Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ

Հունիս 04,2002 00:00

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ Երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության նիստի ժամանակ հրապարակվեց գործով տուժողներ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Միրոյանի իրավահաջորդների շահերը պաշտպանող փաստաբանների հայտարարությունը՝ հունիսի 3-ից դատաքննությանն իրենց մասնակցությունը դադարեցնելու մասին: Ո՛չ Տիգրան եւ Մարինա Ջանոյանները, որ պաշտպանում էին Վ.Սարգսյանի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերը, ո՛չ Արամ Կարախանյանը, որը դատարանում ներկայացնում էր Ռ.Միրոյանի իրավահաջորդին, իրենց հայտարարությունը որեւէ կերպ չեն պատճառաբանել: Երեկ նրանք դատական նիստին չէին ներկայացել: Մենք փորձեցինք վերջիններիցս մեկնաբանություններ ստանալ, եւ մեզ հաջողվեց կապվել միայն փաստաբան Արամ Կարախանյանի հետ: Վերջինս նախ նշեց, թե իրենց հայտարարությունը մեկնաբանության կարիք չունի: Իրենք տուժողների շահերն էին պաշտպանում, եւ իրենց վստահորդներն իրավունք ունեին ցանկացած պահի հրաժարվել այդ պաշտպանությունից: Ա.Կարախանյանը միաժամանակ խոստովանեց, թե տուժողների իրավահաջորդներն իրենք են հրաժարվել փաստաբանների ծառայությունից, ինչը վերջիններիս համար անակնկալ է եղել: Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարեվերջին լրատվամիջոցների համար ակնհայտ էր, որ մասնավորապես տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերը ներկայացնող երեք փաստաբանների, իսկ ավելի ճշգրիտ, մի կողմից՝ Տիգրան եւ Մարինա Ջանոյանների, մյուս կողմից՝ ռուս փաստաբան Օլեգ Յունոշեւի, նաեւ նրանց գործողություններում մարտավարության իմաստով որոշակի անհամաձայնություն կար: Այդ մասին ժամանակ առ ժամանակ ակնարկում էին ե՛ւ Ջանոյանները, ե՛ւ Օ.Յունոշեւը: Ժամանակին լրագրողների հետ զրույցների ընթացքում Տ.Ջանոյանն ինքը չէր բացառում այդ տարբերակը՝ ակնարկելով, թե նման նախաձեռնությամբ կարող է նաեւ ինքը հանդես գալ, բայց այն ժամանակ նա միաժամանակ շեշտում էր, թե առայժմ խնդիրն այդպես դրված չէ: Ցավոք, մեզ չհաջողվեց ճշտել, թե տուժողի իրավահաջորդները, իրո՞ք, իրենք են հրաժարվել իրենց շահերը ներկայացնող փաստաբաններից եւ ի՞նչ պատճառաբանությամբ: Հիշեցնենք միայն, որ հիշյալ երեք փաստաբանները ներկայացնում են Փաստաբանների միջազգային միությունը, որը ղեկավարում է Տիգրան Ջանոյանը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել