Փակվեց կանանց երկրորդ աշխարհը Խոսքը վերաբերում է «Կանանց աշխարհ» խորագրով երկրորդ ցուցահանդեսին, որը ներկայացվել էր Նկարչի տանը կամ Նկարիչների միությունում։ «Առավոտը» ցուցասրահ մտավ եռօրյա ցուցադրանքի փակումից 1 ժամ առաջ եւ անմիջապես արժանացավ կազմակերպիչների նախատինքին՝ «ինչո՞ւ եք ուշ եկել»։ Շտապելով քավել «մահացու» մեղքս, շարադրեմ, թե ինչ ենք բաց թողել. «ԱՏԵՔՍ» կենտրոնի «մարալների» բեմելը, «Կինը եւ բիզնեսը» թեմայով սեմինար, ինչպես նաեւ Մամոգրաֆիայի կենտրոնի կանանց անվճար ստուգման ակցիան։ Վերջինիս ժամանակ կանանց հսկայական հերթ է գոյացել եւ դա զարմանալի չէ՝ 15 հազար դրամ արժողության զննման անվճար տարբերակից ոչ մի կին-այցելու չէր հրաժարվի։ Էքսպո-ցուցահանդեսի նախորդ օրերին այլ հիշարժան երեւույթ չի արձանագրվել, ուստի կարող ենք արդեն հանգիստ խղճով անդրադառնալ բուն ցուցահանդեսին։ Այն կազմակերպել էր «Էքսպո-Մեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը, որի տնօրեն Աննա Հակոբյանի դիտարկմամբ այս տարվա այցելուները խիստ տարբերվում են նախորդ տարվա այցելուներից ե՛ւ որակով, ե՛ւ քանակով։ – Անցյալ տարի ավելի շատ էին, բայց գերակշռում էին գործարար կանայք։ Այս տարի, ընդհակառակը, այցելուները քիչ են, եւ եկողներն էլ հասարակ կամ «շարքային» կանայք են,- ասաց Աննան, ուրախ մի հանգամանքից, որ մեր կանայք վարժվում են ցուցահանդեսներին ու այնտեղ մատուցվող անվճար տեղեկատվությանը։ Նախորդ տարվա 10-ի փոխարեն այս տարի մասնակցում են 12 ընկերություններ տարբեր բնագավառներից՝ առողջապահական, արդյունաբերական, առեւտրի ու սպասարկման, նաեւ գեղեցկության սրահ եւ այլն։ Նշենք, որ հրավիրված շուրջ 100 կազմակերպությունից ներկայացել էր 10%-ը, ինչը սահմանված չափանիշներով եւ Աննայի կարծիքով համարվում է նորմալ։ «Էքսպո-Մեդիայի» տնօրենը նաեւ ավելացրեց, որ մեր երկրում կանանց համար արտադրող եւ նրանց սպասարկող ոլորտն այնքան էլ զարգացած չէ, շատերը խուսափում են նույնիսկ «հայկական» պիտակից։ Պետք է ենթադրել, որ մասնակցությունն այս ցուցահանդեսներին առանձնապես «շարժ» չի առաջացրել ընկերությունների կյանքում, քանի որ նախորդ տարվա մասնակիցներից այս տարի գրեթե չկային։ «Գեդեոն-Ռիխտեր» ընկերության ներկայացուցիչը փոքր-ինչ դժգոհեց այն բանից, որ ցուցահանդեսի կյանքում դինամիկա չկար, տոնավաճառի տեսք ուներ (բայց առանց վաճառքի իրավունքի), իսկ «Բիո-Քիմ»-ի տնօրեն Լ. Սարգսյանի կարծիքով, իրենք շատ քիչ են, որովհետեւ գովազդը լավ ապահովված չի եղել։ Նա նաեւ համոզված էր, որ շաբաթ-կիրակի օրերը ճիշտ չեն, որպես ցուցահանդեսային օրեր, քանի որ կանայք ավելի շատ այդ օրերին են զբաղված առօրյա եփութափով։ Մենք փորձեցինք այդ կարծիքը ճշտել կազմակերպիչների հետ եւ ստացանք պատասխան՝ «Մեր փորձն այլ բան է ասում, բացի այդ, ինչ էլ անես, ինչպես էլ անես, մեկ է՝ դժգոհություններ կան ու կլինեն»։ Համենայնդեպս, անկախ այդ ամենից, բոլոր մասնակիցներն ավելորդ չէին համարում իրենց գնորդների հետ անմիջական շփման հերթական հնարավորությունը, եւ ոչ մեկը չափսոսաց 250-300 դոլար կազմող մասնակցության վճարը։ Սակայն պետք է ասել, որ ինչքան էլ բազմազան, միեւնույն է, «Կանանց աշխարհ» ցուցահանդեսի ցուցադրանյութը խիստ նեղ էր ու սահմանափակ՝ կանանց շատ ավելի լայն ու հետաքրքրասեր աշխարհը ներկայացնելու համար, ո՞ւմ մեղքն է՝ երկար պատմություն է… ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ