Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ՀԵՏՈ

Հունիս 04,2002 00:00

ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ՀԵՏՈ Ամեն ինչ սկսվեց 1999թ. օգոստոսի 2-ին, երբ որդին իր հոր՝ Սուրեն Քարամյանի անձնական օգտագործման ԿամԱԶ-54112 մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Աշտարակ ճանապարհին վթարի ենթարկեց Արմեն Համբարձումյանի անձնական օգտագործման ԳԱԶ-24 ավտոմեքենային։ Առաջին հայացքից գուցե թվա, որ 1999թ. մինչ օրս ամեն ինչ պետք է իր տեղը ընկած լիներ։ Սակայն Քարամյանների ընտանիքին սպառնում էին նոր փորձություններ. Եղվարդի ՆԳ բաժնի տարածքից առեւանգվեց Ս. Քարամյանի ԿամԱԶ ավտոմեքենան, իսկ ապա… 2001թ. հոկտեմբերին առեւանգվեց Ս. Քարամյանի անչափահաս որդին։ Վթարից հետո քաղաքացիական հայցով դատարան դիմեց Քարամյանը։ Նրա իրավունքները պետք է պաշտպաներ ներկայացուցիչը՝ փաստաբան Մարատ Գինոսյանը։ «Ամեն ինչ լավ կլինի, մի անհանգստացեք»,- խոստանում էր վերջինս։ Խոստացել է եւ անցել իր «սուրբ» պարտականություններին։ Փաստաբանի ձեռքով փոխվել են հայցադիմումի առաջին 2 էջերը, 3-րդ էջը մնացել է անփոփոխ, որտեղ եւ Ս. Քարամյանի ստորագրությունն էր։ (Խնդիրն այստեղ վստահորդի շահերն անտեսելն է- խմբ.)։ Ավտովթարից վնասվել էր միայն ԳԱԶ 24-ը, վարորդներից եւ ոչ մեկը մարմնական վնասվածք չէր ստացել։ Ըստ դատական փորձագետի կազմած N 5 ակտի՝ վնասը կազմել է 200 հազար դրամ։ Սակայն, չգիտես ինչու, մինչեւ սահմանված գումարի մարման ժամկետի ավարտը, 200 հազար դրամը վերածվում է 1300 ԱՄՆ դոլարի։ 1999թ. օգոստոսի 10-ին Աշտարակի նոտարական գրասենյակում (ի դեպ, նոտար Գագիկ Հակոբյանը եղել է փաստաբանի ընկերը) Ս. Քարամյանը ահաբեկությամբ պարտավորություն է ստորագրում այն մասին, որ իբր ինքը 1300 ԱՄՆ դոլարը 4 ամսվա ընթացքում չվճարելու դեպքում համաձայն է քաղաքացի Արմեն Համբարձումյանի տնօրինությանը հանձնել իր անձնական օգտագործման ԿամԱԶ ավտոմեքենան։ Միաժամանակ նույն օրը խաբեությամբ Ս. Քարամյանի կնոջ՝ Անուշ Քարամյանի կողմից հայտարարություն է վերցվում, որ իբր վերջինս համաձայն է, որ իր ամուսինը վաճառի ԿամԱԶ ավտոմեքենան։ Ի դեպ, գործարքը «վավերացնելիս» Գ. Հակոբյանը գրամատյանում Քարամյաններին ստորագրել եւ անուն-ազգանուն է գրել տվել մեկ անգամ, սակայն կատարել է 2 գործարք։ Փաստորեն, «օրենքի սահմաններում» Ս. Քարամյանի անձնական ավտոմեքենան տրվում է Ա. Համբարձումյանին։ Արդյունքում, օգոստոսի 10-ին օրը ցերեկով Եղվարդի ՆԳ բաժնի տարածքից հերթապահ միլիցիոների աչքի առաջ ԿամԱԶ մեքենան առեւանգվում է։ 2000թ. ապրիլի 26-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Գ. Խաչատրյան) քննելով քաղ. գործն ըստ հայցի Ս. Քարամյանի պարտավորությունը, լիազորագիրը եւ ավտոմեքենայի առուծախը անվավեր ճանաչելու պահանջի մասին, որոշեց նշանակել դատա-ապրանքագիտական փորձաքննություն։ 2000թ. մայիսի 19-ին ՓԿ ապրանքագիտության բաժնի ավագ փորձագետ Ստեփան Միսակյանը կատարելով հետազոտություն գործի հանգամանքների վերաբերյալ, արեց հետեւություն, ըստ որի, «ԳԱԶ-2410 մակնիշի ավտոմեքենան լրիվ վերանորոգվել է եւ, հաշվի առնելով, որ փորձաքննության ենթակա ավտոմեքենան առկա վիճակում վերանորոգված է եւ էականորեն խախտված է ավտոմեքենայի հետվնասվածքային ապրանքային վիճակը, ուստի եւ, ըստ լուսանկարների, ապրանքագիտական տեսանկյունից առաջադրված հայցը հնարավոր չէ պարզաբանել»։ Փորձաքննության արդյունքում Ս. Միսակյանը եկել էր այս եզրակացության, սակայն դատարանում նա հանդես եկավ ցուցմունքով, ըստ որի, «ներկայումս հնարավոր է որոշել վթարի ենթարկված ավտոմեքենային պատճառված նյութական իրական վնասի չափը, սակայն եթե ներկայացված լուսանկարները իրականությանը համապատասխանում են, ապա մասնագիտական ակտում նշված 200 հազար դրամը արտացոլում է միայն վերականգնման գումարը եւ մեքենային պատճառված վնասը կարող է ավելին լինել մասնագիտական ակտում նշված չափից»։ Հայցը մերժվեց նաեւ 2000թ. հոկտեմբերի 18-ին Վերաքննիչ դատարանում, ուր ներկա էր միայն Քարամյանը։ Քարամյանն իր անչափահաս որդու հետ վեճի բռնվեց համագյուղացի Մ. Հարությունյանի հետ, վերջինիցս պահանջելով իր որդու աշխատանքի դիմաց հասանելիք գումարը։ Կատարվածի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ Ս. Քարամյանը եւ Մ. Հարությունյանը ստացել են նվազ ծանր մարմնական վնասվածքներ։ 2000թ. հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանը (դատավոր՝ Յու. Բաղդասարյան) վճռեց ամբաստանյալ Մ. Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրօրի 106 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ուղղիչ աշխատանքների՝ 2 տարի ժամանակով, աշխատավարձի 20%-ի բռնագանձումով։ Ամբաստանյալ Արամ Քարամյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրօրի 106 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտեց ազատազրկման 3 ամիս ժամանակով։ Դատավճռի կատարումը հետաձգվեց 1 տարի ժամանակով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվեց բնակության վայրի ՆԳ բաժնի վրա։ Ս. Քարամյանի բողոքների, դիմումների արդյունքում Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Պողոսյանը պահանջում է ապահովել բռնագանձումը։ Ի վերջո, Հարությունյանի ունեցվածքում գրանցվում է շուրջ 350 հազար դրամի բռնագանձման ապրանք (երեք կովից, որն իբրեւ թե չկար, ի հայտ են գալիս 2-ը)։ Այս անգամ հարկադիր կատարող Է. Միքայելյանը որոշում է 2001թ. սեպտեմբերի 11-ից աճուրդի ներկայացնել Մ. Հարությունյանի ունեցվածքը։ Իսկ մինչ օրս Քարամյանին ոչինչ չի տրվել… ԱՆԱՀԻՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել