Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրճի շուրջ եւ մասին

Հունիս 05,2002 00:00

Սուրճի շուրջ եւ մասին Սուրճի մրուրի օգնությամբ կատարված գուշակության արդյունքում չէ, որ գրվել է սույն նյութը, այլ իրական փաստերի։ Ծանոթներիցս մեկը հետեւյալ պատմությունն արեց. «Գնացել էի գյուղ, տատիս այցելության, բնական է՝ հրուշակեղեն-քաղցրավենիքով։ Մինչ դրանք տեղավորում էի պահարանում, նա ասաց. «Իսկ սուրճ բերե՞լ ես»։ Ակնարկեցի, որ նախորդ այցիս կարծես բավարար փաթեթ կար, որին ի պատասխան հնչեց. «Ճիշտ է, կար, բայց…»։ Անշուշտ, մեր տատիկները վաստակել են պահարանում այդ ըմպելիքն ունենալու իրավունքը։ Բայց հարցնենք. ինչո՞ւ է այն հաճախ սպասվածից շուտ վերջանում եւ… ոչ միայն նրանց համար։ Առաջին պատասխանն այն է, որ աղացած վիճակում վաճառվող սուրճը շատ քիչ դեպքերում է հիշեցնում այդ ըմպելիքի իրական համը եւ հարկ է լինում այն ավելացված չափաբաժնով օգտագործել։ Սուրճի հետ այլ հատիկաընդավորներ աղալու երեւույթի մասին հաճախ է խոսվել ու գրվել, իսկ երեւույթը չի վերացել։ Իրողություն է նաեւ, որ ոչ բոլոր սրճասերներն են ի վիճակի օգտվել «Փարիզյան սուրճ» խանութի եւ նման ծառայություններից։ Մեր մարդկանց մի զգալի մասը օգտագործում է 100 գրամ փաթեթավորումով սուրճը, որտեղ եւ կատարվում է հիմնական անօրինությունը։ Դրանք հիմնականում խաբուսիկ ձեւավորում են ունենում եւ 100 գրամ հավաստման դիմաց՝ զգալիորեն պակաս քաշ, երբեմն՝ մինչեւ 20-25 գրամ։ Թե ովքեր են այս աճպարարության հեղինակները, հնարավոր չէ նշել, քանզի փաթեթների վրա ոչ մի նշում չկա, հայերենով՝ ոչ մի բառ, պահպանման ժամկետների վերաբերյալ՝ ոչ մի հիշեցում։ Շատերից միակը, որի վրա արտադրողի հասցեն կա՝ «Մոսսնունդկոմբինատ» ԲԸ նշումն ունի։ Թե ինչքանով է իրական այս ներկրումը, երբ հայտնի է, որ Հայաստանից է սուրճ ՌԴ արտահանվում, անհայտ է մնում։ Ի դեպ, հարկային եւ մաքսային մարմինների ցանկության դեպքում կարելի է նաեւ պարզություն մտցնել ողջ երկրում սուրճի օգտագործման ծավալների հարցում։ Նախ դրա համար հարկավոր է տարանջատել վիճակագրությամբ մեկտեղ նշվող սուրճի, թեյի եւ ներկրվող հրուշակեղենի հաշվառումը։ 1995-ին այն 9 մլն ԱՄՆ դոլար է կազմել, 1997-ին՝ 6,5 մլն դոլար։ Վերջին տարիների հաղորդագրություններում այս թիվը չի հիշատակվում։ Նշված թվերի պարզ հաշվարկի արդյունքում ստացվում է, որ 1 բնակչի հաշվով այս 3 սննդատեսակների տարեկան ներկրումը կազմել է 1000 դրամին մոտ մի գումար։ Թե ինչ է մնում ստվերում, ենթադրել կարելի է։ Ինչ է հարկավոր անել. պատասխանը հայտնի է բոլորին, այն գրված է իրավասու մարմինների աշխատանքը նախանշող հրահանգներում, ուղեցույցներում, կանոնակարգերում։ Պարզ չէ միայն՝ ում համար։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել