Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ «ԻՏԱԼԱԿԱՆ» ՁԵՎՈՎ

Հունիս 04,2002 00:00

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ «ԻՏԱԼԱԿԱՆ» ՁԵՎՈՎ Իտալիայի Հանրապետության 56-ամյակի օրը Երեւանում բացվեց այդ երկրի դեսպանության նոր շենքը։ Վերջինս համեստ է ու շուքով, ինչպիսին էր նաեւ այդ կապակցությամբ կազմակերպված ընդունելությունը։ Հյուրերով մի քիչ տխրեցինք իհարկե, դեսպանատան դարպասների մոտ «անկանոն հերթ» կանգնելով։ Թեեւ, ինչպես պարզվեց, մեր իտալացի հյուրընկալներն այդտեղ ամենեւին մեղք չունեին։ Հակառակը՝ Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցան մի քանի անգամ բոլորին հրավիրեց մտնելու «իր տունը», սակայն ինչ-որ մի բան խանգարում էր հյուրերին անել դա։ Պարզվեց, ՀՀ նախագահի անվտանգության աշխատակիցներն էին իտալական հյուրասիրության «խոչընդոտը»։ «Իտալիա» ոտք դնել հաջողվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի կողմից շենքը օծելուց եւ դեսպան Տրաբալցայի ու ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից մուտքի ժապավենը կտրելուց հետո։ Այդ հոսքի մեջ այլեւս հնարավոր չէր հետեւել ով հրավիրատոմսով մտավ, ով՝ առանց, ով հետը ինչ ներս տարավ։ Այսինքն՝ անվտանգության խնդիրները, մեղմ ասած, անտեսվեցին։ Իսկ ներսում, բացի ՀՀ քաղաքական ընդդիմությունից եւ նախկին իշխանավորներից, բազմաթիվ պատգամավորներ, պաշտոնյաներ, դիվանագիտական անձինք կային։ Իր ողջույնի խոսքում սենյոր Տրաբալցան դիվանագիտորեն «ցույց տվեց մեր տեղը». «Մեր ժողովրդավարությունն այլեւս կայացած է եւ նույնն էլ մաղթում ենք նաեւ Հայաստանին… Տասը տարին բավական չէ փոխադարձ հարգանքի վրա հիմնված լիարժեք հասարակության զարգացման համար, առավել եւս 70 տարվա ընթացքում պարտադրված կանոններից հետո»։ Սակայն, ըստ դեսպանի, մենք «ճիշտ ուղու վրա ենք, հեռանկարները լավատեսական են»։ Այդ հեռանկարներն իրատեսական դարձնելու համար դեսպանը քրիստոնեական հնագույն ավանդույթներով Հայաստանին կոչ արեց «բանավեճ ծավալել ներման հարցի շուրջ». «Պետք չէ խաչակնքվել, երբ պատրաստ չես ստանձնելու պատասխանատվությունը, որ ներումը տարածվում է ինչպես ողջերի, այնպես էլ հանգուցյալների հանդեպ»։ «Իմ վերջին միտքը մահապատժի մասին է… Թույլ տանք, որպեսզի վերջնական վճիռը կայացնի Նա, ում ձեռքերում են թե կյանքը, թե մահը»,- ասվեց հոբելյանական խոսքում։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել