Լրահոս
Օրվա լրահոսը

Շարադրության գնահատումից դժգոհ են

Հունիս 04,2002 00:00

Շարադրության գնահատումից դժգոհ են Հանրապետության 47 հազար շրջանավարտներից այս տարի մեդալի հավակնում էր 664-ը, սակայն երեկ մաթեմատիկայի քննությանը այդ հավակնորդներն արդեն 200-ն էին: Միայն առաջիկա մեկ-երկու օրը հայտնի կդառնա, թե նրանցից քանիսը ի վերջո գերազանցության մեդալ կստանան եւ կօգտվեն բուհի ընդունելության արտոնություններից։ Հենց այդ արտոնությունների շնորհիվ էլ մեդալի քննությունների շուրջ հետաքրքրությունը նույնքան մեծ է, որքան՝ բուհերի ընդունելության։ Դրանք անցկացվում են կենտրոնացված, այս տարի՝ թիվ 20 դպրոցում։ ԿԳՆ-ի ստուգումներից հետո պարզվել էր, որ դպրոցների ներկայացրած մեդալի 664 հավակնորդից միայն 420-ն է համապատասխանում անհրաժեշտ պահանջներին եւ մեդալի քննություններին մասնակցելու իրավունք մնացած 244-ը չի ստացել։ Իսկ հայոց լեզվի քննությանը այդ 420-ից միայն 357-ն է ներկայացել։ Նրանցից երկուսը ԼՂՀ-ից են եղել։ Անցյալ տարի Արցախից մեդալի հավակնորդ շրջանավարտների թիվն ավելի մեծ էր։ Հայոց լեզվի քննությունից 19-20 միավոր է ստացել եւ մեդալի համար պայքարելու իրավունքը պահպանել միայն 200-ը՝ թեեւ երեկ մաթեմատիկայի մեդալի քննությանը մասնակցում էր 263-ը, քանի որ, անկախ հայոց լեզվի քննության արդյունքներից, շրջանավարտները հնարավորություն ունեն մաթեմատիկայի քննությունը եւս կենտրոնացված կարգով հանձնել, մյուս մեդալակիրների հետ։ Ի դեպ, հայոց լեզվի գնահատականի բողոքարկումից հետո 14 հոգու գնահատական բարձրացվել է մեկ միավորով եւ դա եղել է խիստ վճռորոշ բարձրացում, քանի որ գնահատականը 18-ից դարձել է 19։ Գնահատումից բողոքողների հիմնական դժգոհությունը շարադրության առաջադրանքին է առնչվում։ Ըստ ծնողների բողոքի՝ շարադրության առաջադրանքը հաճախ ցածր է գնահատվել՝ պատճառաբանությամբ, թե միտքը պարզունակ է, բառապաշարը աղքատիկ է, ինչը, որպես գնահատման չափանիշ, շատ սուբյեկտիվ է։ Հենց գնահատման հստակ չափորոշիչների բացակայության պատճառով էլ այս տարի որոշել են բուհերի ընդունելության հայոց լեզվի թեստերից հանել շարադրության առաջադրանքը, սակայն դպրոցի ավարտական քննության թեստերում այն թողել են՝ տեղի տալով շարադրության կողմնակիցների պնդմանը, թե այս առաջադրանքը նպաստում է գրավոր խոսքի, գեղարվեստական մտածողության զարգացմանը։ Սակայն հայտնի է, որ երեխաները շարադրության թեմաները, որոնք հիմնականում դասախոսներն են գրում, պարզապես անգիր են անում։ Հիշեցնենք, որ անցյալ տարի մեդալի հավակնում էր 375 շրջանավարտ, որից 319-ն էր մասնակցել մաթեմատիկայի քննությանը, իսկ հայոց լեզվին՝ 263-ը, սակայն մեդալ ստացավ միայն 157-ը։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել