Լրահոս
Օրվա լրահոսը

Անվճար բժշկությունը վնասակար է առողջությանը

Հունիս 04,2002 00:00

Անվճար բժշկությունը վնասակար է առողջությանը Անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունները ցանկանում են խուսափել բժշկությանն առնչվող հանրահայտ իրողությունից եւ մատուցել բարձրորակ ծառայություններ մարդկանց, նույնիսկ եթե նրանք դրա համար չեն վճարում։ Իսկ չեն վճարում ոչ միայն այն պատճառով, որ այսօր շատերն են անվճարունակ, այլեւ որ Հայաստանում դեռեւս ձեւավորված չէ իրավաբանական ծառայությունների միջոցով առօրյա խնդիրները լուծելու եւ դրա համար վճարելու ավանդույթը։ Անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունները, ցանկանալով միասնական ուժերով լուծել այս բնագավառում առկա խնդիրները եւ հասնել լուրջ արդյունքների, անցյալ տարվա նոյեմբերին համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին՝ «Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ։ Նախորդ օրը Սեւանում կայացած սեմինարի ժամանակ ամփոփելով այդ համագործակցության արդյունքները՝ կազմակերպությունների ներկայացուցիչները խոստովանեցին, որ թերահավատությամբ էին վերաբերում միավորվելու գաղափարին, սակայն արդյունքներն ավելի քան ոգեւորիչ են։ Միավորված տասնհինգ կազմակերպությունները ընդունեցին աշխատակարգ՝ հստակեցնելով համատեղ աշխատանքի սկզբունքները։ Այս կազմակերպությունները հիմնականում գործում են դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, որոնց ներկայացուցիչները եւս մասնակցում էին սեմինարին։ Սակայն տարեցտարի դոնորներից ստացվող գումարները կրճատվում են եւ իրավաբանական ծառայությունները ֆինանսավորման այլ աղբյուրներ պետք է գտնեն։ Քանի որ զարգացած երկրներում պետությունը այդ նպատակով զգալի գումարներ է հատկացնում, կազմակերպությունները կարեւորեցին պետության հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ գիտակցելով, որ դժվար թե առաջիկա տարիներին պետբյուջեից ֆինանսավորվելու հնարավորությունը իրական լինի։ Շուտով իրավաբանական ծառայությունների մատուցման եւ տարածման բնագավառում գործող այս 15 միավորված կազմակերպությունները կունենան իրենց ինտերնետային էջը՝ www.legalaid.am հասցեով։ Այն ոչ միայն կներկայացնի այդ կազմակերպություններին եւ նրանց կատարած աշխատանքը, կնպաստի ֆինանսական միջոցների հայթայթմանը, այլեւ հնարավորություն կընձեռի քաղաքացիներին հարցեր ուղղել կազմակերպության իրավաբաններին եւ ստանալ պարզաբանումներ իրավական խնդիրների շուրջ։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել