Լրահոս
Օրվա լրահոսը

Նորածնի կյանք՝ 7000$-ով

Հունիս 01,2002 00:00

Նորածնի կյանք՝ 7000$-ով Սոցիալական ապահովության նախարարության Ընտանիքի հիմնահարցերի վարչության աշխատակից Լենա Հայրապետյանի տվյալներով, միայն 2001թ. Հայաստանից 161 որդեգրում է կատարվել (որից 40%-ը՝ ազգակցական տիպի որդեգրում) թե՛ օտարերկրացիների եւ թե՛ տեղացիների կողմից։ 161-ից 42 երեխա որդեգրել են օտարերկրացիները (հիմնականում՝ սփյուռքահայեր)։ Որդեգրում մասնավորապես կատարվում է մանկատներից, նաեւ բուժհիմնարկներից (ծննդատներ)։ Որդեգրող թեկնածուները հաշվառվում են (ըստ կանոնակարգի) սոցիալական ապահովության նախարարությունում։ Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ից ժամանած սփյուռքահայ ամուսիններ ցանկացան երեխա որդեգրել։ Նրանք հետաքրքրվելով դիմել էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի հիվանդանոց (մանրամասները՝ մեր թերթի հետագա համարներից մեկում կհրապարակենք), սակայն հիվանդանոցի տնօրենը սփյուռքահայ ամուսիններից 7000 դոլար էր պահանջել, իբրեւ թե բուժհիմնարկի բարենորոգումների համար։ Քիչ անց այս ամուսիններին ասվել է, իբր գոյություն ունի երեխաների աջակցության հիմնադրամ։ Սոցիալական ապահովության նախարարության աշխատակիցը, որը նույնպես տեղյակ էր այս դեպքի մասին, ասաց, որ դեռեւս այդ հիմնադրամը չի ստեղծվել, միայն կառավարության մակարդակով նման խոսակցություն կա։ Սակայն, եթե անգամ հիմնադրամ լինի, բարեգործն ինքն է որոշում որքան բարեգործություն կատարի եւ ոչ թե դրամաչափ է ասվում եւ պարտադրվում։ Գաղտնիք չէ, որ մանկատներից եւ բուժհիմնարկներից երեխաների որդեգրումների համար դրամ են պահանջում, այլ կերպ ասած, փաստորեն, մարդկային կյանք են վաճառում։ Եվ անգամ, եթե ասված գնին որդեգրողը չհամաձայնի, ապա չեն տա կամ գին կգցեն։ Գնի հարցում համաձայնության չգալու դեպքում, երեխան, բնականաբար, կրկին կմնա կամ կուղարկվի մանկատուն՝ անորոշ ճակատագրի քմահաճույքին… Որդեգրողները կարող են ապահովել, խնամել, ջերմ ընտանիք պարգեւել այդ երեխային, որից հրաժարվել են իր ծնողները… Սակայն մեր հայրենակիցները առիթը բաց չեն թողնում փող աշխատել անգամ այդ՝ անպաշտպանի կյանք վաճառելու գնով… Սփյուռքահայ այս ամուսինների դեպքը ցնցել էր շատերին եւ այդ իսկ պատճառով է նախարարության մակարդակի հասել։ Այժմ, ինչպես ասվեց սոցիալական ապահովության նախարարությունից, հարցը գրեթե լուծված է եւ որդեգրումը հաշվառված է։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել