Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Հունիս 05,2002 00:00

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՀԵՏՈ 3 տարի անց Իշխանություններին մոտ կանգնած ԶԼՄ-ները վերջերս սկսեցին հավաստել, թե Վանաձորի քիմիական համալիրը սեփականաշնորհվել է 1999թ. եւ, իբր, վերագործարկումը, որը պաշտոնապես համարվում է 2001թ. հոկտեմբերի 26-ը, նույնիսկ «մի բան էլ շուտ է եղել»։ Իսկ ահա թե ինչ են փաստում ոչ վաղ անցյալի «պատմական արխիվները»։ Մասնավորապես, 1998թ. Վանաձորում լույս տեսնող «Արփի» անկախ թերթը իր 8-րդ համարում գրում է. «Նոյեմբերի 6-ին Վանաձորում էին ՀՀ արդյունաբերության նախարար Գ. Նանագուլյանը, նախարարության պատասխանատու աշխատողներ, Մոսկվայի «Անդրնավթգազշինի» հայաստանյան «Պրոմեթեւս» ընկերության գործադիր տնօրեն Հ. Հարությունյանը եւ ուրիշներ։ Մարզպետ Հ. Քոչինյանի հրավիրած խորհրդակցությանը հյուրերից բացի մասնակցում էին Վանաձորի քիմիական, քիմմանրաթելերի գործարանի եւ ՋԷԿ-ի տնօրենները, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ։ Գ. Նանագուլյանը տեղեկացրեց, որ հիշյալ ձեռնարկությունները սեփականաշնորհվում են»։ Խորհրդակցության ժամանակ նաեւ նշվել է, որ «գործարանները կսկսեն արտադրանք տալ 2000թ. առաջին կիսամյակից եւ առավել հզորությունների կհասնեն միայն 5-7 տարի հետո»։ (Իմիջիայլոց նշենք, որ այն ժամանակ իշխանական խորհրդակցությունները շատ ավելի բաց էին ԶԼՄ-ների համար, քան՝ ներկայումս եւ այդ խորհրդակցությանն անձամբ ներկա գտնվելու պատիվ ենք ունեցել)։ Համալիրի սեփականաշնորհման վերաբերյալ տեղեկատվություն այն ժամանակ հայտնվեց նաեւ հանրապետական որոշ թերթերում։ Ինչպես հայտնի է, 2001թ. հոկտեմբերի 26-ին պաշտոնապես վերագործարկվելուց հետո, քիմգործարանն ընդամենը 1-2 ամիս (միգուցե՝ ավելի քիչ) էր սկսել աշխատել, եւ պաշտոնապես կրկին հայտնվել էր հարկադրական պարապուրդում։ Գործարանի վերագործարկումով մի կարճ ժամանակ ուրախացած աշխատողներն էլ կրկին հայտնվեցին հարկադրական պարապուրդում, անհույս սպասումներով։ Նախկինում՝ մինչեւ սեփականաշնորհելը եղած աշխատավարձերի պարտքերին (որոնք մասնակիորեն են վճարվել բազմաթիվ բողոքներից հետո) այժմ էլ գումարվեցին սեփականաշնորհելուց հետո առաջացած պարտքերը (խոսքը վերաբերում է գործարանի շինարարներին, որոնց աշխատավարձի պարտքի մասին վերջերս հիշեցվեց Ազգային ժողովում)։ Փաստորեն, քիմգործարանի 2001թ. կարճաժամկետ վերագործարկումը իշխանությունները համարում են «դեռ մի բան էլ շուտ». այն դեպքում, երբ գործարանը, ըստ նույն իշխանությունների օրոք՝ 1998թ. նոյեմբերին արված հավաստիացումների, պետք է գործարկվեր 2000թ. 1-ին կիսամյակում։ Հնարավոր է, որ զուր տեղը խոստանալու հարցում ողջ «մեղքը» բարդվեր նախկին նախարար Գ. Նանագուլյանի վրա, որովհետեւ նա հիմա «նախկին» է, սակայն եղել են նաեւ խոստումներ՝ նրանից հետո, ներկա իշխանավորների կողմից (սկսած 2000 թվականից, յուրաքանչյուր 2-3 ամիսը մեկ հերթական խոստումը)։ Ապացույցները կարելի է գտնել նախեւառաջ վանաձորյան պաշտոնական մամուլում («Լոռու մարզ»), իսկ հետո՝ հանրապետական թերթերում։ Հատկանշական է, որ իշխանությունները հաճախակի նշում են, որ համալիրի գործարանները 13 տարի անգործության մատնված են եղել, սակայն փաստեր կան, որոնք ապացուցում են, որ այդ տարիների ընթացքում գործարաններում համակ «մեռելային լռություն» չի եղել եւ ինչ-որ բան արվել է։ Ահավասիկ. 1991թ. Կիրովականի քաղխորհուրդը որոշում է ընդունել «Հանձնարարել «Ռուբին» գործարանի ղեկավարությանը ս.թ. հունիսի 1-ից, 3 տարի ժամկետով վերաշահագործարկել կալցիումի կարբիդի արտադրության 1 վառարանը» («Վերածնունդ», 9 մարտի 1991թ.)։ Որոշման մի կետով էլ առաջարկվել էր ՀՀ Նախարարների խորհրդին «ապրանքային կարբիդի իրացումից հանրապետության բյուջե ներմուծվող վալյուտային միջոցների 50%-ը թողնել Կիրովականի քաղխորհրդի տնօրինության տակ»։ «Արդեն իր աշխատանքներն է վերսկսել «Ռուբին» գործարանը. արտադրում է կարբիդ ու թթվածին». սա արդեն արձանագրվել է 1992թ. հունվարին։ Դրանից հետո, ինչպես հայտնի է, վառելիքա-էներգետիկ ճգնաժամի, շրջափակման տարիներ էին։ Սրա հետ մեկտեղ, դեռեւս չէր որոշվել, թե ինչ ճակատագիր է սպասում գործարանին, որի արտադրության հետ առնչվող բնապահպանական հարցերն առավել սրությամբ դրված են եղել 1988թ. երկրաշարժին նախորդող տարիներին։ Համալիրի կազմի մեջ մտնող քիմմանրաթելի գործարանի եւ ՋԷԿ-ի՝ մինչեւ սեփականաշնորհվելն աշխատելու (առանձին «էտապներով») մի ակնառու ապացույց էլ այդ գործարանների աշխատողների ունեցած, նախկինից (մինչեւ գործարանների սեփականաշնորհումը) եկող աշխատավարձի չվճարված պարտքերն էին, որոնք սկսեցին մաս-մաս մարվել միայն սեփականաշնորհումից հետո 1-2 տարի անց։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել