Լրահոս
Օրվա լրահոսը

Թվայնացված ներշնչանք

Հունիս 05,2002 00:00

Թվայնացված ներշնչանք «Եթե այսօրվա համերգին ժողովրդի կեսը դուրս գա դահլիճից, այլեւս Հայաստան չենք գա»,- երեկ մինչ համերգը կայացած ասուլիսում «սպառնաց» Էնդրյու Ջոնսը։ Ո՞վ է նա։ Էնդրյու Ջոնսը Բրիտանիայի Միացյալ Թագավորության բրիտանական խորհրդի լոնդոնյան գրասենյակի դրամայի եւ պարերի ծրագրի ղեկավարն է։ Հայաստան է եկել բալետային նորարարական խմբի հետ։ Մեր մշակութային կյանքում եզակի այս ներկայացումը կազմակերպել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը, ըստ որի, տոմսերն ու հրավիրատոմսերը սպառվել են համերգից մի քանի օր առաջ։ Ընդ որում, օպերային թատրոնի 1000 տեղանոց դահլիճում հիմնականում կլինեն պարարվեստի եւ մշակութային այլ օջախների սովորողներ եւ ուսուցիչներ, ինչպես նախատեսված է ծրագրով, իսկ վաճառքի է հանվել ընդամենը 200 տոմս։ Ինչպես նշեց գրասենյակի մենեջեր Յուլյա Պետրոսյան- Բոյլը, իրենց նպատակը ոչ թե շահույթ ստանալն է, այլ Բրիտանիան նոր լույսի տակ ներկայացնելը։ «Պետք չէ ճանաչել Անգլիան՝ որպես պահպանողական ու սահմանափակ երկիր, որն ունի միայն թագուհի եւ Բուկինգհեմյան պալատ,- ասաց նա,- Բրիտանիայում այսօր ամենամոդեռն արվեստ ու մշակույթ կա, որին ուզում ենք հաղորդակից դարձնել նաեւ հայերին»։ Անդրադառնալով նորարարական բալետային այս ներկայացմանը, կարելի է մեջբերել լրագրողներին տրամադրված ծանոթագրություններից մի հատված. «Մըք Գրեգրի թվայնացված ներշնչանքի արդյունք ստեղծագործությունների եռյակը (Ջուր, Բոց, Հող-օդ) «Ռանդըմ Դանսը» հասցրեց իր գագաթնակետին՝ եռագրության մեջ կատարողական մի անսովոր փորձառության, որը նախորդ երեք գործերի տարրերը վերաձեւել է տեսողական հափշտակիչ մի ամբողջության մեջ»։ Ավելի պարզ, սա 9 պարողներով բեմականացված բալետային ներկայացում է, որը ծավալվում է վիրտուալ ֆիզիկական եւ էկրանային տարածքներում, ստեղծելով պարարվեստի եւ նոր տեխնոլոգիաների միանգամայն թարմ ոճ։ Ի դեպ, ռեժիսոր Վեյն Մըք Գրեգրի այս նոր ստեղծագործությունը ոչ նկարահանվելու է ու լուսանկարվելու, ոչ էլ հատկապես՝ տարածվելու։ Եվ ոչ միայն մեր երկրում։ Պատճառն այն է, որ «Ռանդըմ Դանս» խումբը «ներվեր չունի» բանակցություններ վարել ստեղծագործական խմբի հետ, թե ով ինչքան փող կուզի հեղինակային իրավունքն օգտագործելու համար։ Ընդամենը մեկ բեմելից հետո բրիտանական խումբը կմեկնի Թբիլիսի, այնուհետեւ Միջին Ասիա եւ Բաքու։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել