Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ

Հունիս 01,2002 00:00

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ Ինչ է կորցրել՝ ինչ է ման գալիս Սովորաբար հայաստանցի պրոդյուսերներն ու դերասաններն են ֆիլմերի համար ամերիկաներում հովանավորներ փնտրում։ Սակայն մեր պատմության հերոսը՝ ամերիկաբնակ Հարություն Սաղրյանը, որոշել է հակառակ ձեւով վարվել. որքան էլ տարօրինակ է, նա, օգտագործելով «Հայաստան-Սփյուռք» համաժողովի առիթով հայրենիք գալը, բոլոր ջանքերը գործի է դրել հայաստանցի հովանավոր ունենալու համար։ Թեեւ Հ. Սաղրյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ Սփյուռքն է Հայաստանի մեծագույն դրամագլուխը։ Բայց, չգիտես ինչու, հայրենիքի հովանավորներն են նրան գրավում։ Պարզվում է, որ նա պրոդյուսերն ու գլխավոր դերակատարներից մեկն է Ամերիկայում նկարահանված «Ալիսիա» գեղարվեստական ֆիլմի։ Հ. Սաղրյանը իր կյանքի նպատակն է համարում ծառայությունն արվեստին, մասնավորապես կինոարվեստին։ Նրա ֆիլմում նկարահանվել են Լոս Անջելեսում բնակվող մեզ հայտնի անուններ՝ հայաստանցի դերասաններ Ալլա Թումանյանը, Լեւոն Շարաֆյանը, Րաֆֆի Դանիելյանը, Արթուր Իսրայելյանը, Ալեքսանդր Խաչատրյանը եւ Մարիամ Վարդանյանը։ Գլխավոր դերում նկարահանվել է Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նախկին դերասանուհի Լուսինե Սարգսյանը։ Ֆիլմի վերաբերյալ նա ասաց հետեւյալը. «Նկարահանել ենք ամենաարդիական միջոցներով, իմ ֆինանսական ներդրումով։ Ամերիկային մեջ սա մանր բյուջետային ֆիլմ կհամարվի։ Մանրամասնեմ՝ եթե ամերիկյան ֆիլմերուն վրա կծախսվի, օրինակ, 40 մլն դոլար, սա ֆիլմի վրա ներդրած եմ շուրջ 1 մլն։ Ֆիլմի ռեժիսորն է Սարքի Մուրադյանը, որը ձեզ հայտնի է «Մուսա լեռան 40 օրը», «Սիրո խոստում», «Սասունի զավակներ», «Երջանկության արցունքներ» նկարներից։ Նա նաեւ սցենարի եւ երգերի հեղինակն է։ «Ալիսիայի» սյուժեն առնված է իրական կյանքից, ընտանեկան մելոդրամ է։ Ուզում եմ նշել օպերատորների՝ Ջիմմի Ուիլյամսի եւ նրա հայուհի կնոջ՝ Թերեզա Նելսոնի պրոֆեսիոնալ աշխատանքը։ Կարեւոր գործ մը արած է նաեւ ռեժիսորի օգնական Սոնա Այվազյանը։ Հիմա գնում են ֆիլմի մոնտաժային աշխատանքները եւ ավարտելուն պես պրեմիերաները նախատեսած ենք միաժամանակ Լոս Անջելեսում եւ Երեւանում։ Հայաստանում կփնտրեմ ֆիլմի պրեմիերայի համար հովանավոր՝ պետական մասշտաբով։ Ինձ դրամ հարկավոր չէ, հովանավորը գաղափարակից է, ինչու չէ, ճամփա ցույց տվող եւ քաջալերող»։ Փաստորեն, ֆիլմում նկարահանված դերասանական բույլը հայրենիքում՝ Հայաստանում ուսում ստացած, ժամանակին տարբեր թատրոններում աշխատած, մեզ մոտ ֆիլմերում նկարահանված պրոֆեսիոնալ դերասաններ են։ Կարծես կարդալով մեր միտքը, սկսեց մի փոքր մենախոսություն. «Հայ մարդն իր հայրենիքում արդեն տարիներ շարունակ զրկված է աշխատելու ամենատարրական, ինչպես նաեւ կյանքի իրավունքից։ Նայեք ձեր շուրջը, կան ծայրահեղ հարուստներ եւ ծայրահեղ աղքատներ, միջին խավ չկա։ Սա կստեղծի ներքին լուրջ անկայունություն, կպառակտվի ազգը։ Դատեք ինքներդ, այս ֆիլմի երեք ամիսների աշխատանքի դիմաց, այս պահին չեմ հիշեր, թե ով՝ ինչքան, բայց դերասանները վճարվել են 2000-5000 դոլար։ Կկարծեմ՝ պետք չէ շարունակել մեկնություններ ընել։ Ցավով պիտի ըսեմ, որ Հայաստանն այսօր կհիշեցնե անեկամուտ ընտանիքի, որը կգոյատեւի՝ վաճառելով ունեցվածքը եւ պարտք մուրալով։ Կրկնում եմ՝ ցավով կըսեմ, բայց… Կենցաղի հարցերը չպետք է ճնշեն արվեստագետներուն։ Ամեն ինչ պիտի ընել պահպանելու, ամրապնդելու հայ մարդուն, արվեստագետին, նրա ընտանիքը, վերջինիս բարեկեցությունն ու արժանապատվությունը։ Պահպանել է պետք հայերուս մասին գոյություն ունեցող դրական համբավը՝ իբրեւ բարոյական բարձր նկարագրի տեր ազգ։ Լոս Անջելեսում ունեմ նկարչական արվեստի գալերեա՝ ART-X, որի պատասխանատուն է տաղանդավոր արվեստագետ, գեղանկարչուհի Սուսաննա Սեւոյանը՝ դարձյալ Հայաստանից։ Ձեզի կհասկնամ, բայց դուք էլ հասկցեք, որքան ճիշտ են գերմանացի հրապարակախոս Արնդտի խոսքերը. «Հիրավի բարին ու գեղեցիկը, որ ստեղծում է արվեստագետը, չեն մեռնում», սակայն ստեղծելու, արարելու համար պետք է ապրել, չէ՞…»։ Ընթերցողին տեղեկացնենք, որ Հարություն Սաղրյանը Լոս Անջելեսի Հայ գրողների միության ատենապետն է, հիմնադիր խմբագիրը այնտեղ լույս տեսնող «Մասիս», «Նավասարդ», «Հայբուժակ», «Անդաստան» պարբերականների, Նյու Յորքի գիտության ակադեմիայի անդամ եւ Կալիֆոռնիայի նահանգի Լավերն քաղաքի համալսարանի բժշկական էթիկայի եւ փիլիսոփայության դոկտոր։ Նա Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից պարգեւատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել