Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեդալի հավակնորդը 2 է ստացել

Հունիս 06,2002 00:00

Մեդալի հավակնորդը 2 է ստացել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին, պահպանելով Քոչարյանի զավակների ավանդույթը, հավակնում է մեդալի։ Եվ ոչ ոք չի էլ կասկածում, որ նա կստանա այն ու մեկ քննությամբ բուհ ընդունվելու արտոնությունից կօգտվի։ Հայոց լեզվի եւ մաթեմատիկայի մեդալի քննություններից նա 20-ական միավոր է ստացել։ Մեդալի մյուս հավակնորդներից քանիսը կստանան մեդալ՝ առայժմ դժվար է վստահորեն ասել, քանի դեռ ամփոփված չեն նաեւ մյուս քննությունների արդյունքները։ Սակայն արդեն այսօր ակնհայտ է, որ այդ թիվը, նախորդ տարվա համեմատ, փոքր կլինի։ Հայոց լեզվի քննությունից հետո քննությանը մասնակից 357 հավակնորդներից միայն 200-ն էր 19-20 միավոր ստացել։ Մաթեմատիկայի քննությանը մասնակցել էր 263 շրջանավարտ, որից 19-20 միավոր է ստացել 168-ը։ Սակայն մեդալի քննության մասնակիցներից միայն 125-ն է, որ 2 առարկայի քննությունից էլ 19-20 միավոր է ստացել, այսինքն՝ պահպանել մեդալ ստանալու հավանականությունը։ Սա մինչեւ մաթեմատիկայի գնահատականի բողոքարկումը եղած արդյունքներով, իսկ թե բողոքարկումից հետո եւս քանի դիմորդ կավելանա այդ 125-ին, ԿԳՆ-ում երեկ տեղյակ չէին, քանի որ մինչեւ օրվա վերջ դեռ ամփոփված չէին քննությունների արդյունքները։ Եվ նույնիսկ տեղեկություններ չունեին այն մասին, թե ընդհանրապես քանի հավակնորդ է մաթեմատիկայից գնահատականը բողոքարկել եւ դրա արդյունքում քանիսի գնահատականն է փոխվել։ ԿԳՆ պաշտոնյաները խոստացան ամփոփ տեղեկությունները եւ քննությունների արդյունքների վերլուծությունը ներկայացնել այսօր։ Ի դեպ, մաթեմատիկայի քննությանը մի արտառոց դեպք է արձանագրվել. մեդալի հավակնորդներից մեկը ընդամենը 2 միավոր է ստացել այս առարկայից, այսինքն՝ նույնիսկ չի հաղթահարել բավարարի՝ 8 միավորի սահմանը։ Հայոց լեզվի քննությունից արձանագրված ամենացածր միավորը 10-ն էր։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել