Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողները զգուշանում են – 2

Հունիս 05,2002 00:00

Տուժողները զգուշանում են – 2 Թերեւս մի պատճառ էլ կա, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողներին հարկադրում է չներկայանալ դատարան։ Այդ մասին չի խոսվել մինչ այժմ։ Դատարան չներկայացած պատգամավորների եւ մանավանդ նրանց շարքերում, ովքեր հրաժարվում են իրենց տուժող ճանաչել եւ ստանալ ծանուցագրեր՝ շատ են նրանք, ովքեր 1999թ. հոկտեմբերի 27-ին հնչած առաջին կրակոցներին գրեթե զուգահեռ դուրս են փախել նիստերի դահլիճից (նրանց արժանապատվությունը խնայելու նպատակով չենք նշում անունները)։ Այդպիսի պատգամավորներ շատ կան նաեւ նրանց մեջ, ովքեր դեռ դատարան չեն էլ հրավիրվել, եւ վստահ կարելի է պնդել, որ նրանք եւս չեն ներկայանա ինքնակամ։ Ո՞ւմ է հաճելի հրապարակավ պատմել, թե ինչպե՞ս է դուրս սողացել, ինչպե՞ս է դահլիճից դուրս գալուց հետո էլ թաքնվել ինչ-որ տեղ։ Եվ ուղղակի տարօրինակ է նախաքննական մարմնի որոշումը, որ ընդամենը վկա է ճանաչել ԱԺ աշխատակազմի այն անդամներին եւ լրագրողներին, որոնք մինչեւ 17:30-ը, այսինքն՝ սպանությունների, կրակոցների, սպառնալիքների ու հայհոյանքների ամենաթեժ շրջանում դեռ դահլիճում էին։ Իսկ առաջին իսկ րոպեներին փախածները (թերեւս՝ պատգամավորի իրենց կարգավիճակի շնորհիվ), որ տուժող են ճանաչվել, այժմ զգուշանում են ներկայանալ դատարան։ Ըստ էության, ժամանակ առ ժամանակ հարկադիր պարապուրդների եւ ձգձգումների համար դատավարության մասնակիցները պարտական են նախաքննական մարմնին։ Դատարան չներկայացած տուժած պատգամավորների մի խումբ էլ անգամ ԱԺ նիստերի դահլիճում է հազվադեպ ներկա լինում։ Ասենք, Նահապետ Գեւորգյանը, Մելիք Գասպարյանը, Գեւորգ Դավթյանը եւ այլք՝ խորհրդարանում հայտնվում են գերազանցապես կառավարության հետ հարցուպատասխանների օրերին եւ կարեւոր քվեարկությունների ժամանակ, երբ նրանց, ըստ ամենայնի, կանչում են ԱԺ։ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, խորհրդարանի Հասարակայնության հետ կապերի ծառայության միջոցով փոխանցված մեր հարցին, թե ինչու չի ներկայանում դատարան, պատասխանեց, թե ինքը միայն մեկ անգամ է պաշտոնապես հրավիրվել դատական նիստի եւ չէր կարող ներկայանալ, քանի որ մեկնում էր գործուղման։ Իսկ դրանից հետո այլեւս իրեն չեն կանչել ցուցմունք տալու։ Մեր զրուցակից այլ պատգամավորներ չներկայանալը պատճառաբանում էին այսպես։ «Տեխնիկական հանգամանք էլ կար, բայց կարելի էր այն հաղթահարել, եթե իրոք իմ ցուցմունքն ինչ-որ բան ավելացնելու լիներ կամ օգտակար որեւէ բան տար այնտեղ հայտնվելս։ Ինչ որ գիտեի կամ կարող էի տեղեկացնել՝ արդեն ասել եմ նախաքննության շրջանում, հարցաքննության ժամանակ։ Պարզապես այժմ իմաստ չեմ տեսնում դատարան գնալու»,- ասաց Սեյրան Ավագյանը։ «Այն օրը, երբ ինձ հրավիրել էին՝ ԱԺ նիստ կար եւ ես, բնականաբար, մասնակցում էի դրա աշխատանքներին,- ասաց Հայկ Բաբուխանյանը։- Մեկ անգամ եմ հրավիրվել։ Եթե նորից հրավիրեն՝ կորոշեմ՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ»։ Աղասի Արշակյանը նշեց. «Որեւէ դիտավորություն չկա չմասնակցելուս մեջ։ Նոր կանչի ժամանակ անպայման կներկայանամ։ Պարզապես այդ օրն աշխատանքային օր էր խորհրդարանում՝ եռօրյա նիստ էր։ Երկրորդ անգամ կներկայանամ»։ Պատգամավորներից մեկն էլ՝ Ֆրունզե Խառատյանը, նախորդ եռօրյա նիստում ԱԺ ամբիոնից անդրադարձավ այս հարցին. «Ասում են, թե տուժածները չեն գնում։ Ես էլ չեմ գնացել։ Գնամ ի՞նչ անեմ։ Գնալու բան չկա, որ գնամ»։ Ի դեպ, որոշ պատգամավորների պարագայում չարյաց փոքրագույնը կլիներ, եթե նրանք ուղղակի չգնային դատարան։ Այս տպավորությունը ստացանք Գագիկ Կոստանդյանի ցուցմունքից, որը, փաստորեն, կատարեց դեռ հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանին տված իր խոստումը, թե վկայելու է, որ դահլիճում այդ օրն իսկապես անմիջապես սկսվել է փոխհրաձգություն, ինչը միայն մարդասպանների ինքնարդարացման ճիգերով մոգոնած կատարյալ հորինվածք է։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930