Լրահոս
Օրվա լրահոսը

46-ԻՑ 22-Ը ՀՀԿ-ԻՑ ԷԻՆ

Հունիս 04,2002 00:00

46-ԻՑ 22-Ը ՀՀԿ-ԻՑ ԷԻՆ 2000 թ. գարնանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկման նախաձեռնությանը միացածների վերաբերյալ առաջին անգամ տվյալներ է բացահայտում ստորագրահավաքի հիմնական կազմակերպիչը՝ ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանը։ Հիշեցնենք, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո առաջին այդ պաշտոնանկման նախաձեռնությունը ծնվեց այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանն իր կարգադրությամբ արգելեց զինդատախազին մասնակցել խորհրդարանական լսումներին։ «Այդ ժամանակ էլ ես ասացի, որ նախաձեռնում ենք նախագահի պաշտոնանկությունը։ Դրանից հետո նախաձեռնությանը միացավ նաեւ «Միասնությունը», որի ղեկավարն այդ ժամանակ Անդրանիկ Մարգարյանն էր,- պատմեց Խորեն Սարգսյանը։- Ե՛վ ՀՀԿ-ն, ե՛ւ ՀԺԿ-ն միասնական էին այդ հարցում, թե պետք է ստորագրահավաք սկսել Քոչարյանին պաշտոնանկելու համար։ Ես էի հավաքում ստորագրությունները, եւ սկզբնական շրջանում նրանք գրեթե բոլորն էլ ստորագրեցին։ Բայց կարճ ժամանակ անց վարչապետի նշանակման հարցն առաջացավ, ու սկսեցին լուրեր շրջել, որ այդ պաշտոնին կարող է նշանակվել Անդրանիկ Մարգարյանը։ Այդ լուրերից անմիջապես հետո ՀՀԿ-ի բոլոր ներկայացուցիչները հերթով մոտենում ու հետ էին վերցնում իրենց ստորագրությունները»։ Փորձեցինք առավել մանրամասներ կորզել. ասենք, թե այդ նախաձեռնությանն ինչպես էր վերաբերվում «Միասնություն» խմբակցության նախկին ղեկավարը. «Անդրանիկ Մարգարյանի հետ բավական ժամանակ սերտ համագործակցում էինք ստորագրահավաքի հարցում։ Նա ասում էր՝ ես կուղարկեմ, եւ մերոնք հերթով կգան ստորագրելու»։ Մեր հարցին ի պատասխան, թե արդյոք նախաձեռնությանը միացե՞լ էր «Միասնության» ներկա ղեկավարը՝ Գալուստ Սահակյանը, պրն Սարգսյանն ասաց. «Նա պատրաստակամություն հայտնել էր ստորագրելու։ Բայց նախ նաեւ Գալուստ Սահակյանի ուղարկածներն էին գալիս ինձ մոտ ստորագրելու, իսկ ինքը սպասում էր, որ վերջում կդնի իր ստորագրությունը։ Նորից եմ կրկնում, որ համաձայնել էր, թե անպայման ստորագրելու է»։ Հիշեցնենք, որ ե՛ւ Անդրանիկ Մարգարյանը, ե՛ւ Գալուստ Սահակյանն այժմ կտրականապես դեմ են արտահայտվում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկմանը։ «Ուրեմն խելոքացել են»՝ նման դեպքերում ասում է վարչապետը։ 2000 թ. հավաքվել էր 46 ստորագրություն, որից 22-կամ 23-ը ՀՀԿ-ից էին՝ բացահայտեց պրն Սարգսյանը. «Իմ կուսակցության անդամներից այդ ժամանակ դիտավորյալ չէի վերցնում ստորագրություն։ Միայն ես ու Նորիկ Պետրոսյանն էինք ստորագրել։ Մտադիր էինք մյուսների ստորագրությունները պահել որպես պահեստային տարբերակ։ Բայց 46 ստորագրություն հավաքելուց հետո անմիջապես սկսվեց ստորագրությունները հետ վերցնելու գործընթացը»։ Նման փոփոխությունը նա այսպես մեկնաբանեց. «Մարդիկ շատ շուտ են կաշառվում՝ մանավանդ պաշտոնով։ Երեւի աթոռը քաղցր բան է։ Եթե Անդրանիկ Մարգարյանը չդառնար վարչապետ՝ պաշտոնանկման հարցն օրակարգում կլիներ դեռ 2000 թ., գուցե գտներ իր լուծումը եւ երկիրը երկու տարի առաջ դուրս կգար այս ճգնաժամից»։ Օրերս Ռոբերտ Քոչարյանն էլ անդրադարձավ իրեն պաշտոնանկելու փորձերին՝ դրանք անվանելով «անլուրջ մարդկանց անլուրջ հայտարարություններ»։ Արմավիրի մարզ այցելության ավարտին նախագահն այս առնչությամբ նաեւ ասաց. «Ինչքան ավելի շատ հետաքրքիր ծրագրեր ենք իրականացնում, այնքան ավելի կատաղի ձեւով են փորձում նման հարցադրումներ առաջ քաշել։ (…) Այդ մարդկանց նպատակն է՝ տարբեր խարդավանքներով ու ճանապարհներով խանգարել նկատվող բոլոր դրական տեղաշարժերը, քանզի նրանք համարում են, որ այդ ամենը հօգուտ նախագահ Քոչարյանի է արվում եւ, իհարկե, որքան վատ լինի, նույնքան վատ կլինի ինձ համար։ Աստված իրենց հետ։ Ես մի բան գիտեմ. որ մարդ ինչ քայլեր էլ անում է, չպետք է երկրին կամ գոնե մեկ քաղաքացու վնաս բերի»։ Այս ամենի առնչությամբ Խորեն Սարգսյանն ասաց. «Կուզենայի իմանալ՝ այդ ո՞ր «հետաքրքիր» ծրագրերի մասին է խոսքը՝ «Պապլավոկում» մեկ քաղաքացու վնաս տալո՞ւ, «27»-ի՞, արտագաղթի՞, սպանությունների աճի՞, ծնելիության անկմա՞ն… Ի՞նչն է համարում նկատելի դրական տեղաշարժ։ Կուզենայի, որ այս հարցի պատասխանը նա փորձեր գտնել ինքն իր համար։ Շատ կուզենայի գոնե մեկ այդպիսի դրական տեղաշարժ տեսնել։ Ես ցավ եմ ապրում, որ արտասահմանից իր իսկ հրավիրած մարդիկ, որոնք եկել էին մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համաժողովին, հայտարարում են, թե միակ աճը, որին ականատես եղան Հայաստանում, հյուրանոցի դիմաց հավաքված անբարոյական կանանց թիվն էր»։ Նշենք, որ մեջբերումը ՍԴՀԿ ատենապետ, Սիրիայի քաղաքացի Տիրան Ակինյանի խոսքից է։ «Սա՞ է դրական տեղաշարժը։ Ինչքան էլ մեր հայրենակցից վիրավորվեմ այս բնորոշման համար՝ սա՛ է իրականությունը։ Մի առումով էլ աճ կա՝ կաշառքի չափերն էլ են մեծացել։ Այդ տեղաշարժը նկատում ենք»,- եզրափակեց պրն Սարգսյանը։ Ի դեպ, պաշտոնանկման նախաձեռնության համար հիմք հանդիսացած «27»-ի ԱԺ հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ Խորեն Սարգսյանը մի տեղեկություն էր հայտնել, թե ավազակային հարձակման համար դատապարտված մի ռուս էր Կոշի գաղութում հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ միայն հաստատել, թե Նաիրի Բադալյանին իրոք խոշտանգել են. «Ես խցում նստած լսում էի, որ միջանցքներում նրանց ծեծում էին»։ Խորեն Սարգսյանը հետաքրքրվել էր, թե մտադի՞ր չէ տեղափոխվել ՌԴ, եւ կալանավորը բացահայտել էր. «Այո, ինձ արդեն խոստացել են»։ Պատգամավորը համոզված է, որ այդ աջակցությունից հետո խոստումն անպայման կատարած կլինեն։ Գագիկ Կոստանդյանն ԱԺ-ում հանձնաժողովի հաշվետվության ժամանակ պնդեց, որ չեն ուսումնասիրել ինչպես կազմակերպիչների առկայության, այնպես էլ բացակայության մասին վկայող փաստերը։ Պրն Սարգսյանը, որ ինքն էլ այդ հանձնաժողովի անդամ է, սա բացատրում է իրենց իրավասությունների շրջանակների նեղացմամբ. «Մոռացե՞լ եք, թե ինչպես էին դաշնակցականները մեզ պահակային ծառայության կարգավիճակով օժտել՝ ամեն մեկիս մի տեղ էին նշանակում. մեկին՝ դռան մոտ, մյուսին՝ զուգարանի… Հանրային հեռուստատեսության լրագրողը կարող էր հարց բարձրացնել ԱԺ հանձնաժողովի առջեւ, թե ինչու չեք կանչում Ալեքսան Հարությունյանին ու Նաիրի Բադալյանին, որ լսեք նրանց, եւ դա արվում էր։ Բայց ես պահանջում էի լսել ԱԺ-ի բժշկին ու բուժքրոջը, ձգձգում էին, ասում էին, թե մեր իրավասությունների մեջ չէ, ու մեկ տարի հետո նոր ստացանք պատասխանը։ Կամ պահանջում էի պարզել, ի վերջո՝ Տիգրան Նազարյանն ԱԱՆ փոխգնդապե՞տ է՝ մինչ օրս պարզ չէ։ «Մեր իրավասությունների մեջ չէ»՝ էլի պատասխանում էին, երբ խնդրում էի պարզել՝ ինչո՞ւ է կատարվածից ընդամենը մեկ ամիս առաջ Տիգրան Նաղդալյանն աշխատանքից ազատել ռեժիսոր Գուրգեն Պետրոսյանին, որն էր միշտ նկարահանում ԱԺ-ի եւ կառավարության հարցուպատասխանը։ Բայց Նաիրի Բադալյանի կամ ուրիշ մեկի ասածով ինչ-որ կալանավորի հանդիպելը մտնո՞ւմ էր մեր իրավասությունների մեջ»։ ԱԺ մեծամասնությունն այժմ փաստարկ է դարձրել, թե «27»-ի հանձնաժողովի եզրակացությունից չի բխում Քոչարյանի պաշտոնանկման խնդիրը, քանի որ նրա գործողությունների վերաբերյալ ուսումնասիրություններ չեն արվել։ «Բայց ինչպե՞ս չի բխում,- զարմացավ պրն Սարգսյանը։- Չէ՞ որ մեր եզրակացության մեջ նշել ենք, որ եթե պետության անվտանգությունն ապահովող մարմիններն իրենց պարտականությունները լիարժեք կատարեին՝ այդ ահաբեկչությունը կարող էր կանխվել։ Ի՞նչ են ուզում ասել, որ Ռոբերտ Քոչարյանը մեր երկրի անվտանգության երաշխավորը եւ պատասխանատո՞ւն չէ։ Կա՞ ուրիշ մեկը»։ Վերջում փորձեցինք նաեւ պարզել. նախագահին պաշտոնանկ անելու հարցի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար ՍԴ դիմելու որոշման նախագծի ներքո Խորեն Սարգսյանն անհատապե՞ս է ստորագրել, թե՞ որպես ՀԿԿ քարտուղար եւ բյուրոյի անդամ՝ նաեւ կուսակցության անունից. «Ես ստորագրել եմ իբրեւ պատգամավոր ու «Հոկտեմբերի 27»-ի հանձնաժողովի անդամ»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930