Լրահոս
Օրվա լրահոսը

Ամաչում են «սեռական դաստիարակությունից»

Հունիս 04,2002 00:00

Ամաչում են «սեռական դաստիարակությունից» Հայաստանի դեռահասների եւ երիտասարդների սեռական եւ վերարտադրողական առողջության խնդիրներով զբաղվելու իրավունք են իրենց վերապահել 6 հասարակական կազմակերպություններ, որոնք «Ընտանիքի առողջության եւ բարեկեցության հայկական կոնսորցիումի» անդամ են։ Սա, իհարկե, երկրորդ «լուրջ» քայլն էր 2 տարի առաջ սկսված «Ընտանիքի պլանավորման» արշավից հետո։ Նրանք լրագրողներին հպարտորեն հայտնեցին, որ իբր իրենց «բացատրական աշխատանքներից» հետո հանրապետությունում նվազել է աբորտների ու սեռավարակների թիվը։ Տեղեկացրին նաեւ, որ իրենց աջակցում են մի շարք միջազգային կազմակերպություններ, որպեսզի Հայաստանում ստեղծվեն «Երիտասարդներին՝ բարյացակամ» բուժլուսավորչական ծառայություններ առողջապահական համակարգում։ Միջազգային կազմակերպությունների աջակցությունն իսկապես ակնհայտ էր. դրա վառ արտահայտությունն էին շռայլորեն բաշխվող բազմագույն բուկլետներով, թերթիկներով, կոչերով ու օրացույցներով լեցուն թղթապանակները՝ նախատեսված լրագրողներին «սեռապես կրթելու» համար։ Կոնսորցիումի ներկայացուցիչները նույնիսկ հավատացրին, որ միջազգային կազմակերպությունների աջակցությունից օգտվելով հանդերձ, իրենք Հայաստանի համար ոչ մեկից ոչինչ չեն «թխելու» սեռական դաստիարակության առումով, այլ մնալու են Հայ առաքելական եկեղեցու պատգամներին հավատարիմ։ Իսկ բժիշկ Կարեն Բաբայանն էլ հրաժարվեց սեռավարակների վերաբերյալ թվեր եւ փաստեր հրապարակելուց, վախենալով, թե դրանք կշահարկվեն մամուլում։ «Դրանք միշտ էլ փակ թվեր են եղել,- խոստովանեց նա, ավելացնելով, որ սեռավարակները վերջին տասը տարվա ընթացքում աճել են, իսկ «նրանց կորագիծը բավականին բարձրացել»։ Ըստ նրա, եթե սիֆիլիսն ու գոնորեան հանրապետությունում տագնապալի պատկեր չունեն, ապա դա չի նշանակում, թե ամեն ինչ կարգին է։ Մանավանդ որ, «բժիշկներին հայտնի 23 հիվանդությունից շուրջ 11-ը տարածված է Հայաստանում, իսկ նոր սերնդի սեռավարակները աչքաթող են արված»։ Մինչ կոնսորցիումի անդամ ՀԿ-ները անընդհատ շեշտը դնում էին դպրոցներում «Սեռական դաստիարակություն» առարկան հանրակրթական մյուս առարկաների նման անցելու մտքի վրա, «Հայաստանի բժիշկ -ուսանողների գիտական ասոցիացիայի» ներկայացուցիչը տեղեկացրեց, որ, օրինակ, Գեղարքունիքի մարզի վերապատրաստված ուսուցիչները հրաժարվել են իրենց ստացած գիտելիքները փոխանցել աշակերտներին՝ դա պատճառաբանելով ամաչկոտությամբ։ Կոնսորցիումի ներկայացուցիչներից մեկն էլ, ի հեճուկս բուլվարային լրագրողների, խոստացավ կազմակերպել պետական լրատվամիջոցը ներկայացնող թղթակցի հանդիպումը հայաստանյան որեւէ լուրջ մոլագարի հետ, քանի որ լրագրողը հետեւողականորեն հետաքրքրվում էր նրանց գոյությամբ եւ թվով։ Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել