Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ՝ ՀԱՆՈՒՆ ԿԱԹԻ

Հունիս 04,2002 00:00

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ՝ ՀԱՆՈՒՆ ԿԱԹԻ «Գրանդ Քենդին» վնաս է կրել, բայց ոչ իր մեղքով «Իրիս եփելը կամ չեփելը դարձել է հայկական հա՞րց»,- վրդովվեց «Գրանդ Քենդի» ընկերության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը եւ հավելեց, որ դա գործարանի ներքին խոհանոցն է։ Ի գիտություն նշեմ, որ միջազգային, ազգամիջյան, ներազգային եւ հայկական հարցերից զատ, «Առավոտին» հետաքրքրում են նաեւ ներգործարանային հարցերն այնքանով, որքանով դրանք առնչվում են երկրի բնակչության սոցիալ- տնտեսական, առողջական հարցերին, ու նաեւ տվյալ երկրի էկոլոգիական խնդիրներին։ Բանն այն է, որ մեր ունեցած տեղեկությամբ, նախագահամերձ շրջանակներից հայաստանյան մի խոշոր գործարար Ուկրաինայից մեծ քանակությամբ կաթի փոշի է ներկրել Հայաստան։ Այդ նույն գործարարին պատկանող խտացրած կաթի պատրաստման արտադրամասում տվյալ կաթի փոշուց խտացրած կաթ ստանալու համար փոշուն որոշ քիմիական բաղադրիչներ են խառնում։ Ի դեպ, այդ գործարարը վերջերս հայտնի դարձավ նաեւ «Աֆտաբ» ձեթի կեղծման գործով։ Իսկ այս ողջ պատմությանը, ըստ մեր տեղեկության, «Գրանդ Քենդին» առնչվում է այնքանով, որ վերը նկարագրված խտացրած կաթն օգտագործում է իր արտադրությունում։ Ինչը, տիկին Հովհաննիսյանը հերքեց, պնդելով, որ իրենք «թարմ եւ բարձր որակի» կաթ են օգտագործում։ Ի պատասխան մեր հարցադրման, գործարանի տեխնոլոգիական գծով փոխտնօրեն Վալենտինա Գլեբովան պարզաբանեց, որ «եթե կաթի քիմիական ցուցանիշները տարբեր են, չի նշանակում, որ դա անորակ է եւ օգտագործման ոչ ենթակա։ Պարզապես, պատրաստման տեխնոլոգիաներն է պետք փոփոխել»։ Ասվածից հետեւությունները թողնում ենք ընթերցողին։ Ի դեպ, պարզվեց, որ կաթը, մեղմ ասած, ոչ պիտանի էր սերուցքային իրիսի արտադրությունում, քանզի վերջինիս համար հատուկ խտությունը, թթվայնությունը, խոնավությունը եւ այլ պարամետրեր խիստ պահպանել է պետք։ Այսինքն, գիտահետազոտական լուրջ պրոցեսից հետո գործարանի տեխնոլոգներն ի վերջո հայտնաբերել են այդ՝ ձեռքի տակ եղած կաթով սերուցքային իրիս արտադրելու գաղտնիքը։ Սակայն, ըստ Ա. Հովհաննիսյանի, ստացվող իրիսի որակն իրենց չի բավարարում։ Գործարանի գործադիր տնօրենի կարծիքով, «դա խանութում 5-6 օր մնալուց հետո կչորանա», ուստի մասնագետներն այժմ էլ շարունակում են փափուկ պահպանելու գաղտնիքը հայտնաբերել։ Ապա տիկինները սիրահոժար առաջարկեցին շրջել գործարանի արտադրամասերով եւ տասն անգամ լսելու փոխարեն մեկ անգամ տեսնել։ Օբյեկտիվություն պահպանելու համար նշեմ նաեւ, որ, այսպես կոչված, շրջայցից տպավորությունները դրական էին. հատկապես ուշադրություն էր հրավիրում արտադրամասերի ընդհանուր մաքրությունը։ Պատրաստի արտադրանքից բացի, նաեւ հումքերից առաջարկեցին համտես անել։ Մասնավորապես խտացրած կաթից, ինչը, մեծ հաշվով, այցիս մեղավորն էր։ Կաթը սովորական կաթ էր։ Իհարկե, փորձելու ընթացքում ես չէի էլ կարծում, որ իմ համի զգացողությունը բացառիկ է եւ րոպեների ընթացքում կկարողանամ ավելորդ քիմիական բաղադրիչները որոշել՝ բացառապես սեփական զգայական համակարգով։ Ի դեպ, տիկին Գլեբովան շրջելու ընթացքում ցույց տվեց խտացրած կաթի արտադրման ապագա արտադրամասի տեղը։ Փաստորեն, այնուամենայնիվ, տառապանքը փորձ ունի եւ սեփական արտադրությունը սեփական հումքով ապահովելու հեռանկարը ընկերության ծրագրերում է։ Հավանաբար տեղական արտադրողների պատճառով «քաշվելու» դառը փորձից։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930