ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ՝ «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ» ԹԻՐԱԽ Վերջին երկու տարիներին ներքաղաքական շրջանակներում պարբերաբար շրջանառվող շշուկներից մեկը վերաբերում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին ՀՀ ՆԳ նախարար նշանակելուն: Ընդ որում՝ դրանք հիմնավորապես ոչ հերքվել, ոչ էլ հաստատվել են: Բայց որ Դաշնակցությունն ու ժամանակին պետական ծանր հանցագործության՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձի կազմակերպման մեջ մեղադրված, պետական հեղաշրջման կոչեր անելու համար դատապարտված Վահան Հովհաննիսյանը նման հավակնություններ դեռ ունեն՝ կասկածից վեր է: Ահա արդեն մեկ-երկու ամիս է, ինչ նույնաբովանդակ տեղեկությունները կրկին սկսել են շրջանառվել: Ամենատարբեր ոչ պաշտոնական աղբյուրներ պնդում են, թե ավելի քան 10 օր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վ.Հովհաննիսյանի՝ ՆԳ նախարարի պաշտոնում նշանակվելու հրամանը նախագահական նստավայրում պատրաստ է, բայց համառորեն չի ստորագրվում՝ Ռ.Քոչարյանից անկախ պատճառներով: Բանն այն է, որ, մեր տեղեկությունների համաձայն՝ մի քանի օր առաջ ՆԳ եւ ՊՆ մի քանի բարձրաստիճան սպաներ փոխնախարարների եւ վարչության պետերի մակարդակով, եղել են նախագահի մոտ: Մեզ առայժմ միայն հայտնի է վերջիններիս թվում ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի մասնակցության մասին: Նրանք երկրի նախագահին ազնվորեն խոստովանել են, որ եթե ՆԳ նախարարի պաշտոնում նշանակվի Վ.Հովհաննիսյանը, իրենք 2003-ին չեն պաշտպանի Ռ.Քոչարյանի թեկնածությունը: Հիշյալ հանդիպումից հետո, ըստ նույն աղբյուրների՝ Ռ.Քոչարյանի հետ են հանդիպել նաեւ Դաշնակցության ներկայացուցիչները եւ տեղյակ պահել, որ եթե Վ.Հովհաննիսյանն այդ պաշտոնում չնշանակվի, ՀՅԴ-ն Ռ.Քոչարյանին առաջիկա ընտրություններում չի աջակցի: Թե որքանով են այդ տեղեկությունները ճշգրտորեն համապատասխանում իրականությանը, դժվար է ասել: Մի բան սակայն հստակ է՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը «Հայաստան-Սփյուռք» համաժողովում աննախադեպ էր՝ այդ կուսակցության կողմից ՀՀ նախագահի վարած քաղաքականությունն առայժմ մեղմ քննադատության ենթարկելու իմաստով: Դիտորդներն օրերս կարծիք հայտնեցին, թե ՀՅԴ-ն դրանով նախագահին ակնարկել է, որ պատրաստ է նաեւ իր ատամները ցույց տալ: Բայց նախագահ Քոչարյանն էլ Քոչարյան չէր լինի, եթե երկու քարի արանքում հայտնվելով հանդերձ՝ ստեղծված անելանելի վիճակից պահեստային ելքեր չգտներ: Ասենք, վիճակն անելանելի է նաեւ այնքանով, որքանով հիշյալ պաշտոնում Վ.Հովհաննիսյանի նշանակմանը դեմ է նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը: Բայց, ինչպես երեւում է, ՀՀ նախագահը գտել է ելքը: Իսկ ելքը ոչ մեկի թանին թթու չասելու գնով պետական հզոր կառույցներից մեկը պարզապես քանդելն է. չկա նախարարություն՝ չկա նախարարի պաշտոն: Հայտնի է, որ արդեն շուրջ երեք ամիս արդարադատության նախարարությունը մի օրինագիծ է պատրաստել՝ «Ոստիկանական ծառայության մասին», որը մշակման փուլում է: ՆԳՆ-ում վերաբերմունքն այդ նախագծի հանդեպ, թվում է, լոյալ է, թերեւս, այն պատճառով, որ այստեղ հույս ունեն, թե հիշյալ նախագիծը մինչեւ օրենք դառնալը դեռ պետք է մշակվի եւ ընդունվի ԱԺ-ում: Իսկ նախագծի համաձայն, ՆԳՆ-ն որպես այդպիսին տարրալուծվելու է եւ կուռ համակարգից վերածվելու է առանձին մանր-մունր կառույցների: Նախագծում խոսքը գնում է մասնավորապես մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու մասին, որը ենթարկվելու է տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչի մասին, ի դեպ, ակնարկվում է նաեւ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրինագծում (համայնքների ոստիկանապետերն ըստ այդմ պարտավոր են պարբերաբար հաշվետու լինել թաղապետերին): Տեղեկություններ կան, ի դեպ, որ այդ պաշտոնում նշանակվելու հավակնություն ունի ՆԳՆ «6»-ի պետ Ա.Երիցյանը: Ըստ հիշյալ նախագծի՝ ՆԳ զորքերի հրամանատարին նշանակում է ՀՀ նախագահը, եւ այլն: Փորձագետների պնդմամբ, ներկայացված օրինագծի ընդունումն անընդունելի է, քանի որ դա կհանգեցնի հանցագործությունների աճի, էապես կթուլացնի հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված՝ համակարգված գործունեություն ծավալող դեռեւս կուռ համակարգը: Ավելորդ է ասել, որ ՆԳ համակարգի, այսպես կոչված, բարեփոխումներն, այն էլ 2003-ի ընտրությունների շեմին, զուտ քաղաքական նշանակություն ունեն: Ռ.Քոչարյանը տրամաբանորեն չի կարող իրեն շռայլություն թույլ տալ՝ ՆԳ նախարարի պաշտոնակռվի պատճառով իր երկու հիմնական հենարանների՝ ուժային կառույցների եւ ՀՅԴ-ի միջեւ ընտրություն կատարել: Նրան երկուսն էլ անհրաժեշտ են նախագահի պաշտոնում իր վերընտրությունը կազմակերպելու եւ ձեւակերպելու համար: Միաժամանակ, իզուր է բողոքում ԱԺ պատգամավորը, թե ԱԺ-ում անտեղյակ են մշակվող օրինագծին կամ սպասվող փոփոխություններին: Ու քանի դեռ շահագրգիռ մարմիններում բորբոքված քննարկումներ են ընթանում, մեր տեղեկություններով՝ նախագահական նստավայրում հերթական քայլն է ձեռնարկվում: Բանն այն է, որ Քոչարյանը, ըստ որոշ լուրերի, այդ նախագիծը չի էլ պատրաստվում ԱԺ քննարկմանը ներկայացնել՝ կանխավ գիտակցելով, որ դաշնակ Վ.Հովհաննիսյանի գլխավորած հանձնաժողովն ու կիսաընդդիմադիր, կիսաերկրապահ պատգամավորները դա երբեք չեն ընդունի, ուստի՝ ԱԺ-ում «արհեստական» խոչընդոտներ հաղթահարելն ու լարվածություն ստեղծելն անիմաստ է: Մյուս կողմից՝ ՀՅԴ-ն եւ Վ.Հովհաննիսյանը չեն կարող թույլ տալ, որ իրենց «հասանելիք» նախարարությունը տարրալուծվի ու վաղեմի երազանքն անկատար մնա: Իսկ նախագծի ընդունման դեպքում ՆԳՆ-ն՝ որպես հզոր, պատժիչ ու միաժամանակ կոմպրոմատներ կորզող կառույց, կկորցնի իր գրավչությունը: Թերեւս այդ գիտակցումով է, որ, մեր տեղեկությունների համաձայն, նախագահ Քոչարյանի աշխատակազմում հիշյալ նախագծին զուգահեռ նախապատրաստվում է հրամանագիր՝ ԱԺ-ն շրջանցելու հնարավորությամբ: Ըստ այդմ, ՀՀ նախագահի հրամանագրով նախատեսվում են կառավարության կառուցվածքային բարեփոխումներ, որոնք ՆԳՆ-ում նախատեսում են ավելի արմատական փոփոխություններ, քան նախատեսված է նախագծով: Այսպես. ՆԳՆ-ից դուրս են բերվելու Հրշեջ ծառայությունը, ՕՎԻՐ-ը, Պետավտոտեսչությունը, ձեւավորվելու է մունիցիպալ ոստիկանություն: Ներքին զորքերը վերափոխվելու եւ դառնալու են ՀՀ նախագահական գվարդիա (Ռ. Քոչարյանի վաղեմի երազանքներից մեկը): Միաժամանակ, մեր աղբյուրների պնդմամբ՝ ՆԳՆ-ն «բարեփոխման» ենթարկվող միակ ուժային կառույցը չի լինելու: Առայժմ չճշտված տեղեկություններ կան, որ «բարեփոխվելու» են նաեւ ԱԱՆ-ն եւ ՊՆ-ն: ԱԱՆ-ն տարանջատվելու է Հետախուզական եւ Հակահետախուզական վարչությունների, իսկ ՊՆ-ի պարագայում ներդրվելու է ղարաբաղյան մոդելը՝ գերատեսչությունը կարող է տարանջատվել բանակի եւ պաշտպանության նախարարության, ըստ էության, «գենշտաբի»: Թե այդ քայլն ում շահերն է շոշափում, կարծում ենք, պարզ է: Ամեն դեպքում փորձագետների վերաբերմունքն այդ ծրագրի նկատմամբ կտրուկ բացասական է: Ոմանք պնդում են, որ ՀՅԴ-ի ու դաշնակ Վահանի պատճառով ՆԳ համակարգը փոշիացնելը պետության անվտանգության տեսանկյունից ինքնանպատակ է եւ դատապարտելի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ