Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ «ՆՈՐՈՅԻՆ ՈՒ ԽՈՐՈՅԻ՞Ն»

Հունիս 05,2002 00:00

ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ «ՆՈՐՈՅԻՆ ՈՒ ԽՈՐՈՅԻ՞Ն» Մայիսի 18-ին գումարվել է Հայկոմկուսի Մյասնիկյանի շրջկոմի հերթական պլենումը, որտեղ ելույթ ունեցողները քննադատել են պատգամավոր կոմունիստների պասիվությունը։ «Աշխատավորության, մասնավորապես, անապահով խավի վիճակը բարելավելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններով գրեթե հանդես չեն գալիս»,- նշված է ՀԿԿ Մյասնիկյանի շրջկոմի 1-ին քարտուղար Հենրիկ Սահակյանի՝ պլենումի վերաբերյալ տեղեկատվության մեջ։ Եթե այս մեղադրանքները դեռ ընդհանուր են եւ վերաբերում են ՀԿԿ ողջ խմբակցությանը՝ այլ ակնարկների հասցեատերերը շատ ավելի որոշակի են. «Պլենումն աննորմալ համարեց այն արատավոր երեւույթը, երբ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի առանձին անդամներ զբաղվում են ինքնագործունեությամբ եւ առանց Կենտկոմի բյուրոյի համաձայնության՝ հանդես են գալիս ՀՀՇ-ի եւ ՀՀՇ-ածին կուսակցությունների կողմից կազմակերպված աշխատավորության միտինգներին՝ կուսակցության սկզբունքներին խորթ եւ հակասող ելույթներով, դրանով իսկ ապակողմնորոշում աշխատավորությանը, շեղում նրանց վարչակազմի դեմ մղվող պայքարի հիմնական նպատակներից, ինչը խիստ բացասական տրամադրություններ է ստեղծում Կոմկուսի գործելակերպի ու վարքագծի վերաբերյալ»։ Հայտնի է, որ ՀՀՇ-ն «աշխատավորության» կամ որեւէ այլ խավի միտինգներ չի կազմակերպում։ Ինչ վերաբերում է այլ ուժերին՝ 13-ի առաջին հանրահավաքին ելույթ էր ունեցել Գագիկ Թադեւոսյանը, իսկ մյուս հավաքներին ուղղակի ներկա են եղել Խորեն Սարգսյանն ու Նորիկ Պետրոսյանը։ Եվ թերեւս այդ պատճառով է վերջինս, իր խմբագրած «Հայաստանի կոմունիստում» տպագրելով այդ պլենումի որոշումը, որով «ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի ուշադրությունն է հրավիրվում բյուրոյի առանձին անդամների ինքնագործունեության, նրանց անսկզբունքային դրսեւորումների վրա, որոնք հրապարակայնորեն հանդես են գալիս մեր կուսակցության ոգուն ու սկզբունքներին խորթ, կուսակցության սկզբունքները խեղաթյուրող հայտարարություններով», խնդրել է պարզաբանումներ ներկայացնել, թե ինչ փաստարկներով է ապացուցվում իրենց ելույթների հակակուսակցականությունը։ Իսկ «անհասցե, հետեւաբար՝ անհամարձակ» հայտարարությունները «Հայաստանի կոմունիստը» համարում է միայն «վարկաբեկման նպատակ հետապնդող» պնդումներ։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել