Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ, ԵՐԲ ՓՈԽՎԵՑ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

Հունիս 04,2002 00:00

ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ, ԵՐԲ ՓՈԽՎԵՑ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը «Ազդակ» ակումբում հանդիպելով նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, խոսեց խորհրդարանական անցած եռօրյայում «Հոկտեմբերի 27»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության, դրանից բխած ընդդիմադիր քաղաքական ուժերի մի քանի ներկայացուցիչների կանոնակարգային առաջարկության, նաեւ՝ «Քրեական օրենսգրքի» մասին։ Սկսելով վերջից, նշենք, որ Վիկտոր Դալլաքյանը խիստ հետաքրքիր տեղեկություն հաղորդեց։ Քրեական նոր օրենսգիրքը գտնվում է ԱԺ եռօրյա նիստերի օրակարգում։ Սա՝ ի թիվս այլ կարեւոր փոփոխությունների, ներառում է նաեւ մահապատժի հարցը։ Վիկտոր Դալլաքյանը նախ հիշեցրեց, որ աշխարհում չկա որեւէ երկիր, որտեղ մահապատիժը վերացված լինի հանրաքվեի միջոցով։ Հասարակությունը միշտ կողմ է եղել մահապատժի պահպանմանը։ Քրեական նոր օրենսգրքում ամրագրված են հետեւյալ դրույթները. «Մահապատժի վերացման վերաբերյալ սույն օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչեւ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն (սա «27»-ի վրա տարածվում է- Մ. Ե.), տեռորիստական ակտ (սա նույնպես տարածվում է- Մ. Ե.), մանկահասակ աղջկա բռնաբարություն»։ Վերջին կետը առաջին վերապահումն է, հաջորդը հետեւյալն է՝ օրենսգրքում գրված է, որ սույն օրենսգիրքը ուժի մեջ է մտնում առանձին օրենքով։ Սա իրավաբանության մեջ ընդունված պրակտիկա է։ Վիկտոր Դալլաքյանը բացատրեց. «Եթե մենք ընդունում ենք Քրեական օրենսգիրքն առանց մահապատժի, ապա, քանի որ նշել ենք, որ նա առանձին օրենքով պետք է գործողության մեջ դրվի, ապա այդ առանձին օրենքը կարող է ընդունվել, օրինակ՝ 3010 թվականին»։ Օրենսգրքում նշված է նաեւ, որ «Հոկտեմբերի 27»-ի հանցագործների նկատմամբ ներում եւ համաներում չպետք է իրականացվի։ Ընդունենք, այս բոլոր վերապահումները, որոնք տեղ են գտել Քրեական նոր օրենսգրքում, ընդունվեն, սակայն, միաժամանակ վավերացվի հայտնի 6-րդ արձանագրությունը (մահապատժի մասին), ապա՝ մահապատիժը չի տարածվի «Հոկտեմբերի 27»-ի հանցագործների վրա։ Մի հետաքրքիր նկատառում եւս։ Վիկտոր Դալլաքյանը նշեց. «Եթե այս պահին մենք փորձենք վավերացնել 6-րդ արձանագրությունն առանց «Քրեական օրենսգրքում» մահապատիժը հանելու, ապա դա կհակասի ՀՀ Սահմանադրության 17 հոդվածին եւ միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետին»։ Կարծում ենք, ասվածը պարզ է եւ պետք է որ ընկալելի լինի նույնիսկ այն պատգամավորներին, ովքեր, Վիկտոր Դալլաքյանի բնորոշմամբ, դպրոց կամ մանկապարտեզ չեն գնացել։ Թեպետ, արժե հիշեցնել, որ վերոհիշյալ վեցերորդ արձանագրությունը եւս զերծ չէ վերապահումներից, այն է՝ պետությունը կարող է իր օրենսդրության մեջ մահապատիժ նախատեսել միայն պատերազմի ժամանակ կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի դեպքում կատարած գործողությունների համար։ Եվրախորհրդի անդամ 44 երկրներից 36-ն արդեն ստորագրել է այս վերապահումների վերացման վերաբերյալ։ Վիկտոր Դալլաքյանը կրկնեց իր եւ հիմնականում բոլորիս տեսակետը, որ «27»-ը կատարողները պետք է ենթարկվեն մահապատժի, եւ պետք է լինի օրենք մահապատժի կիրառման մասին։ Վերադառնանք անցած շաբաթ խորհրդարանը ալեկոծած (եւ ոչ միայն խորհրդարանը) նախագահ Քոչարյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու առաջարկին, որը, ըստ ՀՀ օրենք կանոնակարգի, հնչելու պահից մտել է եռօրյայի օրակարգ։ Նույնիսկ եթե ԱԺ նախագահը չհայտարարի, թե հարցը մտել է օրակարգ, ըստ կանոնակարգի 22 հոդվածի 4-րդ կետի, հարցն արդեն օրակարգում է. «Արմեն Խաչատրյանը կասի, թե չի ասի, հարցն արդեն օրակարգում է։ Եվ երբ Ղուկաս Ուլիխանյանը փաստաթուղթը հանձնեց Տ. Թորոսյանին (ի դեպ, եթե նույնիսկ եզրակացության տեքստը չընթերցվեր, այլ բաժանվեր, հարցն արդեն կմտներ ԱԺ օրակարգ), հարցը մտավ օրակարգ»։ Հնարավոր վիճաբանությունների, մեծամասնության ընդդիմության եւ այլնի վերաբերյալ Վիկտոր Դալլաքյանը առայժմ որեւէ բան չուզեց ասել, սահմանափակվեց «կապրենք մինչեւ երկուշաբթի» արտահայտությամբ։ Որոշ դիտարկումներ եղան, թե «27»-ի հանձնաժողովի եզրակացությունից ամենեւին չէր բխում նախագահի պաշտոնանկության պահանջը։ Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ. «Վիճարկվում է 22 հոդվածի 4-րդ կետի գոյությունը, եւ կան մարդիկ, ովքեր դպրոց չեն գնացել, ասում են՝ բա «ԱրմենՏելի» հանձնաժողովի եզրակացությունից էլ կարո՞ղ է բխել նախագահի պաշտոնանկության հարցը»։ Եթե «ԱրմենՏելի» եզրակացության մեջ նշված լիներ, որ «ԱրմենՏելի» գործողության արդյունքում վտանգված է ՀՀ անվտանգությունը, իսկ Սահմանադրության 49 հոդվածում նշված է, որ անվտանգության երաշխավորը ՀՀ նախագահն է, ապա պատգամավորը իրավունք կունենա հանդես գալ նման եզրակացությամբ, իսկ ԱԺ-ն կորոշի՝ նման եզրակացությունը հի՞մք է ՍԴ դիմելու համար»։ Վերջում հավելենք, որ Վիկտոր Դալլաքյանը կարծես իրեն այնքան էլ միամիտ մարդ չի համարում, այլ բոլորովին հակառակը, իսկ «միամիտ են նրանք, ովքեր լոռեցիներին միամիտ են համարում»։ Դո՛ւք ասացիք։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930