Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՄԱՎՈՐ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ

Հունիս 05,2002 00:00

ԿԱՄԱՎՈՐ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ Ուստարվա վերջին զուգընթաց՝ ավելացել են ծնողների անհանգստությունները։ Վերջին զանգի, ավարտական քննությունների համար կատարվող դրամահավաքները շատ ծնողների դժգոհությունն են առաջացրել։ Օրերս էլ «Առավոտն» ահազանգ էր ստացել այն մասին, որ Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում գումար են հավաքում՝ ծնողական համայնքի օժանդակությամբ դպրոցի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Ըստ տեղեկությունների, յուրաքանչյուր աշակերտից ակնկալվում է 5000 դրամ։ Նկատենք, որ դեռ նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի օրոք արգելվում էր դպրոցներում դրամահավաքը։ Իսկ թե այսօր ինչքանո՞վ է հստակեցված նորմատիվային դաշտը կամ օրինակա՞ն է ծնողներից գումար հավաքելը հարցերի շուրջ պարզաբանումների համար «Առավոտը» դիմեց քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Կուբանյանին։ Նրա խոսքերով. «Ներկայիս քաղաքապետը գրեթե առանց փոփոխությունների պահպանել է նույն որոշումը, որով դասերից դուրս, դպրոցներում արգելվում է բոլոր տիպի միջոցառումների համար գումար հավաքելը։ Եթե նույնիսկ կրթության վարչությանը դիմում են այս կամ այն համերգային, թատերական խմբեր՝ դպրոցներում ելույթներ ունենալու ակնկալիքով, նրանց եւս տալիս ենք քաղաքապետի որոշումը։ Մայիսի սկզբներին մենք հանդես եկանք տարբեր ԶԼՄ-ներով եւ հայտարարեցինք, որ խստիվ արգելվում է դպրոցներում ամեն տեսակի դրամահավաքը՝ կապված վերջին զանգի, քննությունների արարողությունների հետ։ Դպրոցներում ճաշկերույթներ սարքելը դատապարտելի է, չի կարելի։ Ուսուցիչը կարող է եւ պարտավոր է իր ընդմիջման համար մի կտոր հաց ու պանիր ինքը բերել»։ Պրն Կուբանյանը հավաստիացրեց, որ բոլոր խորհրդակցությունների ընթացքում այդ մասին կրկին զգուշացվում են դպրոցի տնօրենները։ Ըստ նրա, վարչությունը եւս պարբերաբար ահազանգեր է ստանում աշակերտների ծնողներից, որոնք բողոքում են դրամահավաքների դեմ։ Ուստի Ա. Կուբանյանն առաջարկում էր անձամբ դիմել իրենց եւ խոստանում էր, որ կատարվելիքը կկանխվի, իսկ համապատասխան անձինք կպատժվեն։ Թիվ 114 դպրոցում ընթացող վերանորոգման աշխատանքների հետ կապված պրն Կուբանյանն ասաց, որ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դիմել է կրթության վարչությանը եւ տեղեկացրել, որ դպրոցը խիստ կարիք ունի վերանորոգման եւ որ իրենք որոշել են դիմել ծնողների օգնությանը՝ կամավորական սկզբունքներով դպրոցում իրականացնել դրամահավաք։ Ըստ Ա. Կուբանյանի, ինքն անձամբ եղել է թիվ 114 դպրոցում, հավաստիացել, որ կա ծնողխորհրդի համաձայնությունը։ Նրա խոսքերով՝ «Դպրոցների կառավարման նոր կանոնադրության համաձայն, իրավունք է վերապահվում նման տիպի աշխատանքներ իրականացնել։ Ծնողխորհուրդն ինքն է տնօրինում ֆինանսական բոլոր հարցերը։ Արդեն սեպտեմբերին տնօրենը հաշվետվությունով հանդես կգա բոլոր ծնողների առջեւ։ Այստեղ թափանցիկությունը կպահպանվի եւ յուրաքանչյուր ծնող կզգա, որ իր տված մի լուման անգամ հասել է իր նպատակին»։ Ըստ պրն Կուբանյանի, նման վերաբերմունքը դպրոցի նկատմամբ ողջունելի է, բայց երբ պահպանվում է սոցիալապես անապահով ընտանիքների նկատմամբ ուշադրությունը, նրանց իրավունքները չեն ոտնահարվում։ Երեխաներն իրենց վատ չեն զգում, որ չունենալով այդ հնարավորությունները, նման միջոցառումների չեն մասնակցում։ «Առավոտը» եղավ թիվ 114 դպրոցում։ Թեեւ դպրոցի տնօրեն Ռ. Կոստանյանը չժխտեց տեղեկության հավաստիությունը, սակայն ավելացրեց, որ այդ ամենն արվում է ծնողական խորհրդի գիտությամբ, զուտ կամավորական սկզբունքներով։ Սակայն կային աշակերտներ (մտահոգվելով նրանց ապագայի մասին՝ անուններ չենք հրապարակում), որ պատմում էին, թե դասղեկներն իրենց ստիպում են՝ սպառնալով քառորդային 2-ներով։ Տիկին Կոստանյանը այս տեղեկությունները բնականաբար ժխտեց, ասելով. «Այդպիսի բան բացառվում է, որ որեւէ ուսուցիչ գնահատական չնշանակի աշակերտին՝ գումարը չբերելու պատճառով։ Վերջապես, եթե այսօր պետությունն ի վիճակի չէ դպրոցներին գումար տրամադրել վերանորոգման համար, քանդվածն այդպես թողնե՞նք։ Նպատակը նաեւ այն է, որ եթե օգնում է ծնողը, աշակերտն է անում, իր արածը չի փչացնում։ Դպրոցն ամեն տարի մասամբ վերանորոգվում է, սակայն առաջին անգամ է գումար հավաքվում»։ Կրթության վարչությունն էլ իր հերթին ողջունում է ծնողական համայնքի ուժերով կատարվող վերանորոգումները, դպրոցի տնօրեններն էլ հավաստիացնում են, որ այս ամենը կամավորական սկզբունքներով է, նույնիսկ հավատացնում, որ երեխաները շատ դեպքերում ծնողներին ստում են, թե պարտադրողաբար է։ Գուցե եւ ստում են։ Գաղտնիք չէ, որ կենտրոնում գտնվող թիվ 114 դպրոցում հիմնականում սովորում են ֆինանսապես ապահովված ընտանիքների երեխաներ, որոնց մեծ մասն իսկապես ի վիճակի է բերել 5000-ական դրամը։ Բայց նրանց կողքին կան նաեւ նյութապես անապահովները, որոնք տվյալ դեպքում մեծ հոգեբանական ճնշման են ենթարկվում, արժանանում դասընկերների ծաղրանքներին։ Ինչն էլ նրանց ստիպում է դիմել տարբեր միջոցների՝ ծնողներից գումարը ստանալու համար։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել