Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՀԸ ՆՎԱԳԱԽՄԲԻՆ ԶՐԿԵԼ Է ՏԱՐԱԾՔԻՑ

Հունիս 05,2002 00:00

ԲՈՒՀԸ ՆՎԱԳԱԽՄԲԻՆ ԶՐԿԵԼ Է ՏԱՐԱԾՔԻՑ Երեւանի քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի երբեմնի լենինյան կոմերիտմիության դափնեկիր Ն. Թեյմուրազյանի անվան փողային նվագախումբը այսօր խղճուկ փորձատեղի ունի։ 100 քմ ընդարձակ սրահը եւ երկու փորձասենյակները վաղուց չկան։ Տարածքի մի մասը, կարելի է ասել՝ առյուծի բաժինը 90-ականների սկզբին հատկացվել է «Հրաչյա Աճառյան» համալսարանին, իսկ խմբի ղեկավար Հայկ Մկրտչյանը իր ձեռքերով ինքնաշեն փորձասենյակ է կառուցել՝ օգտագործելով Մանկապատանեկան կենտրոնի միջանցքի մի հատվածը։ Նվագախմբում ամենաերիտասարդ գործիքը 25 տարեկան է։ Միայն վերջերս Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունը երկու գործիք է նվիրել այս նվագախմբին։ Իհարկե, երաժշտական գրականության կարիք էլ կա այստեղ եւ ոչ միայն։ Նման պայմաններում «փորձասենյակում» ավելի քան 60 երեխայի հետ անհատական պարապմունք է տարվում եւ միայն կիրակի օրերին է նվագախումբը հավաքվում ու փորձում ամբողջ կազմով։ Վերջին տարիներին Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներ-դպրոցականների պալատի կիսավեր շենքում ոչ մի օր չեն դադարել տարբեր խմբակների պարապմունքները։ Անգամ անլույս ու ցուրտ սենյակներում, փոքր վառարանների մոտ էլ Երեւանի քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն դարձած պիոներպալատի փողային նվագախումբը շարունակել է իր աշխատանքը։ Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ցնծություն են ապրել մարդիկ 1921 թվականին, երբ համընդհանուր գորշության մեջ հանկարծ լսվել է նվագախմբի երաժշտությունը։ Ի դեպ, երբ ստեղծվեց այն, Հայաստանում չկար ո՛չ փողային, ո՛չ սիմֆոնիկ, ո՛չ էլ նույնիսկ ժողգործիքների նվագախումբ։ Նշենք նաեւ, որ դեռ 1905թ. Կոմիտասն էր ձեռք բերել փողային գործիքներ եւ նրա երազանքն էր Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում ստեղծել փողային նվագախումբ։ Բայց Եղեռնը չթողեց իրականացնել այն։ Տարիներ անց այդ գործիքները դարձան նվագախմբի սեփականությունը։ 80 տարիների ընթացքում փողային նվագախումբը ղեկավարել են Նիկոլայ Թեյմուրազյանը, Հմայակ Շախնազարյանը, Ռոբերտ Աթայանը, Գուրգեն եւ Գրիշա Հովումյանները։ 1983-ից մինչ օրս նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է Հայկ Մկրտչյանը, որին օգնում են դասատուներ Ժորա Գալստյանն ու Աշոտ Կարապետյանը։ Պիոներպալատի արդեն ծերացած ու մաշված կամարների տակ իրենց երաժշտական մկրտությունն են ստացել գիտության եւ արվեստի ներկայիս ճանաչված շատ գործիչներ։ Հիշեցնենք, որ Հայաստանի մանկական առաջին փողային նվագախումբը մասնակցել է Խորհրդային Միության բազմաթիվ միջոցառումների, մրցույթների, փառատոների։ «Անհոգ մանկություն» տեսած ու ապրած նվագախմբի ղեկավարն այսօր հիշում է միայն անցած ու գնացած երանելի օրերը, հույս փայփայելով, որ հնարավոր է անցածը կրկնվի. «Հայկական երաժշտությունը հպարտությամբ հնչեցրել ենք «Օրլյոնոկ», «Արտեկ», «Օկեան» հանրահայտ ճամբարներում։ Դափնի ենք շահել Մոսկվայում՝ ուսանողության եւ երիտասարդության համաշխարհային փառատոնում։ Ջերմությամբ եմ հիշում Սուվորովի անվան զինվորական ուսումնարանի հետ ունեցած մեր համատեղ համերգները Սեւ ծովի առափնյա քաղաքներում։ Տարիներ շարունակ «սպասարկում» էինք նաեւ Ծաղկաձորի ճամբարներին։ Հետո վերջիններիս ղեկավարները երեւի «գցեցին-բռնեցին», որ մի սինթեզատորով էլ կարելի է երեխաների առօրյան յոլա տանել, էլ ի՞նչ կարիք կա մոտ 20 երաժիշտ պահելու։ Ինչեւէ, ապրում ենք։ Եվ հույս ունենք, որ Հայաստանի 80 տարեկան առաջին ծիծեռնակը դեռ էլի կապրի։ Իսկ ապրել՝ նշանակում է ստեղծել, արարել»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Ճիշտ չէ՞ր լինի, որ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ երեխաների ու երիտասարդների համար բազմաթիվ միջոցառումներ կազմակերպած քաղաքապետարանը, գոնե նվագախմբի 80-ամյակը հարգելով, նրանց մի «բնակարան» նվիրեր։ Մանավանդ որ, այսօր նվագախմբի սաները 7-18 տարեկան են եւ գուցե նրանց մեջ վաղվա նշանավոր կոմպոզիտորներն ու երաժիշտներն են, որոնք այսօր անուշադրության են մատնված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել