Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ ԿՐՈՆԻ ՊԵՍ ԲԱՆ Է»

Հունիս 01,2002 00:00

«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ ԿՐՈՆԻ ՊԵՍ ԲԱՆ Է» Կամ բացասական հետադարձ կապ «Պոլիտեխնիկցու կինը մտածում է, թե ամուսինը սիրուհու մոտ է, սիրուհին մտածում է՝ կնոջ մոտ է, իսկ խեղճ պոլիտեխնիկցին նստած գծագիր է անում»: Պոլիտեխնիկցուն բնորոշ այս անեկդոտը հիշեց սեպտեմբերի 11-ին գրանցված «Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի (Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի) շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պոլիտեխնիկցի Էդվարդ Սանդոյանը՝ միության երեկ կազմակերպած շնորհանդեսին: Իհարկե, պատմություններն ու անեկդոտները պոլիտեխնիկցիների մասին շատ-շատ էին, բայց նախ նշենք, որ միությունը ստեղծվել է մի կողմից միավորելու «Պոլիտեխնիկի» բոլոր շրջանավարտներին, մյուս կողմից նպաստելու բուհի միջազգային ճանաչմանը: Միության առաջնային խնդիրներից է՝ արտաքին ֆինանսական աղբյուրներ գտնել համալսարանի զարգացման ծրագրերին աջակցելու համար: Համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանն այս առնչությամբ բերեց շրջանավարտներից մեկի՝ ամերիկյան «Լեդա Սիսթեմս» ծաղկուն ընկերության նախագահ Վահրամ Մուրադյանի օրինակը: Վերջինս ստեղծել է իր մասնաճյուղը Հայաստանում եւ 20 մլն ներդրում է կատարել՝ սարքավորումների, ծրագրային գործիքների ձեւով: Հարկ է նշել նաեւ «Արմենալ»-ի (նախկին «Կանազ») հետ ուսումնական եւ գիտական համագործակցության մասին, ըստ որի մասնագետներ պետք է պատրաստվեն ձեռնարկության համար, չեղած մասնագիտացումներն էլ պետք է ստեղծվեն: Միության ստեղծումը ապացուցում է Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանի այն համոզումը, թե պոլիտեխնիկցիներն ամենահամախմբված ուսանողներն էին (դրա պատճառն, ըստ նրա տղաների, գերակայությունն էր) եւ հիշեց իրենց նվագախմբի միակ վալսը, որով կարողանում էին միշտ առաջին տեղը գրավել: Ի դեպ այս նվագախումբը, այժմ «Մելոմաններ» անվանմամբ, այսօր էլ, ըստ իս, մրցակից չունի Հայաստանում: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ի տարբերություն մյուս զրուցակիցներիս, պոլիտեխնիկցի է այնքանով, որ արդեն 5 տարի ամեն կիրակի առավոտյան ինստիտուտի մարզադահլիճում ֆուտբոլ է խաղում եւ լողում լողավազանում, բայց ավարտել է ԵՊՀ պատմության եւ իրավաբանության ֆակուլտետները: Եվ անկեղծորեն համեմատեց 2 բուհերի ուսանողներին. «Ճշգրիտ մասնագիտությունների ներկայացուցիչները մշտապես պրագնոզներ անելու առումով ավելի առաջադեմ են եւ ավելի ազատամիտ, իսկ հումանիտարնիկներն ավելի կաղապարված են որոշակի սկզբունքներով», եւ հայտնեց իր համոզմունքը, ըստ որի՝ պոլիտեխնիկի ու ԵՊՀ-ի տեխնիկական կրթություն ունեցող աղջիկները ամենաազատամիտներն են: Ըստ Արա Երնջակյանի, պոլիտեխնիկցիներն ամենահնարամիտներն են, սակայն հին սերունդը միանշանակ տարբերվում է նորից՝ իր ընդգծված ռոմանտիզմով ու լիաթոք ապրելու կարողությամբ, «պոլիտեխնիկը կրոնի պես բան էր, այստեղ հավաքված մարդիկ մի ընդհանուր գաղափարի տեր էին»: Ինստիտուտի պրոռեկտոր Խաչիկ Խաչատրյանը, որ երկու գիրք է նվիրել պոլիտեխնիկցիներին, առանձնացրեց մի միջադեպ. «Նախկին ռայկոմներից մեկի մի բյուրոյի ժամանակ քննարկվում էր պոլիտեխնիկի ցածր առաջադիմության հարցը, եւ օրինակ բերվեց գեղարվեստաթատերական ինստիտուտի բարձր առաջադիմությունը: Եվ պրոռեկտորը փորձել է արդարացնել իր ուսանողներին՝ պատմելով, որ ինքը գնացել է գեղարվեստաթատերական ինստիտուտ, բացել մի լսարանի դուռ եւ գրկախառնված մի զույգի է հանդիպել համբուրվելիս եւ երբ հարցրել է՝ ի՞նչ եք անում, պատասխանել են՝ էտյուդ: Ու հավելել է՝ եթե մեր ուսանողներին էլ նման էտյուդներ տան, բոլորը գերազանց կստանան»: Ըստ ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանի այս ինստիտուտը նախկինում էլ, հիմա էլ (նրա 2 որդիներն այստեղ են սովորում), ամենամաքուրն է՝ ուսանող-դասախոս հարաբերությունների իմաստով: 16 տարի ինժեներական եւ 14 տարի քաղաքական գործունեություն ծավալելուց հետո Հ. Խաչատրյանը խոստովանում է, որ 2 դեպքում էլ հենվել է իր ինժեներական կարողությունների վրա: Իսկ ավելի կոնկրետ՝ նա հենվել է մի դրույթի վրա, որ կոչվում է բացասական հետադարձ կապ, մարդկային լեզվով ասած՝ երբ չափից ավելի ձգտումները զսպվում են՝ նրա բացասական հետեւանքների առումով: Եվ ընդհանրացրեց՝ «Պոլիտեխնիկցիներն են փրկելու Հայաստանը»: Հենց այս կոնտեքստում եւ ի գիտություն պրն Խաչատրյանի նշենք, որ պոլիտեխնիկցի են նաեւ Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը (որին է ի դեպ շնորհվել միության առաջին վկայականը եւ որը շնորհանդեսի հրավերը թողել էր անպատասխան), վարչապետ Ա. Մարգարյանը, պետեկամուտների նախարար Ե. Զախարյանը, արդարադատության նախարար Դ. Հարությունյանը, էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանը, գյուղատնտեսության նախարար Դ. Զադոյանը, ԱԺ փոխնախագահները, շատ պատգամավորներ ու շատ գործարարներ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել