Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆ Է

Հունիս 05,2002 00:00

ԲԱՆԱԿԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍՆ Է Եթե հասարակության մեջ ծեծում ու սպանում են, նույնը տեղի է ունենում բանակում Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը ԱԺ-ում էր գտնվում բանակին վերաբերող մի շարք օրինագծերի («Զինվորական ծառայություն անցնելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին», «Զինված ուժերի զինծառայողների զինվորական կոչումների մասին» եւ այլն) կապակցությամբ։ Փոխնախարարի ներկայացմամբ մոտակա մի քանի տարիների կտրվածքով մի շարք պաշտոններ դարձել են պայմանագրային զինծառայողների համար պաշտոններ, դրանք են. վարորդները, խոհարարները, վարսավիրները, շինարարները եւ այլք։ Այսօր արդեն բանակում սպայական կազմի հետ կնքված են պայմանագրեր, կան պայմանագրային ստորաբաժանումներ, որոնք մարտական հերթապահություն են կատարում ՀՀ սահմաններում, խաղաղապահ գումարտակում եւս շարքային կազմն ամբողջությամբ պայմանագրային զինծառայողներ են, նաեւ՝ ականազերծման կենտրոնի շարքային կազմն է պայմանագրային։ Պատասխանելով բանակում բռնությունների վերաբերյալ մեր հարցին, պրն փոխնախարարը խորհուրդ տվեց բանակը չդիտել հասարակությունից անջատ. «Այն, ինչ որ բացասական կա բանակում, առաջինը ցավ է մեզ համար։ Մենք դրա դեմ անմիջական պայքարողներն ենք, եւ փորձում ենք այդ ամենը կանխել։ Երբ բանակը զատում ենք հասարակությունից, ապա շատ հեշտ է այնտեղ բացասական երեւույթներ գտնել։ Երբ բանակը տեսնում ենք որպես հասարակության մի մաս, ապա կզգանք, որ բանակում արվում է ամեն ինչ, որ այն բացը, որ եղել է մինչեւ բանակ զորակոչելը՝ փողոցային դաստիարակությունը, որ ստանում է երիտասարդության մեծ մասը եւ այդ դաստիարակությամբ գալիս է բանակ, մենք փորձում ենք շտկել։ Ստացվում է դա, թե ոչ՝ հասարակությունը պետք է գնահատի։ Իսկ իմ կարծիքով, բացասական երեւույթները շատ քիչ են, ուղղակի աչքի զարնող են»։ Արթուր Աղաբեկյանը վստահ է, որ շարքային պայմանագրային զինծառայողների մասին համապատասխան օրենքի դրույթը նաեւ այս հարցերի պատասխանն է տալու։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Ռուշայլոյի Հայաստան կատարած այցի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ԱՄՆ-ի հետ սերտացող ռազմական հարաբերությունները որեւէ կերպ չեն անդրադառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։ Փոխնախարարին խնդրեցին փոքր-ինչ բացել փակագծերը. «Չպետք է անդրադառնան, որովհետեւ այդ երկու գերհզոր պետություններն այսօր մեկ խնդրի շուրջ նստած են սեղանի շուրջ եւ այն վտանգը, որ կախված է ոչ միայն մեր նման երկրների գլխին, այլ նաեւ խոշոր տերությունների գլխին, փորձում են գտնել այդ վտանգի դեմն առնելու խնդիրների պատասխանը։ Դա ի շահ մեր բանակի հզորացման է, եւ փոխհարաբերությունները ինչպես ՌԴ-ի, նաեւ՝ Հունաստանի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ, պետք է հանդիսանան մեր անվտանգության մի մասը»։ Մենք շարունակաբար ասում ենք, թե բանակը չպետք է խառնվի քաղաքականությանը, եւ ճիշտը դա է, սակայն գիտենք նաեւ, որ բանակը թեկուզ ոչ ուղղակի, բայց բավականին ազդեցիկ միջամտություն ունի քաղաքական անցուդարձերի վրա։ Խորհրդարանը հնարավոր է հերթական եռօրյայի ժամանակ լսի նախագահ Քոչարյանի պաշտոնանկության մասին հարցը։ Ի՞նչ է մտածում այս մասին բանակի ներկայացուցիչը։ Արթուր Աղաբեկյանի ներկայացմամբ. «Բանակը շատ վատ է նայում այդ հարցին, որովհետեւ խոսքը գնում է իր գլխավոր հրամանատարի մասին, յուրաքանչյուր զինծառայող՝ շարքայինից մինչեւ գեներալ, ամեն րոպե պատրաստակամություն է հայտնում իր մարտական պատրաստության դասընթացների ժամանակ կատարել իր վերադասի հրամանը։ Զինծառայության մեջ գտնվող զինծառայողը, որն ամեն վայրկյան պատրաստ է գլխավոր հրամանատարի հրամանին՝ սահմանների պաշտպանության մասով, հեռուստատեսությամբ դիտելով կամ թերթերում ընթերցելով իր գլխավոր հրամանատարի նկատմամբ այդպիսի վերաբերմունք հասարակության կողմից, իհարկե, շատ վատ է ընդունում։ Իսկ ես անձնապես շատ վատ եմ ընդունում, որովհետեւ բացի նրանից, որ ինքը (խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է- Մ. Ե.) գլխավոր հրամանատար է, նաեւ իմ մարտական ընկերն է»։ «Առավոտը» պարզապես ստիպված էր հարցնել՝ այսինքն Կեսարը կասկածից վե՞ր է։ Մեր այս հարցի պատասխանը գիտե՞ք որը եղավ։ Ահա. «Բանակի յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է կատարել գերագույն հրամանատարի հրամանները»։ «ՀՀ զինված ուժերի զինծառայողների զինվորական կոչումների մասին» ՀՀ օրենքի առանձին հոդվածներ երեկ խորհրդարանի կողմից ուժը կորցրած ճանաչվեցին։ Մեր թերթն անդրադարձել էր զինվորական կոչումների շնորհման «տեխնոլոգիային»՝ նշելով, թե հատկապես ո՞ր պահին եւ ի՞նչ ակնկալիքով էր այս կամ այն սպային նոր կոչում շնորհվում։ Հիշենք վերջին շրջանում գեներալ դարձածներին։ Փոխնախարարը գտնում է, որ գործող բարձրագույն սպայական կազմը արդարացի է ստացել նոր կոչումներ. «Նրանք բոլորն իմ մարտական ընկերներն են, եւ ես նրանց տեսել եմ մարտի դաշտում։ Նրանց գեներալի կոչում շնորհել է ադրբեջանցին դեռ 93 թվականին, մենք ուշացել ենք նրանց կոչում տալու հարցում»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930