Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ԷԼ ԵՆ ԳՐԱՔՆՆՈՒՄ

Հունիս 06,2002 00:00

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ԷԼ ԵՆ ԳՐԱՔՆՆՈՒՄ Կամ սրտհովանք՝ հայ լրագրողներին «Մամուլի ազատությունը երբեք չի ընծայվում, նրա համար պիտի անընդհատ պայքարել, այնպես՝ ինչպես պայքարում են հայ լրագրողները՝ ցույց տալով աշխարհի ժողովուրդներին, թե ինչպես պետք է դա անել»,- երեկ այսպես արտահայտվեց Միդդլսեքս համայնքային քոլեջի դասախոս, լրագրող Ռոբերտ Մատորին հայաստանյան ժուռնալիստիկայի արդի խնդիներին նվիրված գիտաժողովում։ Զուգահեռներ անցկացնելով հայաստանյան եւ ամերիկյան իրականությունների միջեւ՝ նա հիշեց, թե ինչպես է ինքը 2 անգամ ձերբակալվել քաղաքական ցույցերի վերաբերյալ լրատվություն տարածելու համար, այն դեպքում, երբ «Ամերիկան աշխարհում համարվում է ազատ մամուլի խորհրդանիշ»։ «Բացարձակ առումով մամուլի ազատություն չկա,- ասաց ամերիկացի լրագրողը,- սակայն աշխարհի տարբեր երկրների հետ համեմատած, իհարկե, ԱՄՆ-ում կա մամուլի ազատություն»։ Ռ. Մատորին համոզված է, որ «ԶԼՄ-ները ազատություն ձեռք բերելուց հետո էլ չպետք է հանգիստ նստեն, մանավանդ որ ազատության պահպանումը հոգնեցուցիչ պայքար է ենթադրում բոլոր երկրներում»։ Ռ. Մատորին դրական գնահատելով հայաստանյան լրատվամիջոցների՝ «Մամուլի եւ հեռուստատեսության մասին» օրենքին ընդդիմանալու փորձերը, հիշեց ԱՄՆ-ում տիրող հետսեպտեմբերյան իրավիճակը։ Նա նաեւ նկատեց, որ ներկայումս ԱՄՆ իշխանությունները փորձում են ուղղորդել տեղական լրատվամիջոցներին, իսկ առաջատար հեռուստաընկերությունների ղեկավարներին նույնիսկ ակնարկել են էկրանից «վերացնել» Բեն Լադենին վերաբերող զայրույթ առաջացնող կադրերը։ Նա կարեւորեց լրագրողների իրավունքի ու պարտականության խնդիրները. «Դրանք նույնքան պարտադիր են լրագրողի համար, ինչպես մամուլի ազատությունը՝ իշխանությունների համար»։ Հակառակ ամերիկյան լրագրողի՝ մամուլի ազատության չափանիշների վերաբերյալ տարօրինակ կարծիք ուներ ԵՊՀ պրոռեկտոր Արա Ավետիսյանը։ Նա ինքնագոհ կեցվածքով, հանկարծ գյուտ արածի նման հայտարարեց, թե «պետությունն իրավունք ունի որոշելու խոսքի ազատության սահմանները»։ Հայաստանում նոր մամուլի կայացման ընթացքի մասին ներկաներին «իրազեկեց» նաեւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը։ Նա ներկայացրեց խորհրդային մամուլի համակարգի փլուզման եւ նոր ժուռնալիստիկայի ձեւավորման ընթացքը Հայաստանում՝ հանգելով զանազան բացառիկ եզրակացությունների։ Գ. Անանյանը նախ մանրամասնորեն բնութագրեց երբեմնի Միության փլուզմանը հաջորդած ողջ տասնամյակը եւ հնարավոր ու անհնար գրաքննությունը, որ անկախության հռչակագրի ընդունումից հետո «շոշափուկներն իրեն էր քաշել»։ Դեկան-լրագրողը 90-92թթ. անվանեց պարբերականների ծննդի ու պայթյունի տարիներ, անչափ ցավելով, որ հետագայում «էներգետիկ ճգնաժամը, ղարաբաղյան պատերազմը, թղթի պակասն ու թանկացումը, Հայաստանի առաջին նախագահի 1994թ. ելույթը կասեցրին զարգացման դինամիկան»։ Սրանով պայմանավորված էլ Գ. Անանյանը այդ տարիներն անվանեց «նորացված մամուլի լճացման տարիներ»։ Ի դեպ, մերօրյա մամուլն այսօր էլ չի բավարարում պարոն Անանյանին. ըստ նրա, «կա խմբագիրների ուղղորդված հսկողությունը եւ ստվերային գրաքննություն», իսկ նախկին «քաղբյուրոյի ճիրաններից ազատված ԶԼՄ-ները հայտնվել են կապիտալի ճիրաններում», չհաշված որ, «ինքնագոհ կեցվածքով ազատ մամուլի մունետիկներ ներկայացողներն իրականում ընդգծված իշխանամետ լրատվամիջոցներ են»։ Գ. Անանյանի աֆորիզմային եւ մակդիր-համեմատություն-փոխաբերություն պարունակող խոսքին (ինչը վայել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանին) համարյա չէր զիջում հրապարակախոս Մարգո Ղուկասյանի զեկույցը՝ հիմնված նրա ժուռնալիստական 50-ամյա փորձի վրա։ «Հնի ու նորի սահմանագծում» վերնագիրը կրող զեկույցի հիմնական մեխերն այն էին, որ լրագրողը ծննդավայր չունի եւ մեկ էլ հիշողությունն իր 120 էջանոց հոդվածի վերաբերյալ, որով տիկին Ղուկասյանը ժամանակին պաշտպանել էր մեխանիկ-գյուտարար Կարապետ Չոբանյանին։ Ընդհանրապես, հայաստանյան ժուռնալիստիկայի խոչընդոտների վերաբերյալ ամենատարբեր մտքեր հնչեցին, սակայն բոլորի մեջ առանձնանում էր Ռ. Մատորիի կարծիքն ընդհանրապես մամուլի ազատության մասին. «Ի՞նչ է մամուլի ազատությունը… Այս հարցին տարբեր կերպ կարելի է պատասխանել՝ կախված իրավիճակից, նրանից՝ ով է հարցնում, արհեստավարժության ինչպիսի չափանիշներով ենք առաջնորդվում, ինչպիսի օրենսդրություն ունենք եւ այլն»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել