Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԾԱՂՐԱՆԿԱՐՉԻՆ ՌՈՒՍՆԵՐԸ «ՔՑԵԼ» ԵՆ

Հունիս 04,2002 00:00

ՀԱՅ ԾԱՂՐԱՆԿԱՐՉԻՆ ՌՈՒՍՆԵՐԸ «ՔՑԵԼ» ԵՆ Ծաղրանկարիչ Ռուբեն Ալանակյանը կրկնակի վիրավորված ու խաբված է զգում։ Ըստ նրա, առաջին անգամ Հայաստանում 2000թ. «Գրանդ Տոբակո» ընկերության կազմակերպած ծաղրանկարի մրցույթում իրեն պատշաճ չեն գնահատել։ Իսկ երկրորդ անգամ, ստացվել է այնպես, որ Ռուսաստանում կայացած ծաղրանկարի մրցույթում աշխատանքները գնահատել են բավականին բարձր, սակայն իրեն՝ Ալանակյանին՝ մոռացել։ Խոսքը ռուսաստանյան «Արգումենտի ի ֆակտի» թերթի կազմակերպած ծաղրանկարի մրցույթի մասին է։ Ի դեպ, հայաստանյան մրցույթին Ռ. Ալանակյանի ներկայացրած որեւէ աշխատանք (քաղաքական ծաղրանկարներ, Բուրատինոյի թեմայով գործեր) որեւէ մրցանակի չէր արժանացել։ Ավելին, նա պնդում է, որ եթե առաջին տեղի համար սահմանված մրցանակը չի տրվել որեւէ ծաղրանկարչի, ապա երկրորդ մրցանակներից մեկը «ստացել» է հենց «Գրանդ Տոբակո» ընկերության գովազդային ծառայության աշխատակիցը։ Ռ. Ալանակյանը, իր կարծիքով, լավագույն աշխատանքներից մեկը (որը վերը նշված մրցույթի ժյուրիին «չէր բավարարել») հետագայում «Հասկ» թերթում տպագրելուց հետո ուղարկել էր նաեւ «Արգումենտի ի ֆակտիին»։ Այստեղ, սակայն, հայ ծաղրանկարչի աշխատանքը «կորել» է։ Իսկ Կենտրոնական փոստին հասցեագրված նրա բողոքներից հետո, Ռուսաստանի փոստային ադմինիստրացիայից ստացվել է նամակ, որտեղ տեղեկացնում էին, որ իսկապես Ռ. Ալանակյանի ծաղրանկարը խմբագրությունը ստացել է։ Սակայն դրանից ոչ թե ամեն ինչ շտկվել է, այլ, ընդհակառակը, ավելի խճճվել։ Մեկ տարի անց Ռ. Ալանակյանը հայտնաբերել է, որ «Արգումենտի ի ֆակտին» վերջապես տպագրել է իր ծաղրանկարի նմանօրինակը՝ «միայն թե ավելի վատ որակով՝ եւ ռուս հայտնի ծաղրանկարիչ Անդրեյ Դորոֆեեւի ստորագրությամբ»։ Թե ինչու է այս հարցին ուշացումով անդրադառնում Ռ. Ալանակյանը, ինքն էլ չգիտի։ Բայց գտնում է, որ ավելի լավ է թեկուզ ուշացումով բարձրաձայն խոսել, քան թե ընդհանրապես լռել։ «Անիմաստ եմ համարել նաեւ Ա. Դորոֆեեւի հետ կապվելը,- ասում է նա,- բացի այդ, կարծես թե չկան բավարար ապացույցներ։ Ես ընդամենը «Արգումենտի ի ֆակտիին» ուղարկել եմ նամակ եւ ունեմ նրա պատասխանը այն մասին, որ աշխատանքս տեղ է հասել։ Ինչպես նաեւ՝ հաշվառման կտրոն ուղարկածիս վերաբերյալ։ Եղածներից ամենահիմնավոր ապացույցս էլ այն է, որ ծաղրանկարը ես Դորոֆեեւից ավելի շուտ եմ ուղարկել»։ Ծաղրանկարիչ Ռ. Ալանակյանը անչափ ցավում է, որ իր աշխատանքները հայրենիքում չեն գնահատվում, այն դեպքում, երբ դրանք կրկնօրինակած Դորոֆեեւին ծափահարում է ողջ Ռուսաստանը։ Ի դեպ, Ա. Դորոֆեեւը իր լավագույն գործերից մեկն է համարում հատկապես այն աշխատանքը, որի գաղափարը Ռ. Ալանակյանի պնդմամբ վերջինս «թխել» է իրենից։ Այժմ նա չի կողմնորոշվում նաեւ, թե ինչ միջոցներով կարելի է բացահայտել կեղծիքը, թեեւ վստահեցնում է, որ իր բոլոր ստեղծագործությունները գրանցված են Հեղինակային իրավունքի պաշտպանության ազգային ծառայությունում։ Իսկ ընդհանրապես, ծաղրանկարիչն առաջարկում է արվեստում առկա բոլոր վիճելի հարցերը լուծելիս դիմել արտասահմանում ընդունված հետեւյալ միջոցին. գնահատելու համար հանձնել դրանք ոչ թե արվեստագետների դատին, այլ հավաքել մի քանի հազար պատահական մարդ եւ անցկացնել հանրաքվե։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել