Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ

Հունիս 05,2002 00:00

ԿԱՆԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ Երեկ մեզ հաջողվեց ստանալ «27»-ի գործով տուժողի իրավահաջորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի մեկնաբանությունները՝ դատարանում իր շահերը պաշտպանող փաստաբաններ Ջանոյանների նախորդ օրն արած հայտարարության առնչությամբ: Հիշեցնենք, որ ըստ այդմ՝ վերջիններս հունիսի 3-ից դադարեցրել են իրենց մասնակցությունը դատավարությանը: Ա.Սարգսյանը նախ նշեց, որ դրանից երկու օր առաջ նման հեռանկարն ինքն ու Ջանոյանները քննարկել են, պայմանավորվածությունը ձեռք է բերվել՝ հաշվի առնելով այն, որ առաջիկայում դատարանն անցնելու է իրեղեն ապացույցների հետազոտմանը, իսկ դրանում ավելի մասնագիտացած է ռուս փաստաբան Օ.Յունոշեւը, որի կատարած աշխատանքից Ա.Սարգսյանը գոհ է: «Բացի այդ, առաջիկայում դատարանում փաստաբանների աշխատանքի ծավալն էլ առանձնապես մեծ չի լինելու, ուստի եկանք այն եզրակացության, որ փաստաբանական այդքան մեծ խումբ ունենալն անիմաստ է»,- պարզաբանեց Ա.Սարգսյանը: Բանն այն է, որ Ջանոյանների գլխավորած՝ «Փաստաբանների միջազգային միության» եւ Ա.Սարգսյանի միջեւ կնքված միեւնույն պայմանագրով այդ միության մի քանի փաստաբաններ պաշտպանում էին ոչ միայն վերջինիս, այլեւ մյուս տուժողների իրավահաջորդների շահերը: Ա.Սարգսյանը պնդեց, թե ինքը դժգոհ չի եղել Ջանոյանների աշխատանքից, եւ իրենց միջեւ առավել եւս որեւէ վեճ չի եղել. «Եղել է ընդհանուր համաձայնություն: Բայց որ դա պետք է լիներ հունիսի 3-ին՝ ինձ համար անակնկալ էր այնքանով, որքանով մենք դեռ գործող պայմանագիր ունենք, որը չեղյալ չի համարվել: Պայմանավորվել էինք նաեւ, որ Ջանոյանների փաստաբաններից մեկն առաջիկայում կմասնակցի դատավարությանը, բայց այդ հարցերը հայտարարության պահին դեռեւս հստակեցված չէին»: Ա.Սարգսյանը նաեւ վստահեցրեց. «Ինձ եւ Տ.Ջանոյանին ոչինչ չի խանգարում, որ նա մասնակցի դատաքննության վերջին փուլում, եթե դրա անհրաժեշտությունը լինի»: Միաժամանակ, համաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, թե Ջանոյանների եւ Օ.Յունոշեւի որդեգրած մարտավարությունների տարբերությունը ոչ թե փոխլրացնող, այլ՝ միմյանց հակադրող գործոն էր. «Դա չափից ավելի խանգարում էր ինձ: Շատ հաճախ անհարմար վիճակներում էի հայտնվում՝ փորձելով հարթել իմ իսկ փաստաբանների միջեւ եղած տարաձայնությունը: Իսկ դա անիմաստ էր, որովհետեւ ես փորձում էի դա անել մարդկային հարթությունում, մինչդեռ բանավեճը ավելի շատ մասնագիտական էր»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930