Լրահոս
Օրվա լրահոսը

Մնա՞լ, թե՞ չմնալ

Հունիս 01,2002 00:00

Մնա՞լ, թե՞ չմնալ 90-ականներից սկսած արտագաղթի հոսքը մեզ մոտ գնալով ավելանում է։ Մարդիկ կյանքի դժվար պայմաններին չդիմանալով՝ իրենց բախտը որոնում են այլ երկրներում։ Փոքրիկ շրջայցի սահմաններում փորձեցինք պարզել, թե ուսանողները ինչպես են իրենց ապագան պատկերացնում մեր երկրում եւ կմեկնեի՞ն, արդյոք, հնարավորության դեպքում։ Կարեն Հակոբյան, մանկավարժական համալսարան, պատմության ֆակուլտետ. – Կմեկնեի հնարավորության դեպքում՝ այնտեղ աշխատանք գտնելու նպատակով։ Բայց ես սիրում եմ Երեւանը եւ մի քանի տարի ապրելուց հետո կվերադառնայի։ Իսկ առայժմ այստեղ ապագան դժվարությամբ եմ պատկերացնում։ Քրիստինա Մխիթարյան, Մ. Մելքոնյան համալսարան, ժուռն. ֆակուլտետ. – Շատ տխուր եմ պատկերացնում, զգում եմ, որ այստեղ ապագա չկա, հնարավորության դեպքում անպայման կմեկնեմ արտասահման՝ աշխատելու, բայց հետո երեւի կվերադառնամ։ Մետաքսյա Շահբազյան, մանկավարժական համալսարան, ձեռնարկության ֆակուլտետ. – Լավ եմ պատկերացնում։ Ես սիրում եմ Երեւանը եւ մեծ հաճույքով կապրեմ այստեղ, բայց հնարավորության դեպքում կմեկնեմ, մի քանի տարի կաշխատեմ ու կվերադառնամ։ Գրիգոր Աճեմյան, մանկ. համալսարան, ինդուստրիալ ֆակուլտետ. – Ես իմ ապագան պատկերացնում եմ դրսում եւ հնարավորության դեպքում հաճույքով կմեկնեի եւ այնտեղ էլ կապրեի։ Գեղեցիկ Ասատրյան, մանկ. համալսարան, ժուռն. ֆակուլտետ. – Եթե հնարավորություն լիներ, երեւի ժամանակավոր կմեկնեի, որովհետեւ դրսում զարգանալու միջոցներ, հնարավորություններ կան, իսկ այստեղ դեռեւս ապագա չեմ տեսնում, կարծես ամեն ինչ կանգնած, մեռած լինի։ Գոհար Հովհաննիսյան, մանկ. համալսարան, տարրական դասարանների դասավանդում. – Երեւանում հնարավոր չէ ապրել, ես այստեղ ապագա չեմ տեսնում, իսկ արտասահմանում աշխատանք կա, իմ կարծիքով այնտեղ ավելի լավ կլինի։ Վարդուհի Ավագյան, մանկավարժական համալսարան, ժուռն. ֆակուլտետ. – Այո՛, ես կմնամ Հայաստանում, չէ՞ որ դա մեր երկիրն է եւ մենք պարտավոր ենք ապրել այստեղ եւ սրանից վատ մեզ մոտ չի լինի։ Իմ կարծիքով, եթե աշխատանք լինի, ապագա էլ կլինի։ Արմեն Քոչարյան, մանկ. համալսարան, պատմաիրավագիտական ֆակուլտետ. – Ապագան շատ դժվարությամբ եմ պատկերացնում, կմեկնեի հնարավորության դեպքում, աշխատանք գտնելու, փող վաստակելու նպատակով։ Բայց մի քանի տարի ապրելուց հետո երեւի կվերադառնայի։ Նելլի Տերտերյան, Ակունցի անվան քոլեջ. – Իմ ապագան շատ լավ եմ պատկերացնում։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի եւ ինչքան էլ դժվար լինի, չեմ մեկնի։ Ծովինար Մոսոյան, Մ. Մելքոնյան համալսարան, ժուռն. ֆակուլտետ. – Շատ լավ եմ պատկերացնում, բայց եթե այստեղ դժվար լինի, կմեկնեմ աշխատելու նպատակով եւ որոշ ժամանակ ապրելուց հետո կվերադառնամ։ Իմ կարծիքով, սրանից դժվար էլ չի լինի։ Ինչպես տեսնում եք, մեծամասնությունը կմեկնի, բայց վերադառնալու նպատակով։ Տեսնես մեկնելուց հետո ո՞ր մեկը իր խոսքի տերը կլինի։ Զրուցեցին ԱՆՆԱ ԳԶԻՐՅԱՆԸ եւ ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել