Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎԵՑ ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐՈՎ

Հունիս 04,2002 00:00

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎԵՑ ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐՈՎ Ըստ ամենայնի, Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի 17-րդ առաջնությունը սենսացիաներով չի զիջի նախորդներին, եթե չխոսենք գերազանցելու մասին։ Առաջին սենսացիան աշխարհին մատուցվեց հենց մեկնարկային խաղում։ «A» խմբում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ֆրանսիան 0։1 հաշվով պարտվեց նման խոշոր մրցաշարի նորեկ Սենեգալի հավաքականին։ Ու որքան էլ ֆրանսիացիները պատճառաբանեն, թե իրենց կազմում բացակայում էր թիմի առաջատար Զինեդին Զիդանը, միեւնույն է, նրանց համար արդարացում չկա։ Զիզուին այդ խաղում փոխարինում էր բազմափորձ Յուրի Ջորկայեֆը։ Սակայն նա էլ ի վիճակի չեղավ պատշաճ կատարել դիսպետչերի պարտականությունները եւ, ինչպես իր մյուս թիմակիցները, հանդես եկավ աներեւակայելի թույլ։ Այս խմբի երկրորդ զույգը կազմել էին Ուրուգվայն ու Դանիան։ Նրանց միջեւ պայքարն ընթացավ համառ եւ հաղթանակ բերեց եվրոպացիներին՝ 2։1։ Դանիացիներից երկու անգամ աչքի ընկավ Իոն Դալ Թոմասսոնը։ «B» խմբում Իսպանիան իրեն հատուկ ոճով 3։1 հաշվով պարտության մատնեց Սլովենիային, իսկ Պարագվայ-ՀԱՀ հանդիպումում կողմերը 2-ական գոլ փոխանակեցին։ Հավանաբար, հարավամերիկացիները երկար կհիշեն նախկին գլխավոր մարզիչ Սերխիո Մարգարյանին, որն այդ երկրի հավաքականը ծանր պայքարում դուրս բերեց եզրափակիչ մրցաշար, սակայն Պարագվայի ֆուտբոլային ղեկավարությունը դրանից անմիջապես հետո հրաժարվեց մասնագետի ծառայություններից։ «E» խմբում գրանցվեց առաջնության անդրանիկ խոշոր հաշիվը։ Դրա հեղինակը Գերմանիայի հավաքականն էր, որը, պարզապես, անարգեց Սաուդյան Արաբիայի թիմին՝ ութ անգամ ստիպելով խաղը վերսկսել դաշտի կենտրոնից։ Այս խաղում գրանցվեց առաջին հեթ-տրիկը։ Գերմանիայի թիմից Միրոսլավ Կլոզեն իր անվան դիմաց գրանցեց 3 գոլ եւ գլխավորեց ռմբարկուների պայքարը։ Խմբի մյուս հավաքականները՝ Իռլանդիան եւ Կամերունը, միմյանց հրաժեշտ տվեցին խաղաղությամբ՝ 1։1։ «F» խմբում, որը կոչում են նաեւ մահապարտների խումբ, առաջատարը՝ Արգենտինան, 1։0 հաշվով առավելության հասավ Նիգերիայի նկատմամբ։ Անգլիան, որքան էլ ջանաց, ի վիճակի չեղավ 3 միավոր կորզել Շվեդիայից, որի պաշտպանությունն ուժեղագույններից է համարվում աշխարհում։ Գրանցված 1։1 հաշիվը ճշգրիտ է արտացոլում թիմերի ներկայիս ուժերը։ «C» խմբում անչափ մեծ հետաքրքրություն էր ներկայացնում Բրազիլիա-Թուրքիա հանդիպումը։ Ամեն ինչ, դա լինի վիճակագրություն, վարկանիշային դասակարգման ցուցակ, թե անհատ ֆուտբոլիստների անուններ, խոսում էր հարավամերիկացիների օգտին։ Բրազիլիան միակ երկիրն է, որ մասնակցում է աշխարհի բոլոր առաջնությունների եզրափակիչ մրցաշարերին։ Եվ ոչ միայն այդքանը։ Սա նաեւ միակ երկիրն է, որ մինչեւ այժմ չորս անգամ նվաճել է հողագնդի թիվ մեկ թիմի կոչումը։ Ավելին, սա այն երկիրն է, որի կազմի յուրաքանչյուր անդամի անունը, պարզապես, մի աստղ է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։ Ասվածը վերաբերում է աշխարհի բոլոր առաջնություններում հանդես եկած թե՛ թիմին, թե՛ ֆուտբոլիստներին։ Երեկ կայացած Բրազիլիա-Թուրքիա խաղում էլ հարավամերիկացիների հաղթանակը կասկած չէր հարուցում։ Ամբողջ հանդիպումն անցավ բրազիլացիների բացահայտ տարածքային ու խաղային առավելությամբ։ Նրանք թուրքերին գերազանցում էին բոլոր առումներով, բացի մի բանից, որը մեծ սպորտում անվանում են… հաջողություն։ Թուրքերը, գիտակցելով, որ բոլոր առումներով զիջում են աշխարհի քառակի չեմպիոններին, հիմնական ուշադրությունը կենտրոնացրել էին պաշտպանության վրա։ Ու հույսը դրել էին հակահարձակումների վրա։ Առաջին խաղակեսում այդ տակտիկան ժամանակավորապես արդարացրեց իրեն։ Հազվագյուտ հակագրոհներից մեկում նրանք կարողացան հաջողության հասնել։ Երկու կարծիք չկար, որ Բրազիլիան անպայման կատարելու էր պատասխան քայլը եւ պատժելու էր մրցակցին։ Երկրորդ խաղակեսի հենց սկզբում, բազմաքայլ կոմբինացիայից հետո, Ռոնալդոն, ստանալով Ռիվալդոյի՝ ձախ եզրից կատարած ճշգրիտ փոխանցումը, հավասարեցրեց հաշիվը։ Դրանից հետո էլ բրազիլացիները շարունակում էին իրենց կամքը թելադրել խաղադաշտում։ Թուրքերը պաշտպանվում էին բոլոր հնարավոր միջոցներով, բայց մինչեւ այն պահը, երբ նրանք սեփական տուգանային հրապարակում կոպտորեն խախտեցին խաղի կանոնները։ Նշանակված 11 մետրանոց տուգանային հարվածը հստակ իրացրեց Բրազիլիայի եւ համաշխարհային ֆուտբոլի մյուս աստղը՝ Ռիվալդոն (2։1)։ Հաշիվը պահպանվեց մինչեւ հանդիպման ավարտը եւ Բրազիլիան տրամաբանական հաղթանակ տարավ։ Այս խմբի մյուս զույգը կազմել են Չինաստանը եւ Կոստա-Ռիկան, որոնք հանդիպելու են այսօր։ «G» խմբում Մեքսիկայի հավաքականը նվազագույն առավելությամբ հաղթանակ տոնեց Խորվաթիայի հետ խաղում (1։0), իսկ Իտալիան, ինչպես եւ սպասվում էր, պարտության մատնեց աշխարհի առաջնությունների մյուս նորեկին՝ Էկվադորին (2։0)։ «A» խումբ Դանիա 1 1 0 0 2։1 3 Սենեգալ 1 1 0 0 1։0 3 Ուրուգվայ 1 0 0 1 1։2 0 Ֆրանսիա 1 0 0 1 0։1 0 «B» խումբ Իսպանիա 1 1 0 0 3։1 3 Պարագվայ 1 0 1 0 2։2 1 ՀԱՀ 1 0 1 0 2։2 1 Սլովենիա 1 0 0 1 1։3 0 «E» խումբ Գերմանիա 1 1 0 0 8-0 3 Իռլանդիա 1 0 1 0 1-1 1 Կամերուն 1 0 1 0 1-1 1 Ս. Արաբիա 1 0 0 1 0-8 0 «F» խումբ Արգենտինա 1 1 0 0 1-0 3 Անգլիա 1 0 1 0 1-1 1 Շվեդիա 1 0 1 0 1-1 1 Նիգերիա 1 0 0 1 0-1 0 «G» խումբ Իտալիա 1 1 0 0 2-0 3 Մեքսիկա 1 1 0 0 1-0 3 Խորվաթիա 1 0 0 1 0-1 0 Էկվադոր 1 0 0 1 0-2 0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել