Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնը դաժան «սիրուհի» է

Հունիս 05,2002 00:00

Թատրոնը դաժան «սիրուհի» է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն այս տարի նշում է իր հիմնադրման 60-ամյակը՝ հոբելյանական 60-րդ թատերաշրջանը նշանավորելով ոչ միայն հայաստանյան հարուստ խաղացանկով, այլեւ արտերկրյա միջազգային թատերական փառատոներում շահած գլխավոր մրցանակներով։ Հուրախություն թատերասերների, «Հ. Պարոնյան» թատերախումբը Վ. Կոտոյանի «Իմ զոքանչը» ներկայացմամբ (բեմադրությունը՝ ՀՀ ժողարտիստ Կարպ Խաչվանքյանի, գլխավոր դերակատար՝ ՀՀ ժողարտիստուհի Սվետլանա Գրիգորյան) օրերս հյուրախաղերով մեկնել էր Անգլիա։ Զրուցում եմ Հ. Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանի հետ։ – Շատ կուզեի, որ թատրոն եկած երիտասարդությունը (որը գալիս է ապացուցելու, որ հայ ժողովուրդը հոգեւորի ժողովուրդ է) հավատա, որ հայ թատրոնը միշտ կլինի։ Հիշեցնեմ նաեւ, որ ոչինչ առանց տքնաջան աշխատանքի չի ստեղծվում։ Ավելին՝ թատրոն կոչվածը ամենաաններող, ամենասարսափելի, ամենադաժան «սիրուհին» է, որն այլ մրցակից չի ընդունում։ Իսկ եթե նրան դավաճանես, այլեւս վերադարձ չի լինի։ Մեր թատրոնի 60-ամյակը առանձնանում է մի շարք նշանավոր երեւույթներով։ Նախ՝ 60-ամյա այս թատերաշրջանի ընթացքում բավականին մեծացավ մեր թատրոնի հյուրախաղային քարտեզը՝ Իրան, Իրաք։ Վերջերս էլ պատիվ ունեցանք բրիտանահայ հանդիսատեսին ներկայանալ 30 տարի անընդմեջ, առանց վերաբեմադրությունների մատուցվող «Իմ զոքանչը» վոդեւիլով, որտեղ ավելի քան 2500 անգամ զոքանչի՝ Սաթենիկի անփոփոխ դերակատարն է Սվետլանա Գրիգորյանը։ Նրա փայլուն խաղը թե՛ մայր հայրենիքում, թե՛ Սփյուռքում՝ պարզապես խենթացնում է։ Սիրով ուզում եմ տեղեկացնել, որ թատրոնի 60-ամյակի առիթով այժմ Գոհար Հարությունյանի ղեկավարությամբ բեմադրության է պատրաստվում Լոպե դե Վեգայի «Պարտիզպանի շունը» նեկայացումը, որի պրեմիերան նախատեսված է հունիսի 8-ին եւ 9-ին։ Այնտեղ ներգրավված են մեր թատրոնի թե՛ ավագ եւ թե՛ երիտասարդ սերնդի դերասանները, այդ թվում՝ մեծ բեմում առաջին քայլերն անող շնորհաշատ նորեկներ։ «Պարտիզպանի շունը» ներկայացմանը կհաջորդի նաեւ Արտեմի Այվազյանի «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգություն-օպերետը, որը կրկին նվիրված է մեր հոբելյանին։ Մեր հետագա ծրագրերում մտադիր ենք լուրջ ուշադրություն դարձնել ազգային խաղացանկին, քանզի առանց ազգային դրամատուրգիայի՝ ազգային թատրոն, հայ թատրոն լինել չի կարող։ Առաջիկայում կանդրադառնանք մերօրյա հրաշալի դրամատուրգ Ժիրայր Անանյանի նոր պիեսին, որն, ի դեպ, հատուկ գրվում է մեզ համար։ Հոկտեմբերին մտադիր ենք տոնել նաեւ Սվետլանա Գրիգորյանի բեմական գործունեության 50-ամյակը։ Եվ քանի որ այսօր զրուցում ենք միայն տոնական առիթով, դժվարությունների մասին մտածված չեմ ուզում խոսել։ Մանավանդ որ, աններելի լավատես եմ եւ գիտեմ, որ բոլոր դժվարություններն էլ, ի վերջո, ժամանակավոր են։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Հ. Գ. Հունիսի 2-ին Ե. Ղազանչյանի ծննդյան օրն էր։ Մենք եւս միանում ենք բոլոր բարեմաղթանքներին՝ ցանկանալով նրան ստեղծագործական նորանոր վերելքներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել