Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխություն այլեւս չի լինի

Հունիս 04,2002 00:00

Հեղափոխություն այլեւս չի լինի Իշխանափոխություն հնարավոր է ոչ թե «փողոցի», այլ միայն «իշխանության միջանցքների» շնորհիվ։ «Մարդիկ վստահ չեն, որ ընտրությունների միջոցով հնարավոր կլինի հասնել իշխանափոխության։ Ես, որպես քաղաքագետ, դա՛ եմ տեսնում,- վերջին ճեպազրույցում այսպես էր մեկնաբանել ընդդիմադիրների՝ Ռոբերտ Քոչարյանին պաշտոնանկելու նախաձեռնությունը «Ագրոարդյունաբերողներ» խորհրդարանական խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը։- Ես գտնում եմ, որ այս ջղաձիգ քայլերն արվում են մի նպատակով՝ փորձել արտահերթ լուծումներ ի հայտ բերել եւ այդ ուղղությամբ շարժվելով՝ արձանագրել հաջողություններ։ Արտահերթ լուծումների կողմնակից չեմ՝ ընտրություններին մնում է մեկ տարուց պակաս»։ Մինչդեռ հենց Հմայակ Հովհաննիսյանն էր, որպես քաղաքագետ, 2000 թ. օգոստոսին արված մի վերլուծությամբ ապացուցել, որ դեռ շատ երկար ժամանակ Հայաստանի պես երկրներում հնարավոր չի լինելու ընտրությունների միջոցով հասնել իշխանության։ Մեջբերենք հատվածներ այդ վերլուծությունից. «Այսօր բոլոր հետխորհրդային պետություններում քաղաքական գործընթացները թեւակոխել են այնպիսի մի յուրահատուկ փուլ, որը բացառում է հեղափոխական փոփոխություններ։ Ամենուրեք իշխանություններն իրենք իրենց վերարտադրում են՝ իրենց ներսից են ծնում նոր վարչախմբեր։ Եվ դա բնական է՝ վերջին տասնամյակի հեղափոխական ցնցումներից հետո հասարակությունը հոգնել է եւ բնազդաբար խորշում է անկանխատեսելի զարգացումներից։ Այդ իսկ պատճառով, եթե ուշադրություն դարձնենք, բոլոր հանրապետություններում վերջին շրջանում նախագահներն ընտրվում են երկրորդ անգամ, իսկ երբ լրանում է նրանց երկրորդ նախագահության ժամկետը, ինչպես դա եղավ Ելցինի պարագայում, նախապատրաստում են ժառանգորդների։ Պատմությունից հայտնի է, եւ ժամանակակից քաղաքագիտական ուսումնասիրությունները դա դիտում են որպես օրինաչափություն, հեղափոխական ցիկլերը տեւում են 10-12 տարի։ Յուրաքանչյուր այդպիսի ցիկլին հետեւում է ուժասպառության եւ հասարակության կարողությունների դանդաղ վերականգնման երկարաժամկետ շրջան։ Հասարակությունը սկսում է գիտակցել՝ ինչ վնասաբեր հետեւանքների է բերում հեղափոխական գործելակերպը, եւ կյանքի դանդաղ բարելավումը գերադասում է ցանկացած կտրուկ փոփոխությունների միջոցով ինչ-ինչ նպատակների իրականացմանը։ (…) Հեղափոխական փոփոխությունների ժամանակն ավարտվել է, եւ դեռ բավականին երկար քաղաքական փոփոխություններն իրականացվելու են բացառապես իշխանության միջանցքներում։ Դեռ երկար ժամանակ փողոցն ի վիճակի չի լինելու ներազդել այդ միջանցքների անցուդարձին։ (…) Դեռ երկար ժամանակ վարչական ներուժը որոշող դեր է խաղալու ընտրությունների ընթացքում՝ ոչ թե ընտրախախտումների միջոցով, այլ այնպես, ինչպես դա այսօր կա մյուս հետխորհրդային հանրապետություններում։ Որովհետեւ երբ հասարակությունը հոգնած եւ անտարբեր է ընտրությունների նկատմամբ, վարչական ներուժը առանց որեւէ շոշափելի խախտումների կարողանում է ապահովել գործող իշխանությունների համար նպաստավոր արդյունքներ»։ Եվ այսպիսի վերլուծությունից հետո Հմայակ Հովհաննիսյանը դեռ ընդդիմությանը խորհուրդ է տալիս պատրանքնե՞ր տածել ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու հնարավորության վերաբերյալ։ «Առավոտի» այս հարցին պրն Հովհաննիսյանի պատասխանից նախ պարզ դարձավ, որ նա երկու տարի անց էլ չի փոխել իր տեսակետը եւ հեղափոխությունների շրջանը համարում է ավարտված. «Բայց ընտրությունների միջոցով իշխանափոխությունն այն միակ ճանապարհն է, որը պետք է ամրագրի քաղաքական պայքարի այն օրինաչափությունները, որոնք հատուկ են բնականոն, ոչ հեղափոխական զարգացման պայմաններին»։ Այսինքն, այլեւս չի համարո՞ւմ, թե այսուհետ էլ միայն իշխանությունն է ծնելու իշխանություն։ «Իսկ եթե սկսվի միտինգային արհեստական տարերք, եւ մի խումբ մարդիկ փորձեն հասարակության վզին փաթաթել հեղափոխական ուղին, մի՞թե դրանով չեն նպաստելու իշխանության վերարտադրմանը,- հարցին հարցով պատասխանեց Հմայակ Հովհաննիսյանը։- Կնպաստե՛ն»։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել