Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ մեր աշխատավարձն է պետք

Հունիս 04,2002 00:00

Մեզ մեր աշխատավարձն է պետք ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մեծարգո պրն նախագահ, մենք՝ թիվ 1 մանկական հիվանդանոցի աշխատողներս, համարձակվում ենք Ձեր ուշադրությունը դարձյալ հրավիրել մեր աշխատավարձի շարունակական չվճարման չարչրկված խնդրի վրա։ Մենք, անշուշտ, գիտակցում ենք, ինքներդ էլ արդեն առիթ ունեցել եք այդ մասին հայտարարելու, որ աշխատավարձ բաժանելը նախագահի գործը չէ։ Քավ լիցի, մենք դա չենք էլ պահանջում։ Մենք պարզապես խնդրում ենք, որ Դուք, որպես Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության երաշխավոր, հանձնարարություն տաք պարզելու, թե ուր է կորել մեր աշխատավարձը։ Հարցն այն է, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար պրն Խաչատրյանը հայտնում է, թե իր գլխավորած գերատեսչությունը լիովին հատկացրել է բուժաշխատողներին հասանելիք աշխատավարձը, այնինչ, օրինակ, մենք 2000թ. վերջերից մինչեւ օրս, այսինքն շուրջ մեկուկես տարի, աշխատավարձ չենք ստացել։ Կամ Ձեր կողմից նշանակված ֆինանսների նախարարը ստում է, կամ էլ մեր օրինական հասանելիքը գրպանել են հիվանդանոցի ներկայիս ու նախկին ղեկավարները։ Եթե նկատի ունենանք, որ գրեթե բոլոր բուժհիմնարկներում էլ աշխատավարձի շարունակական չվճարումները սովորական երեւույթ են, ուստի տպավորություն է ստեղծվում, թե վերադաս պաշտոնյաները ջանադրաբար փնտրում եւ հազարավոր ազնիվ ու պարկեշտ բուժաշխատողներից ջոկում ու հիմնարկների ղեկավարներ են նշանակում հատկապես գողերին ու ավազակներին։ Ճիշտն ասած, պրն նախագահ, դժվար է հավատալ, որ բուժհիմնարկների բոլոր ղեկավարներն էլ անխտիր թալանչիներ են, թեեւ առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումները մի այնպիսի շիլաշփոթ են առաջացրել, որ ամեն ինչ էլ հնարավոր է։ Մեր հիմնարկի գլխին կատարված փորձերը դրա ակնառու վկայությունն են։ Դատեք ինքներդ, մինչեւ 2001թ. նոյեմբերը բուժհիմնարկը Բժշկական համալսարանի դուստր ձեռնարկությունն էր, 2001թ. նոյեմբերից մինչեւ 2002թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում գտնվում էր Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո. սույն թվականի ապրիլի 23-ից հիվանդանոցը կրկին վերադարձել է համալսարանին։ Փաստորեն, որոշ պաշտոնյաներ բարեփոխումների քողի տակ չարամտորեն խառնաշփոթ են ստեղծում, որից ամենափորձված սատանան անգամ գլուխ չի հանի։ Այսպես, 2000թ. դեկտեմբերի 5-ին մեր բուժհիմնարկի գլխավոր բժիշկը Գագիկ Ավագյանն էր, 2001թ. ապրիլին տնօրեն է նշանակվում Լեւոն Մովսիսյանը, 2002թ. հունվարի 25-ից նրան փոխարինում է Մարինա Հայրիյանը… Ինչպես երեւում է, բարձր պաշտոնատարներից ոմանք մեր հիմնարկը եւ ողջ առողջապահության համակարգը համարում են որբի գլուխ, որի վրա իրենք ու իրենց ծանոթ-բարեկամները փորձում են վարսավիրություն սովորել, ինչից առաջին հերթին տուժում ենք մենք՝ բուժաշխատողներս, հավասարապես նաեւ մեր բուժօգնության կարիքը զգացող բնակչությունը։ Պրն նախագահ, մենք չենք ցանկանում նորից հիշեցնել մեր սոցիալական անելանելի վիճակի մասին, այլ միայն թախանձագին խնդրում ենք եւ հաստատակամորեն պահանջում, որ Դուք՝ չնայած Ձեր բազմազբաղությանը, ժամանակ գտնեք եւ պատկան մարմիններին կարգադրեք պարզելու՝ իրո՞ք մեզ հասանելիք գումարները կառավարությունը հատկացրել է եւ դրանք յուրացրել են մեր հիմնարկի օրումեջ միմյանց փոխարինող ղեկավարները, թե՞ այդ գումարներն առհասարակ չեն էլ եղել։ Վերջիվերջո, մեզ համար ամենակարեւորը մեր աշխատավարձերն օր առաջ ստանալն է, իսկ մնացածը՝ Ձեր եւ իրավապահ մարմինների գործը։ Թիվ 1 մանկական հիվանդանոցի կոլեկտիվ (36 ստորագրություն)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել