Մի բողոքիր, որ չդատվես 11.05.2002թ. «Առավոտում» նշել էինք, թե ինչ հանգամանքներում էր կալանքի ենթարկվել Վանաձորի բնակչուհի Աիդա Ասատրյանը (ծնվ. 1945թ., այրի), որը սկսած 1998թ. մի քանի անգամ բողոքի ցույց, նստացույց եւ հացադուլ էր հայտարարել՝ ընդդեմ տեղական իշխանությունների։ Իսկ ինչպես ծնվեց նրա նկատմամբ 1/64 քրգործը։ Ս. թ. հունվարի 8-ին, Ա. Ասատրյանը տեսնելով, որ իր բնակության վայրի մոտ գտնվող հյուրանոցի (որը տարիներ առաջ մանկապարտեզ էր եւ որտեղ աշխատել էր ինքը) համար բնական գազի ճնշման կարգավորիչ կայան է տեղադրվում, մտահոգվելով, որ դա կարող է վտանգ հանդիսանալ շրջապատի համար, վիճաբանության մեջ է մտնում մոնտաժող բանվորների հետ։ Վեճին ներգրավվում են նաեւ «ազդեցիկ» մարդիկ՝ հյուրանոցի տերերից։ «Երբ ես որպես համայնքի անդամ պահանջեցի ցույց տալ օրինական փաստաթուղթ, նա վերջին հայհոյանքները թափեց իմ վրա»,- գրում է Ասատրյանը բողոք -նամակում՝ մի «ազդեցիկ» մարդու մասին, որը հետագայում նախաքննական մարմնի մոտ եւ դատարանում վկայում է, որ Ասատրյանը «խուլիգանական հայհոյանքներ է տվել» (միգուցե փոխադարձե՞լ)։ Ըստ նախաքննական մարմնի կողմից տրված եզրակացության՝ 24. 02.2002թ. այդ վիճաբանությունից հետո (որի ընթացքում Ասատրյանը «կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը», «բացահայտ անհարգալից վերաբերմունք է արտահայտել ներկաների նկատմամբ») վերջինս «բարձրացել է իր՝ 3-րդ հարկում գտնվող բնակարանը, որտեղից 2 դատարկ շիշ է նետել բանվորների ուղղությամբ, որոնցից մեկը կպել է անչափահաս Գ. Ա.-ի գլխին եւ նրան հասցրել առանց առողջության կարճատեւ քայքայման թեթեւ մարմնական վնասվածք»։ Իսկ արդյո՞ք անհարգալից վերաբերմունք չէ այն, որ առանց շրջապատի մարդկանց (վթարային շենքի բնակիչների) հանգամանորեն բացատրելու, կամ քաղաքացու օրինական պահանջին օրինավոր պատասխանելու փոխարեն՝ հրահրում են նրան անկանխատեսելի գործողությունների։ Մի՞թե քաղաքացին իրավունք չուներ մտահոգվելու իր եւ շրջապատի անվտանգության հարցով։ Ահա հենց այդ առթիվ էլ, դեռ մինչեւ նախաքննական մարմնի կողմից Ասատրյանի նկատմամբ ՀՀ քրօրի 222 հ. 3-րդ մասով («չարամիտ խուլիգանություն») գործ հարուցելը, ապագա «մեղադրյալը» դիմում-բողոքներ է հղում վերադաս մարմիններ, իսկ երբ փետրվարի 22-ի «ճակատագրական» օրը փորձում է իր հարցով մոտենալ Վանաձոր այցելած ՆԳ նախարարին, նրան քաղաքապետարանի շենքից բերման են ենթարկում՝ «հասարակական կարգը խախտելու» անվան տակ։ Գտնվում են 2 ընթերականեր, որոնք «վկայում» են այդ մասին։ Ասատրյանի տեղեկացմամբ՝ ընթերականերից մեկի հարազատի նկատմամբ քրեական գործ է եղել եւ, հետեւաբար, այդ ընթերակայի վկայությունը կարող էր լինել ճնշման ազդեցության տակ։ «Արդեն ուշ ժամի հրավիրեցին դատավոր Վ. Հովհաննիսյանին, որն էլ, առանց հարցնելու, թե ինչումն է բանը, հայտարարեց, որ ես կատարել եմ վարչական խախտում եւ ինձ տուգանում է 1500 դրամ եւ ազատ արձակում»,- գրում է Ասատրյանը, որը, չնայած պետք է ազատ արձակվեր փետրվարի 22-ի ժամը 23-ից, այդուհանդերձ, պահվում է մեկուսարանում (մինչեւ հունվարի 8-ի դեպքի առթիվ հարուցվեր քրգործ՝ ՀՀ քրօրի 222 հ. 3-րդ մասով եւ նրա նկատմամբ նոր որոշում կայացվեր՝ «կալանք կիրառելու միջնորդություն հարուցելու մասին», դատարանն էլ փետրվարի 25-ին բավարարեր այդ միջնորդությունը եւ Ասատրյանի նկատմամբ ընտրեր «խափանման միջոց կալանք՝ 1 ամիս ժամանակով, կալանքի սկիզբը հաշվելով 22.02. 2002թ.»)։ «Ասատրյանը հրաժարվել է բացատրություն տալուց եւ ձերբակալման արձանագրությունը ստորագրելուց»,- նշվում է 22.02.2002թ. Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի՝ վարչական իրավախախտման 172 հոդվածով կայացրած որոշման մեջ։ «Ասատրյանը հայտարարեց, որ հրաժարվում է պաշտպան ունենալուց եւ սույն որոշումը ստորագրելուց, պատճառաբանելով, որ բոլոր իրավապահները կաշառակերներ են»,- նշվում է Ասատրյանին «որպես մեղադրյալ» ներգրավելու վերաբերյալ որոշման մեջ՝ կայացած 24.02. 2002թ. նախաքննական մարմնի կողմից։ Սա արդեն վերաբերում էր հունվարի 8-ի դեպքին. տարբեր ամիսներում տարբեր «արարքների» համար 2 որոշումներ են հապճեպ կայացվում՝ 3 օրում։ Իսկ մարտի 7-ին, երբ Ասատրյանն արդեն Աբովյանի քրեակատարողական հիմնարկից Վանաձոր էր տեղափոխվել եւ ազատ արձակվել (իրեն «խելոք պահելու» եւ քաղաքից չբացակայելու պայմանով), Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը վերջինիս ՀՀ քրօրի 222 հ. 3-րդ մասով դատապարտում է տուգանքի՝ 25 հազար դրամի չափով։ Հատկանշական է, որ դատավճռի մեջ ոչ մի տող չկա այն մասին, թե ինչո՞ւ էր Ասատրյանը վիճաբանության մեջ մտել, ինչի՞ց ծնվեց նրա «հանցանքը», չկան նաեւ նրա արդարացման պատճառաբանությունները։ Պարզապես՝ դատավճիռը մուրճի զորությամբ հասցվում է այն մարդու գլխին, ով անարդարությունից բողոքելու արդյունքում հայտնվում է ամբաստանյալի աթոռին եւ այդ մուրճի մեջ իրենց ուժն ու եռանդն են ներդրել նաեւ այն «ազդեցիկ» մարդիկ, ումից բողոքում է քաղաքացին։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր