Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԿԼԻՆԵՆՔ ԴԻՄԵԼ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ»

Հունիս 01,2002 00:00

«ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԿԼԻՆԵՆՔ ԴԻՄԵԼ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ» «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության խորհուրդը» դիմել է ՀՀ Ազգային ժողովին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատին: Դիմումը ներկայացնում ենք որոշ կրճատումներով: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ճանաչել է «յուրաքանչյուրի՝ կարծիք ունենալու եւ դրանք արտահայտելու ազատությունը» որպես «մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության եւ հավասար ու անօտարելի իրավունքի ճանաչումն աշխարհում»։ Այս իրավունքը ներառում է «կարծիքներն առանց միջամտության ունենալու, անկախ պետական սահմաններից տեղեկատվություն ու գաղափարներ փնտրելու, լրատվություն ցանկացած միջոցով ստանալու եւ տարածելու ազատությունը»։ Որպես Միավորված ազգերի կազմակերպության «ժողովուրդ ու անդամ պետություն», մենք պարտավորվել ենք ապահովել Հռչակագրում ամրագրված «կարծիքի ու դրանք արտահայտելու ազատության» իրավունքի ճանաչումն ու պահպանումը։ «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» օրենքը ՀՀ-ի առաջին օրենքներից է, ընդունվել է 1991թ. հոկտեմբերի 8-ին, որով Պետության բոլոր լրատվամիջոցներն «ազատ են, գրաքննության չեն ենթարկվում», «օժանդակում են մտքի, խոսքի, բազմակարծության ազատությանը» (հոդվ. 2, հոդվ. 3)։ Կարեւորելով Մարդու իրավունքների իրավական պաշտպանությունը, որպեսզի մարդը «հարկադրված չլինի դիմելու ապստամբության ընդդեմ բռնակալության ու ճնշման՝ որպես վերջնական միջոցի», նույն ժողովուրդը 1995թ. հուլիսի 5-ին ընդունած Սահմանադրությամբ «կարծիքի ու դրանք արտահայտելու» ազատությունը ճանաչել է որպես մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունք (Սահմանադրություն, հոդվ. 24), որոշել է, որ «Պետությունն ապահովում է Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության եւ օրենքների հիման վրա՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան» (Սահմանադրություն, հոդվ. 4): Պետությունը 1991թ. միացել է Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, իսկ 2002թ.՝ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային: Պետությունը որպես Կոնվենցիայի «բարձր պայմանավորվող կողմ», իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար պարտավորվել է ապահովել ազատորեն արտահայտվելու իրավունքը՝ ներառյալ «սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության» (Կոնվենցիա, հոդվ. 1, հոդվ. 10)։ Ընդունելով, որ այս իրավունքը բխում է «մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից» Պետությունը որպես «Դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն, պարտավորվում է ցանկացած անձի համար, որի՝ սույն Դաշնագրով ճանաչվող իրավունքները կամ ազատությունները խախտված են, ապահովել արդյունավետ իրավական պաշտպանություն, անգամ եթե այդ խախտումը կատարած լինեն պաշտոնապես գործող անձինք» (Դաշնագիր, հոդվ. 2, կետ 3, հոդվ. 19)։ Հարգելի՛ Ազգային ժողով, հարգելի՛ պատգամավորներ, հարգելի՛ վճռաբեկ դատարան։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը 2002 թ. ապրիլի 2-ի որոշումով եւ Տնտեսական դատարանի դատավոր Նախշուն Տավարածյանն իր 25.04.02 վճռով միջամտել են «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունների աշխատակիցների (այսուհետեւ՝ Լրագրողներ), նրանց տասնյակ հազարավոր հեռուստադիտողների (այսուհետեւ՝ Սպառողներ) ազատորեն կարծիք հայտնելու իրավունքին։ Հակառակ Լրագրողների կամքի, Սպառողները զրկվել են «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունների (այսուհետեւ՝ Ընկերություն) միջոցով գաղափարներ եւ տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունից։ Հանձնաժողովը եւ դատարանը մեր անօտարելի իրավունքի «օտարումը» կատարել են, ինչպես իրենք են չքմեղանում, մնալով իբր Պետության օրենքի եւ օրենսդրության շրջանակներում։ Հանձնաժողովի անդամները իրենց պաշտոնեական դիրքը հակառակ ծառայական շահերի դիտավորյալ կերպով շահադիտական օգտագործել են, որն առաջացրել է իհարկե ծանր հետեւանքներ տասնյակ Լրագրողների ու բազմահազար Սպառողների համար։ «Ա1+»-ի հայցը մերժելու մասին տնտեսական դատարանի վճիռն ակնհայտ անարդար էր ու ապօրինի։ 2000թ. հոկտեմբերի 24-ին Ազգային հանձնաժողովը ընդունել է Հեռուստատեսության եւ ռադիոյն մասին օրենքը (այսուհետեւ՝ Օրենք)։ Օրենքը նորից երաշխավորել է «հեռուստահաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը», արգելել «հեռուստահաղորդումների գրաքննությունը» (Օրենք, հոդված 4) եւ «պետական իշխանության մարմինների, պետական պաշտոնյաների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների գործունեությանը միջամտելը (Օրենք, հոդվ.19)։ Նման պետական մարմին՝ Հանձնաժողով՝ «անկախ մարմին՝ պետական հիմնարկի կարգավիճակով, որի գործունեությունն առնչվում է միայն «մասնավոր հեռուստաընկերությունների արտոնագրման եւ վերահսկողության հետ» (Օրենք, հոդվ. 37), Սահմանադրությամբ նախատեսված չէ (Սահմանադրություն, հոդվ.2)։ Հանձնաժողովի 37-րդ հոդվածի ա, բ, գ, դ, ե, զ, է կետերով որոշված գործառույթները գործադիր իշխանության իրավասությունն են։ Սահմանադրությամբ «գործադիր իշխանությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Սահմանադրություն, հոդվ. 85)», կառավարությունը «կառավարում է պետական սեփականությունը» (Սահմանադրություն, հոդվ. 89)։ Եթերը նույնպես պետական սեփականություն է, իսկ Հանձնաժողովը Օրենքով ոչ միայն կառավարության կազմում չէ, այլեւ անկախ է գործադրից։ Սահմանադրությամբ «կառավարությունը միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ապահովման ուղղությամբ» (Սահմանադրություն, հոդվ. 89)։ Նման լիազորություններով Հանձնաժողովը կառավարությանը դարձրել է անպատասխանատու, կրավորական դարձրել նրան իր Սահմանադրական պարտականությունների կատարման նկատմամբ։ Հանձնաժողովի 37-րդ հոդվածի ը, թ կետերով որոշված գործառույթները դատական են։ Սահմանադրությամբ «արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է» (Սահմանադրություն, հոդվ.91, 92)։ Այսպիսի գործառույթներով պետական (իշխանության) մարմինը հենված չէ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների տարանջատման Սահմանադրությամբ պահանջվող սկզբունքի հիման վրա (Սահմանադրություն, հոդվ.5)։ Օրենքով որոշված են արտոնագիր ստանալու համար ներկայացվող պահանջները (Օրենք, հոդված 49). բոլորը կա՛մ տեխնիկական, կա՛մ սոսկ ձեւական պահանջներ ու պայմաններ են, որոնք բացառում են (պիտի բացառեն) Հանձնաժողովի կողմից որեւէ միջամտություն, որեւէ գրաքննություն։ Օրենքով որոշված են նաեւ արտոնագիր տալը մերժելու հիմքերը (Օրենք, հոդված 51)։ «Ա1+» եւ «Նոյյան Տապան» ընկերություններին արտոնագիր չտալու (տալը մերժելու) օրինական հիմքեր հանձնաժողովը չուներ. ընկերությունները կարող էին Օրենքով լինել արտոնագրատեր, նրանց դիմումում նշված տվյալները համապատասխանում են իրականությանը, նրանք՝ որպես գործող հեռուստաընկերություններ, ունեն բոլոր տեխնիկական հնարավորությունները։ Օրենքի պահանջն է. «Ազգային հանձնաժողովը ըստ անհրաժեշտության, բայց տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է հաճախությունների ամբողջական ցանկը եւ հայտարարում ազատ (չզբաղեցրած) հաճախությունների մրցույթ, ամեն տարվա սկզբում սահմանում է մրցույթի անցկացման կարգը, պայմանները եւ ժամկետները՝ ելնելով եթերային հաճախությունների առկա վիճակից» (Օրենք, հոդվ. 48)։ 2001թ-ին հաճախությունների ամբողջական ցանկը եւ ազատ հաճախությունների մրցույթ հանձնաժողովը չի հայտարարել, իսկ 2002թ. հունվարի 11-ին հրապարակած հեռարձակման համար նախատեսված եթերային հաճախականությունների ցանկը ոչ միայն լրիվ չէ։ Պետության Կապի նախարարը ստիպված եղավ հայտարարել, որ Պետության եթերի շատ կապուղիներ զբաղեցված են առանց Օրենքով որոշված արտոնագրման՝ դրանք փաստացի ազատ կապուղիներ են։ Հանձնաժողովը գործել է կամայական՝ ոչ թե առկա բոլոր ազատ հաճախությունների համար հայտարարել մեկ մրցույթ՝ Օրենքի 49-րդ հոդվածով որոշված պահանջները բավարարող ընկերություններին հատկացնելով հեռուստահեռարձակման կապուղիներ, այլ յուրաքանչյուր կապուղու համար հանձնաժողովը հայտարարել է առանձին՝ անօրինական մրցույթ, իսկ մի շարք հաճախություններ պահել քաղաքական առեւտրի համար՝ ամռանը կամ աշնանը տրամադրելու նպատակով։ Զբաղվելով ինքնիրավչությամբ՝ Հանձնաժողովը գործել է ու որոշումներ կայացրել որպես գրաքննող մարմին, ընկերությունների տասնյակ հազարավոր սպառողների իրավունքները ոտնահարել։ Արտոնագրատիրոջ ընտրության՝ Օրենքով որոշված պայմանները (Օրենք, հոդված 50) հանձնաժողովի ինքնիրավչության պատճառով հակասության մեջ են մտել ընկերությունների սեփականության, տնտեսական գործունեության ազատության Սահմանադրական իրավունքների հետ (Սահմանադրություն, հոդված 8)։ Հեռուստահեռարձակման իրավունքի նման լիցենզավորմամբ ոչ միայն չի երաշխավորված Սպառողների՝ հեռուստահաղորդումների ազատ ընտրության ու տարածման իրավունքը, այլեւ Ազգային հանձնաժողովը դարձել է գրաքննող մարմին՝ զրկելով Սպառողներին հեռուստահաղորդումներ եւ լրացուցիչ տեղեկատվություն ազատ ընտրելու իրավունքից (Օրենք, հոդվ. 4)։ Այսպիսի լիցենզավորմամբ պետական Հանձնաժողովը, նրա միջոցով՝ իշխանության մարմինները հեռուստաընկերությունների գործունեությանը միջամտելու հնարավորությունից են օգտվել՝ զրկելով ընկերություններին ինքնուրույնությունից, ինչն արգելված է Օրենքով (հոդվ. 19)։ Այսպիսի լիազորություններով Հանձնաժողովը ամբողջությամբ տիրում է եթերը ու անարգել տնօրինում խոսքի ու տեղեկատվության յուրաքանչյուրիս ազատությունը։ Այսպիսի լիազորություններով հանձնաժողովը գործում է ընդդեմ Սահմանադրական կարգի՝ քաղաքական պատվերով կամ անձնական շահագրգռությամբ սնանկացնելով ցանկացած ընկերության։ Հեռուստահեռարձակման ոլորտում նենգափոխվել է ազատ տնտեսական մրցակցության գաղափարը։ «Նոյան Տապան» եւ «Ա1+» մասնավոր, իրենց անաչառ տեղեկատվությամբ հանրահայտ ընկերությունների հիմնադիրները եւ Լրագրողները տնտեսական գործունեություն են ծավալել, մուծել են բոլոր հարկերը, ստեղծել են տասնյակ ու տասնյակ աշխատատեղեր, մասնագետներ պատրաստել, ծավալել իրենց ձեռնարկը՝ (օրինակ՝ «Ա1+»-ը ստեղծել է «Համասփյուռ» ցանց, հեռուստալրագրողի պատրաստության բարձրագույն դպրոց), ձեռք բերել մասնագիտական գույք, ապահովել իրենց Սպառողին անաչառ տեղեկատվությամբ ու… հանկարծ, մեկ օրում, Հանձնաժողովի կամայականությամբ դարձել սնանկ, ավելորդ։ Պետական մարմին «ազգային հանձնաժողովը» սնանկացրել է «Նոյան Տապանի» եւ «Ա1+»-ի սեփականատերերին ու Լրագրողներին՝ գործելով նրանց՝ Սպառողների Սահմանադրական իրավունքների դեմ (Սահմանադրություն, հոդվ. 8, 16, 24, 29)։ Դատարանը «հանկարծ մոռացել է», որ «Ա1+»-ի եւ Հանձնաժողովի վեճը պիտի լուծեր «Սահմանադրության, օրենքների եւ դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերի հիման վրա» եւ եթե Պետության «միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր կամ այլ իրավական ակտեր, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը» (Քաղ-դատ-օր., հոդվ. 10, կետ 1, 2)։ Կանոնակարգ-օրենքը ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, ակնհայտ հակասում է Սահմանադրությանն ու Օրենքին։ Այս կանոնակարգով Հանձնաժողովը ոչ միայն ստացել է նոր լիազորություններ, որ չունի Օրենքով, այլեւ ձեռք բերել նոր կարգավիճակ։ Այս Կանոնակարգով նենգափոխվել է Օրենքը այնպես, որ Հանձնաժողովը դարձել է ինքնիշխան՝ անկախ Օրենքից ու գործել ընդդեմ անձանց անօտարելի՝ հիմնական իրավունքների ու ազատությունների, որպես «կարգավորող անկախ պետական մարմին, որն օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորում եւ հսկում է մասնավոր հեռուստառադիոընկերությունների գործունեությունը» (Կանոնակարգ, հոդվ. 1), որն «ՀՀ օրենսդրությանը համապատասխան, սահմանում եւ իրականացնում է մասնավոր հեռուստառադիոընկերությունների գործունեության լիցենզավորման եւ վերահսկողության քաղաքականությունը» (Կանոնակարգ, հոդվ. 24), որն «ընդունում է նորմատիվ իրավական ակտեր» (Կանոնակարգ, հոդվ. 23)։ Պետությունը (Հանձնաժողովը, դատարանը, Ազգային ժողովը) իրավական պետության մեջ կոչված են մեր իրավունքների պաշտպանությունը ապահովելու։ «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունների միջոցով արտահայտվելու եւ տեղեկատվություն ու գաղափարներ ստանալու մեր իրավունքն անտեսված է Հանձնաժողովի ու Դատարանի կողմից։ Մենք՝ անկախ, անաչառ, բազմակարծություն ապահովող հեռուստաընկերությունների Սպառողներս, օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու ենք խոսքի եւ տեղեկատվության ազատության մեր իրավունքը այնքան ժամանակ, քանի դեռ «Նոյյան Տապանն» ու «Ա1+»-ը նորից չեն հայտնվել եթերում։ Իշխանությունը, որը խախտում է մեր անհատական-անօտարելի իրավունքը՝ դառնում է անօրինական։ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին, Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովի կանոնակարգ օրենքները, տնտեսական դատարանի (դատավոր՝ Ն. Տավարածյան)՝ «Ա1+»-ի հայցը մերժելու մասին վճիռը հակասում են Սահմանադրությանը։ Հարգելի պատգամավորներ, պատգամավորների առնվազն մեկ երրորդով դիմեք Սահմանադրական դատարան՝ օրենքի ու Կանոնակարգ-օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու համար։ Հարգելի վճռաբեկ դատարան, իրականացրեք արդարադատություն եւ որպես վերադաս դատարան՝ բեկանեք տնտեսական դատարանի դատավճիռը։ Գործեք որպես օրինական իշխանություն։ Մենք չենք հանդուրժի անօրինական իշխանություն ու «հարկադրված կլինենք դիմելու ապստամբության ընդդեմ բռնակալության ու ճնշման»։ Փաստաթուղթը բաց է ստորագրման բոլոր կուսակցությունների, կազմակերպությունների ԶԼՄ-ների ու քաղաքացիների համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել