մտել: Մեր այն հարցին, թե ինքն իրո՞ք կարծում է, թե իշխանությունները կփոխեն իրենց արդեն առաջին ատյանով կայացրած վճիռները, առավել եւս, որ դա կարող է զանգվածային բողոքարկումների համար նախադեպ լինել, պրն Մկրտչյանը պատասխանեց. «Ավելի լավ է սխալը ժամանակին ընդունել եւ ուղղել, քան խայտառակ լինել միջազգային ատյաններում: Որքան էլ ես այս հարցում շահագրգիռ կողմ լինեմ, միեւնույն է, անկեղծորեն չէի ցանկանա, որ Հայաստանը դրսում այսպես ներկայանար: Ինձ ավելի ձեռնտու կլինի, եթե մեր պետությունը, մեր դատարաններն իրենք ուղղեն իրենց սխալը, քան նրանց ստիպեն դա անել: Իսկ այդպիսի շանսեր, իմ կարծիքով, դեռ կան»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930