Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեծամորի ԱԷԿ. միայն թվե՞ր

Հունիս 06,2002 00:00

Մեծամորի ԱԷԿ. միայն թվե՞ր Վերջերս շրջանառության մեջ է դրվել էներգետիկ համակարգի կողմից 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք էլհոսանքի արտահանման հնարավորության իրողությունը։ Հարց է ծագում՝ համակարգի ո՞ր հզորություններում են նախատեսվում արտադրել այդ գումարին համարժեք շուրջ 4 մլրդ կվտ/ժամ կազմող էլեկտրաէներգիայի ծավալները, երբ ըստ մասնագետների, գործող ջերմակայանները սպառել են իրենց արդյունավետ շահագործման ռեսուրսները (Որոտանի հիդրոհամալիրը 1,3 մլրդ կվտ/ժ նախագծային հզորության դիմաց 2001 թվականին արտադրել է հազիվ 526 մլն կվտ/ժ եւ այլն)։ Խնդրի շուրջ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Կարեն Սարգսյանի պատասխանում նշված են գործող կայանների հնարավորությունները, 9,5 մլրդ կվտ/ժ կարողությամբ։ Առայժմ անդրադառնանք դրանցից մեկին՝ Մեծամորի ատոմակայանին։ Տեղեկանքում նշված է. ՀԱԷԿ-ի տարեկան արտադրանքը կարող է կազմել 2,5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Որ 1985-ին կայանն իրոք տվել է նշված թվից անգամ 350 մլն կվտ/ժ ավելի էլարտադրանք՝ հանրահայտ է։ 2.850 մլն կվտ/ժ հնարավորությունն էր հանրությանը հրամցվում նաեւ ատոմակայանի վերագործարկման հիմնավորման շրջանում։ Ինչ ունենք վերաշահագործումից հետո. առաջին տարում՝ 1996-ին՝ 2,3 մլրդ կվտ/ժ, հետագա 5 տարիներին՝ 1,8-2 մլրդ կվտ/ժ։ Թե ինչու չի արտադրվում խոստացված 850 մլն-1 մլրդ կվտ/ժ-ը, ոչ ոք չի հարցնում, ոչ մեկին չի անհանգստացնում։ Որովհետեւ առաջին պլանում է ատոմակայանի շահագործման անվտանգությունը։ Պատասխանի շուրջ կարելի է թերեւս ենթադրություն ներկայացնել, որը հիմնված է ստույգ փաստի վրա։ Ըստ ԽՍՀՄ վիճպետկոմի՝ 1989-ին ԽՍՀՄ ատոմակայանները իրենց միջին տարեկան հզորությամբ աշխատել են 5700 ժամ, տարվա 8760 ժամերից։ 1986-87թթ. միջին տարեկան ժամերի քանակը եղել է 5400 ժամ, 1985-ին՝ 6000 ժամ։ Թե ինչ բացատրություն ունի նույն տարում Մեծամորի ԱԷԿ-ի 7000 ժամ շահագործումը, կարող են տալ նախագծողները։ Թերեւս շատ էլ չսխալվենք, եթե 1996-ի 2,3 մլրդ կվտ/ժ էլարտադրությունը որակենք վերաշահագործման ջատագովներին նվիրատվություն, քանզի հետագա տարիների կայուն 1,8-2 մլրդ կվտ/ժ էլարտադրությունը համարժեք է կայանի 5000 ժամ շահագործման ցուցանիշի։ Աշխարհի լավագույն ատոմակայանները աշխատում են 6500-8000 ժամերի սահմանագծում։ Վերջաբանը մի պարզ օրինակով սահմանափակենք. միլիոնավոր վարորդներ կփաստեն, որ իրենց գործունեությունում անգամ 1 ժամ չեն օգտվել ավտոմեքենաների առավելագույն արագություններից. անգամ ժամանակակից ավտոմեքենան ու հիանալի ճանապարհը երաշխիք չեն անվտանգության առումով։ Առավել եւս՝ երբ գործ ունենք ջերմամիջուկային հրեշի հետ։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել